HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպան Կարինե Դանիելյան. «Բոլոր բնական աղետները բնության պատասխանն են մարդկությանը»

Բնապահպաններ Կարինե Դանիելյանը և Սիլվա Ադամյանը հունվարի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում խոսեցին Հայաստանի տաք ձմռան հետևանքով առաջացած անտառային հրդեհների և մարդկային գործոններով պայմանավորված կլիմայական փոփոխությունների մասին։

Կարինե Դանիելյանի խոսքով ջերմաստիճանի միջին բարձրացումը արդեն ֆիքսված է՝ 0.5-0.6, եթե ջերմաստիճանի փոփոխությունը հասնի 2℃-ի, հետևանքներն անդառնալի կլինեն։

«ՄԱԿ-ի տվյալներով բնական աղետների պատճառը միայն կլիմայական փոփոխությունները չեն, պատճառն ընդհանուր դիսբալանսն է։ Հայաստանի ամբողջ գործունեությունը, քաղաքաշինությունը պետք է վերանայվի, հատկապես՝ հանքաարդյունաբերությունը, որը մեծ վտանգ է Հայաստանի համար»,- նշեց Կարինե Դանիելյանը։

Սիլվա Ադամյանի խոսքով աշխարհում ընդունված մոտեցում է, որ մարդու՝ բնական ռեսուրսների շահագործումը բերել է կլիմայական փոփոխությունների, բայց կան գիտնականներ, որոնք այն կապում են Երկրի միջուկի փոփոխության հետ։ Գիտնականերն ասում են, որ Երկրի միջուկը պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների, ինչը կլիմայի փոփոխման պատճառ է դառնում։

«Մենք՝ որպես բնապահպաններ, ավելի շատ հակված ենք խոսել մարդկային գործոնի մասին։ Ոչ ոք չէր պատկերացնի, որ մենք ձմռանը կունենանք հրդեհ, որովհետև կլիման այնպիսին էր, որ ձմեռներն ավելի ձնառատ էին, և ջերմաստիճանը ավելի ցածր, ոչ մի տարի այդպիսի բան չէր եղել։ Դա ակնհայտ խոսում է այն մասին, որ մենք ունենք լուրջ փոփոխություններ։ Ես լսել եմ պատկան մարմինների ելույթները կլիմայական փոփոխությունների մասին, նրանք այս ամենին լրջություն չեն տալիս։ Նույնիսկ խոսում են այն մասին, որ ոչինչ, եթե որևէ կենդանատեսակ անհետանա ՀՀ-ից, ոչ մի սարսափելի բան չի լինի»,- նշեց Սիլվա Ադամյանը։

Բնապահպանների կարծիքով հրդեհներին նպաստում է բարձր ջերմաստիճանը, խոնավության պակասը, ինչպես նաև՝ մարդկային գործոնը։ Նախորդ տարվա հրդեհների թիվը հստակ նշել չեն կարող, սակայն այն գերազանցում է անցյալ տարիների ցուցանիշներին։

«Մենք մի նոր փուլ ենք մտել, որտեղ մոլորակը փորձում է ազատվել մարդկությունից՝ որպես մի տեսակի, որը խախտում է բնական գործունեությունը։ Բոլոր բնական աղետները բնության պատասխանն են մարդկությանը»,- ասաց Կարինե Դանիելյանը։

Նրա կարծիքով միջազգային փորձը կիրառելիս պետք է հաշվի առնել, թե դա մեզ մոտ որքանով է կիրառելի։ Փոքր հէկերը էկոլոգիական տեսանկյունից աշխարհում ընդունված դրական երևույթներ են, իսկ մեր գետերը դրանց հարմարեցված չեն, սեզոնային են, ինչը պետք է հաշվի առնել։

Հայաստանի համար առաջատար խնդիրներից մեկը անտառներ տնկելն ու դրանց աճին հետևելն է։ Նախորդ տարի տնկվել են մեծ թվով ծառեր, բայց միայն տնկելը բավարար չէ, պետք է հաշվի առնել այն տարածքը, որտեղ տնկվում են ծառերը, որպեսզի դրանք հետագայում դառնան անտառ։

Լուսանկարում ձախից՝ Կարինե Դանիելյան, Սիլվա Ադամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter