HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Յուրի Խաչատուրովի պաշտպանը միտումնավոր չէր ներկայացել Մարտի 1-ի գործով դատական նիստին՝ գրությամբ բացատրելով դրա պատճառը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով նշանակված դատական նիստն այսօր հետաձգվեց. Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարան չէր ներկայացել, և գրություն էր մուտքագրել դատարանի գրասենյակ, որում բացատրել էր չներկայանալու պատճառը:

Ըստ Միհրան Պողոսյանի՝ դատարանը չի ապահովում դատավարության կողմերի մրցակցության սկզբունքը, ինչն անբարենպաստ վիճակ է ստեղծում պաշտպանության կողմի համար: Դատարանն, ըստ Պողոսյանի, որևէ գործողություն չի կատարել անգամ այն պայմաններում, երբ փաստաբանների հասցեին սպանված հարազատ ունենալու սպառնալիք է հնչել: Նշենք, որ նախորդ՝ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից Էդիկ Հարությունյանն, առարկելով պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդության դեմ՝ նշել էր՝ «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում»: Ամենայն հավանականությամբ, պաշտպանն այս հանգամանքը նկատի ունի, երբ ասում է, որ փաստաբանների հասցեին հնչել է սպանված հարազատ ունենալու սպառնալիք:

Միհրան Պողոսյանը չներկայանալու համար նաև ներողություն էր խնդրել դատավարության այն մասնակիցներից, որոնք պատշաճ վարքագիծ են դրսևորել:

Դատավոր Աննա Դանիբեկյանը դիմումն ընթերցելուց հետո հայտնեց, որ նախորդ դատական նիստից հետո հետազոտվել է նիստի ձայնագրառումը, և դրանում որևէ սպառնալիք՝ կապված սպանված հարազատ ունենալու հետ, չի հնչել: Դատավոր Դանիբեկյանը նշեց, որ եթե պաշտպանության կողմն, այնուամենայնիվ, իրական սպառնալիք է տեսնում, կարող է դիմել համապատասխան դատավարական գործողությունների:

Հետո դատավորը ճշտեց՝ արդյոք Յուրի Խաչատուրովն ունի՞ հնարավորություն այլ պաշտպան հրավիրելու, վերջինս հայտնեց, որ ինքը գոհ է իր պաշտպանից և մտադրություն չունի նրան մեկ այլ պաշտպանով փոխարինելու:

Միհրան Պողոսյանի դիմումին արձագանքեց նաև դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Վերջինս հայտնեց, որ իրենք չեն ընդունում Միհրան Պողոսյանի ներողությունը, որ Պողոսյանի արարքը ցուցադրական քայլ է, իսկ նրա պնդումը, թե դատավարության ընթացքում չի ապահովվում դատավարության մասնակիցների մրցակցության սկզբունքը, մերկապարանոց հայտարարություն: Ըստ Գևորգ Բաղդասարյանի՝ պաշտպանության կողմը միջնորդությունների քննության ընթացքում մշտապես հնարավորություն է ունենում վերջինը դիրքորոշում հայտնելու: Բաղդասարյանը միջնորդեց Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել, սակայն դատավորը նշեց, որ պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը պետք է քննության առարկա դառնա նրա ներկայությամբ:

Արձագանքելով դատախազ Գևորգ Բաղդասարյանի խոսքին, թե չեն ընդունում Պողոսյանի ներողությունը՝ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նկատեց. Պողոսյանը ներողություն է խնդրել դատավարության այն մասնակիցներից, որոնք պատշաճ վարքագիծ են դրսևորել:

«Ես կարծում եմ, որ դատախազներն իրենց պաշտոնին հարիր վարքագիծ չեն դրսևորել, ուստի Միհրան Պողոսյանը նրանցից ներողություն չի հայցել»,- ասաց Հայկ Ալումյանը: Նշենք, որ նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում Միհրան Պողոսյանի և դատախազների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Դատական նիստը հետաձգվոց մինչև հունվարի 21-ը, մինչ այդ դատավոր Աննա Դանիբեկյանը հիշեցրեց Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումը, որ երեք դատական նիստ անընդմեջ չներկայանալու դեպքում պաշտպանը կարող է հեռացվել գործի վարույթից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter