Որդեգրումներ․ ինչի մասին են վկայում տվյալները
«Հայաստանի երկու քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը, կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեք տասնյակից ավելի երեխաների որդեգրումներ՝ Իտալիայի քաղաքացիների կողմից»։ Այս մասին 2019 թվականի նոյեմբերի 14-ին հայտնեց Ազգային անվտանգության ծառայությունը։
Կալանավորվեցին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Նրանց, «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, Անուշ Գարսանցյանին մեղադրանք առաջադրվեց քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 -րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք)։ Դատարանի որոշմամբ՝ այս անձինք գրավի դիմաց ազատ արձակվեցին։
«Հետքն» ուսումնասիրել է վերջին 10 տարիներին Հայաստանից որդեգրումների վերաբերյալ տվյալներ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որդերգման վիճակագրությունից մի քանի ուշագրավ փաստեր։
1․ Սխալներ, խմբագրումներ եւ անհամապատասխանություն պետական վիճակագրությունում
Վերջին 10 տարիներին Հայաստանից որդեգրված երեխաների վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տրամադրած տվյալները չեն համընկնում։ Ըստ նախարարության` որդեգրվել է 634 երեխա, իսկ ըստ ԱՎԿ-ի՝ 849 երեխա։ Այս թվերի միջև տարբերությունը 215 է, որը զուտ թիվ չէ, այլ հարյուրավոր երեխաների առանձին ճակատագրեր։ Երկու պետական մարմինների վարած վիճակագրությունն ըստ տարիների դիտարկելիս՝ ամենամեծ տարբերությունը նկատվում է 2010 և 2011 թվականին։
«Հետքը» փորձեց պարզել, թե ինչն է որդեգրված երեխաների վերաբերյալ վիճակագրության նման անհամապատասխանության պատճառը։ Ազգային վիճակագրական կոմիտեից մեզ հայտնեցին, որ որդեգրումների մասին իրենց տեղեկատվության աղբյուրը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը հանդիսանում է տվյալ ոլորտի վարչական լիազորությունների տիրապետող մարմին, հետևաբար և վարչական ռեգիստր: Նախարարությունը տվյալներն ԱՎԿ-ին է տրամադրում կիսամյակային պարբերականությամբ: Եթե Ազգային վիճակագրական կոմիտեն նախարարությունից ստացել է տվյալներ, որոնք հետագայում փոփոխության են ենթարկվել նախարարությունում, հնարավոր է՝ որոշ տվյալներ խմբագրվել են հետին ամսաթվով։
«Ձեր դիտարկումը, որ ինչ որ մի տեղ եղել է նաև որոշակի այլ տիպի միջամտություն, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետև կարծում եմ, որ նման գնահատական կարող են հնչեցնել իրավապահ մարմինները՝ որոշակի աշխատանք կատարելուց հետո»,- ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ «Հետքի» հետ զրույցում։
Նա նշեց, որ վիճակագրության անհամադրելիությունը նույնպես պատճառ է հանդիսացել, որ նախարարությունը կասկածի տակ դնի որոշ որդեգրումների օրինականությունը և դիմի օրինապահ մարմիններին։ «Թվերի տարբերությունը մեզ նույնպես մտահոգում էր, որովհետև թվերը նաև վերահսկողության միջոց են, և երբ դրանցում կա խնդիր, պարզվում է, որ իրավիճակի վերահսկողությունը ամբողջական չէ»,- ասում է Անդրեասյանը։
Ըստ փոխնախարարի՝ այս պահին նախարարությունն աշխատում է տվյալների հավաքագրման և մշակման առավել ճշգրիտ, արդյունավետ լուծումների վրա։
2․ Օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մեծ մասն առողջական խնդիրներ է ունեցել
Մինչև 2016 թվականն Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները չեն առանձնացնում որդեգրված երեխաների առողջական վիճակը։ 2016-2018թթ-ի տվյալների վերլուծությամբ հասկանում ենք, որ օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մեծ մասը համարվել են առողջական խնդիր ունեցող։ Այլ երկրներ որդեգրված երեխաների 86 տոկոսն իբրև ունեցել են առողջական խնդիրներ, իսկ 14 տոկոսը՝ ոչ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի քաղաքացիների կողմից որդեգրված երեխաների 78 տոկոսը եղել է առողջ, իսկ 22 տոկոսը՝ առողջական խնդիր ունեցող։
3․Որդեգրված երեխաների մեծ մասը մինչեւ 6 տարեկան են
Որդեգրել ցանկացող ծնողները նախընտրել են փոքր տարիքի երեխաներ։ Որդեգրված Հայաստանի քաղաքացի հանդիսացող երեխաների 85 տոկոսը 0-6 տարեկան են․ 124 երեխա 6 ամսականից 1 տարեկան, 311 երեխա՝ 1-6 տարեկան։ Մնացած տարիքային խմբերը չնչին տոկոս են կազմում։
Տվյալների այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանից որդեգրված երեխաները հիմնականում եղել են միայնակ մայրերի զավակներ կամ ունեցել են ծնողներ։ Ավելին՝ որդեգրումների գործընթացը կազմակերպող պետական կառույցները նախապատվությունը տվել են օտարերկրացի որդեգրողին։ Երեխաների մեծ մասն ուղարկվել է Իտալիա և ԱՄՆ։ Այլ երկրներ ուղարկվող երեխաների մեծ մասը համարվել է առողջական խնդիր ունեցող։ Պետությունը չի հետաքրքրվել որդեգրված երեխաների ճակատագրով։
Մեր հարցմանը, թե արդյո՞ք որևէ վերահսկողություն իրականացվում է օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների հետագա կարգավիճակի վերաբերյալ, Արտաքին գործերի նախարարությունից պատասխանել են, որ իրենք արտերկրում որդեգրված ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաներին հսկելու գործառույթ չունեն: Նույնանման պատասխան ենք ստացել նաև Արդարադատության նախարարությունից, որում նշվում է, որ իրենք որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ անմիջական վերահսկողություն չեն իրականացնում: «Որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվում են համապատասխան երկրի իրավասու մարմինների կամ հավատարմագրված կազմակերպությունների աշխատակիցների կողմից նշված երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով»,- պարզաբանել է արդարադատության նախարարությունը։
4․ Առաջնահերթությունը միշտ տրվել է օտարերկրյա որդեգրողին՝ անտեսելով օրենքը
Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես ապրող ՀՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու:
Ըստ ԱՎԿ տվյալների՝ վերջին 10 տարիներին որդեգրել ցանկացողների 48 տոկոսը (1361 մարդ) եղել են Հայաստանի, իսկ 52 տոկոսը (1493 մարդ)` օտարերկրյա քաղաքացիներ (12:13 հարաբերակցություն): Չնայած դրան՝ երեխա որդեգրած անձանց 18 տոկոսն է (116 մարդ) միայն եղել Հայաստանի, իսկ 82 տոկոսը (518 մարդ)` օտարերկրյա քաղաքացիներ (9:41 հարաբերակցություն)։
Այսինքն՝ որդեգրող թեկնածուները գրեթե հավասարապես եղել են և Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներ, սակայն, անտեսելով օրենքը, առաջնահերթությունը միշտ տրվել է օտարերկրացի որդեգրողներին։
5․ Օտարերկրացիների կողմից որդեգրված երեխաների մեծ մասին որդեգրել են Իտալիայից եւ ԱՄՆ-ից
2008-2018 թվականներին օտարերկրյա որդեգրումների մոտ 50 տոկոսը (434) կատարվել է Իտալիայի, իսկ 45 տոկոսը՝ (391) ԱՄՆ քաղաքացիների կողմից։ Այս երկու ուղղություններով որդեգրումների աննախադեպ բարձր ցուցանիշը տարիներ շարունակ չի անհանգստացրել պատկան մարմիններին։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ երեխաներ են որդեգրվել նաև Ֆրանսիայի (37), Շվեյցարիայի (7), Կանադայի (6) և Գերմանիայի (3) քաղաքացիների կողմից։
6․ Որդեգրված երեխաների մեծ մասը Երեւանից է
Վերջին 10 տարիներին որդեգրված երեխաների 60 տոկոսը Երևանից է։ Նրանց մեծ մասը որդեգրվել են «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ից, որի տնօրեն Լիանա Կարապետյանի հանդեպ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը կամ փոխելը։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
7․ Որդեգրվել են ծնողներ ունեցող երեխաները
2008-2018թթ-ին որդեգրված երեխաների 44 տոկոսը եղել է միայնակ մոր երեխա, 30 տոկոսն ունեցել է երկու ծնող, իսկ 20 տոկոսը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են։ Այսպիսով, որդեգրման քաղաքականությունը ոչ թե ուղղված է եղել ծնող չունեցող կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ապահովելուն, այլ միայնակ մայրերի կամ բազմազավակ ընտանիքների երեխաներին որդեգրման հանձնելուն։
Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Մոդ դե Բյոր-Բուքիքիոն դեռ 2015 թվականին անդրադարձել էր Հայաստանում երեխաների որդեգրման գործընթացում առկա չարաշահումներին․ «Որդեգրման գործընթացներում կատարվող իրավախախտումները, որոնք ներառում են նաև անօրինական որդեգրման նպատակով երեխաների վաճառքի դեպքեր, շարունակում են մնալ հիմնական մտահոգությունը երկրում»,- նշել էր նա:
(շարունակելի)
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել