HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոպրանո Ռուզան Մանթաշյանի գործակալությունը պնդում է, որ նրա ելույթը չեղարկվել է ադրբեջանցի տենոր Էյվազովի ցանկությամբ

Երեկ տեղեկացրել էինք, որ ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին։ Այդ տեղեկությունը «Հետքի» հետ զրույցում հաստատել էր երգչուհու գործակալ Ռենե Մասիսը։ 

Համերգի կազմակերպիչ SemperOperaball կազմակերպությունը հերքել էր տեղեկությունը՝ դատապարտելով Էյվազովի հասցեին մեղադրանքները եւ նշելով, որ Ռուզան Մանթաշյանի հետ փետրվարի 7-ին կայանալիք համերգի վերաբերյալ պայմանագիր չի ունեցել։ 

Այսօր՝ հունվարի 14-ին, սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ աշխատող «Աժանս Մասիս օպերա» գործակալությունը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ փորձելով վերջ դնել «հակասական պատմությանը»։ Գործակալության պարզաբանումն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նաեւ Ռուզան Մանթաշյանը։

«Նպատակ ունենալով հստակեցնելու փաստերը և վերջ դնելու այս տհաճ հակասություններին և ի պատասխան Semper Opernball-ի մամլո հաղորդագրությանը և պարոն Յուսիֆ Էյվազովի հնչեցրած հերքումներին` հայտնում ենք, որ «թյուրիմացությունը», որի մասին խոսվում է վերոնշյալ մամլո հաղորդագրության մեջ, նպատակ ունի այս «հակամարտության» պատասխանատվությունը դնել Agence Massis Opéra-ի վրա:

Իրականում այն վերաբերում է դոկտոր Հանս-Հոաքին Ֆրեյի կողմից ղեկավարվող ասոցիացիայի տարբեր գործընկերների հարաբերություններին:

Իրոք, 2019թ. սեպտեմբերին տեղի ունեցած առաջին նամակագրությունից հետո, որում մեզանից հետաքրքրվում էին, թե արդյոք տիկին Մանթաշյանը կարող է հանդես գալ համերգի օրը, գրավոր կապը շարունակվել է առանց որևէ խնդրի և առնչվել է բանակցությունների ընթացքում շոշափվող տարատեսակ հարցերի, ինչպիսին են կոնտակտային տվյալները, ծրագիրը, ֆինանսական պայմանները, մուտքի արտոնագրի տրամադրումը, և այլն:
Մոտ 15 էլեկտրոնային նամակներով փոխանակվելուց հետո հրավերը կարծես թե վերջնականացված էր:

Հետևաբար` Semper Opernball-ը պատրաստակամություն էր հայտնել հրավիրելու Ռուզան Մանթաշյանին` հանդես գալու փետրվարի 7-ին կայանալիք համերգի ընթացքում:
2020թ. հունվարի 10-ին մենք ստացանք վերջին գրավոր հաղորդագրությունը, որում հայտարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը չեղյալ հայտարարելու մասին, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում ելույթ ունենալ նրա հետ` մեր առաջին մամլո հաղորդագրության մեջ նշված պատճառներով:

Սա, հավանաբար, կազմակերպիչների համար ստեղծել է բավականին անհարմար իրավիճակ, բայց մենք մեր կատարողի համար ստեղծված այս անախորժ իրավիճակի զարգացման հարցում որևէ պատասխանատվություն չունենք:

Մենք կասկածի տակ չենք դնում Semper Opernball-ի հեղինակությունը և բոլոր ազգերն ու մշակույթները ներկայացնող կատարողների համար նրա հասանելիությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter