
Հայաստանում միլիոնավոր նոր ծառերի տնկման հնարավորություններն ու առկա ռիսկերը
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի ու ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ջանքերով վերջերս Հայաստանում անցկացվեց «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով միջոցառումը: Գագաթնաժողովի մասնակիցների թվում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Քենիայի «Կանաչ գոտի» շարժման, «Woods Hole» գիտահետազոտական կենտրոնի, KKL- JNF իսրայելական ազգային հիմնադրամի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնության» ներկայացուցիչներ, այլ տեղական և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:
Միջոցառման բացումը կատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ոգեշունչ ելույթում խոստանալով մինչև 2050 թվականը կրկնապատկել Հայաստանի անտառածածկույթը և կոչ անելով ողջ ազգաբնակչությանը ներգրավվել 2020 թվականին նախատեսվող ծառատնկման լայնածավալ աշխատանքներում:
Քննարկելով ոլորտում առկա բազում մարտահրավերները՝ անտառտնտեսությունների մասնագետները կիսվեցին իրենց փորձով և ներկայացրեցին առաջարկություններ, որոնք էապես կարող են նպաստել Հայաստանի անտառածածկույթի կտրուկ ընդլայնման գործընթացին: Վերոնշյալ հավակնոտ ծրագրերի իրականացման հաջող ընթացքն ապահովելու նպատակով մենք փոխանցում ենք այս առաջարկություներն ու գաղափարները ՀՀ կառավարությանն ու համապատասխան նախարարություներին:
Առաջին և ամենակարևոր առաջարկն ու հորդորը հետևյալն է՝ զերծ մնալ ոչ բնիկ ծառատեսակներ ներկրելուց և տնկելուց: Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Էնթոնի Դեյվիսն իր ելույթի ժամանակ նշեց հետևյալը. «Շատ կարևոր է ուսումնասիրել տվյալ ծառի կամ բուսակի գենետիկ կազմը, քանի որ որևէ մեկը չի ցանկանում կորցնել հայկական բնաշխարհում հազարամյակներ շարունակ գոյատևած այդ ծառերի գենետիկ ժառանգությունը»:
KKL-JNF իսրայելական ազգային հիմնադրամի անտառագետ Դոկտոր Օմրի Բոննեհը ևս հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ: Իսրայելական ազգային հիմնադրամն անտառվերականգնման ուղղված իր առաջին քայլերը սկսել էր Կենտրոնական Եվրոպայից տնկիներ և արմատակալներ ներկրելուց, որոնք, սակայն, հետագայում պարզվեց հարմարեցված չէին Իսրայելի բնակլիմայական պայմաններին: Հիմնադրամն այնուհետև որդեգրել է այլ գործելակերպ՝ արդյունքում գրանցելով տնկիների աճի և բազմացման բարձր ցուցանիշ:
Գիտությունների ազգային ակադեմիայի, Բուսաբանության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի գիտնականներն ու ոլորտի մասնագետները ժողովի ընթացքում իրենց մտահոգությունն արտահայտեցին ներկրված տնկիներից Հայաստանի էկոհամակարգ ներթափանցող հնարավոր ինվազիվ բուսատեսակների, ինչպես նաև միջատների, սնկերի և բույսերի այլ հիվանդություններ ռիսկերի առնչությամբ:
25-ամյա գործունեության ընթացքում, « Էյ Թի Փի»-ն բազմացնում է տնկիներ Հայաստանում հիմնած իր 4 տնկարաներում, իսկ մի մասն էլ՝ գործընկեր տնամերձ տնկարաններում: Հիմնադրամը մինչ այժմ տնկել է միայն էնդեմիկ ծառատեսակներ, որոնք աճեցվում և վերջնական տնկման վայր են տեղափոխվում տվյալ տեղանքին կից գտնվող «Էյ Թի Փի»-ի տնկարաններից, առավելագույն բարձր կպչողականության մակարդակ ապահովելու և էկոհամակարգերը չվնասելու համար:
Երկրորդ առաջարկությունը խառն անտառների տնկումն է, որպեսզի հնարավորություն ստեղծվի ձեռք բերել ավելի առողջ և կենսաբազմազանությամբ հարուստ անտառներ:
Դոկտոր Բոննեհը իր ելույթում նշել է, որ «հարկավոր չէ տնկել միայն սոճու անտառներ»՝ կրկին հղում կատարելով Խորհրդային Միության և Իսրայելի անտառագետների փորձին, որոնք ժամանակին թյուրիմացաբար տնկում էին միայն սոճու լայնատարած անտառներ:
Վնասատուներն ու հիվանդությունները կարող են հեշտությամբ ոչնչացնել միակազմ անտառները: Ի դեպ, նմանատիպ երևույթի մենք ականատես ենք եղել տարիներ առաջ Հայաստանում, երբ այն դեռևս Խորհրդային Միության կազմում էր : Միակազմ անտառները համեմատաբար նվազ դիմացկուն են և ավելի ենթակա հրդեհների: Անդրադառնալով խառն անտառներին՝ հարկ է նշել, որ վերջիններս ավելի շատ են մթնոլորտից կլանում ածխաթթու գազ՝ այսպիսով դրական ազդեցություն ունենալով կլիմայի փոփոխությունը մեղմելու գործընթացում, միաժամանակ օգնելով Հայաստանին իրականացնել Փարիզյան համաձայնագրով ստանձնած հանձանառությունը:
Վերջին առաջարկությունը վերաբերում է անտառվերականգնման այլընտրանքային տարբերակների դիտարկմանը, որը հիմնված չէ միմիայն թաղարներում բույսերի աճեցման վրա:
Հիմնվելով Հայաստանում բույսերի աճեցման և տնկման մեր երկարատև փորձի վրա՝ առաջարկում ենք հաշվի առնել հետևյալ մի քանի մոտեցումները՝
- էնդեմիկ ծառատեսակների աճեցման և վերատնկման համար ընտրեք բնակլիմայական պայմաններ ունեցող համեմատաբար մոտ գտնվող տեղամասերը:
- Գարնանը և աշնանը բույսերը տնկեք՝ կիրառելով բաց արմատային համակարգ: Այն նպաստում է բույսերի արագ աճին և տեղափոխմանը՝ հնարավորություն ընձեռելով վերատնկել ավելի շատ ծառեր, քան թաղարների օգտագործման պարագայում:
- Նոր տեխնոլոգիաներ փորձարկելու նպատակով ուսումնասիրեք փորձնական ծրագրեր, ինչպես օրինակ՝ հեռակառավարվող անօդաչու սարքերի միջոցով տնկումներ:
- Տնկեք սերմեր, ինչպես օրինակ կաղիններ՝ որպես լրացուցիչ տնկիներ
Մենք ոգեշնչված ենք մինչև 2050 թվականը Հայաստանի անտառածածկ տարածքների կրկնապատկման աշխատանքներում Հայաստանի բոլոր քաղաքացիների ներգրավվման գաղափարով: Այս նպատակի իրականացման ճանապարհին« Էյ Թի Փի»-ն հանձն է առնում դառնալ ՀՀ նախարարությունների ռազմավարական գործընկերն ու կիրառել բույսերի աճեցման և ծառատնկման բնագավառում իր 25-ամյա փորձն ու գիտելիքները:
Նյութը կազմեցին «Էյ Թի Փի»- ի Երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանն ու «Էյ Թի Փի»-ի փոխտնօրեն Ջեյսոն Սոհիկյանը
Մեկնաբանել