HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ինչպես է «Խելացի սպառողներ» ՍՊԸ-ն «սպիտակեցնում» վարկային սև պատմությունները 

«Խելացի սպառողներ» ՍՊԸ-ն զբաղվում է վարկային պատմությունների «սպիտակեցմամբ». այն քաղաքացիները, որոնց վարկային պատմությունները դասակարգվել է, կամ ինչպես ընդունված է ասել՝ հայտնվել է «սև ցուցակում», կազմակերպության միջնորդությամբ կարող են վերականգնել իրենց վարկային պատմությունը։

Ընկերությունն իր գործունեության մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ունի «Բանկեր, վարկեր, խնդիրներ» անունով էջ, որտեղ ներկայացված են մատուցվող ծառայությունները։

Կազմակերպությունը գրանցվել է 2019 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ընկերության սեփականատերը եւ տնօրենը Գագիկ Պոլեյանն է։

Ըստ ռեգիստրի տվյալների՝ Գագիկ Պոլեյանի անունով գրանցված ևս մեկ ընկերություն կա՝ «Դուխով զինվոր» անունով։ «Դուխով զինվոր» ՍՊԸ–ն գրանցվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին։

Հարցում ենք ուղարկել Կենտրոնական բանկ՝ պարզելու, թե օրինակա՞ն է այս ՍՊԸ-ի գործունեությունը, և արդյոք Կենտրոնական բանկը լիցենզավորել է ընկերությանը։

Կենտրոնական բանկից պատասխանել են, որ «Խելացի սպառողներ» ՍՊԸ-ն իրենց կողմից չի լիցենզավորվել, և վերջինիս գործունեությունը չի վերահսկվում Կենտրոնական բանկի կողմից:

«Կազմակերպության գործունեության ուսումնասիրությունը վկայում է, որ այն ուղղված է հաճախորդի վարկային պատմության որոշակի արհեստական բարելավմանը՝ ըստ էության խեղաթյուրելով հաճախորդի վարկային պատմությունը: Ուստի, հաշվի առնելով կազմակերպության գործունեությամբ թե՛ բանկային համակարգում, թե՛ սպառողների շրջանում ստեղծվող ռիսկերը՝ Կենտրոնական բանկը հորդորել է «Խելացի սպառողներ» ՍՊԸ-ին զերծ մնալ նման գործունեության իրականացումից: ՀՀ կենտրոնական բանկը բազմիցս հորդորել է օգտվել միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից: Իսկ անօրինական ֆինանսական ծառայությունների վերաբերյալ և վաշխառության տարրեր պարունակող առաջարկներ ստանալու դեպքում քաղաքացիներին խնդրել է դիմել իրավապահ մարմիններին և Կնետրոնական բանկին»,- նշված է Կենտրոնական բանկի պատասխանում:

Վարկային մասնագետ Նարինե Պետրոսյանն ասում է, որ բանկերում աշխատակիցներին հրահանգում են որևէ կապ չունենալ նման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների հետ, քանի որ նրանց ծավալած գործունեությունն անօրինական է, և որևէ օրինական ճանապարհով հնարավոր չէ մինչև սահմանված ժամանակի ավարտը դասակարգված վարկը հանել դասակարգումից։

«Հաճախորդների լեզվով ասած՝ սև ցուցակում հայտնված մարդիկ ոչ մի կերպ, ոչ մի օրինական միջամտությամբ չեն կարող դուրս գալ սև ցուցակից, քանի որ վարկի դասակարգումն ու դասակարգումից դուրս գալը կատարվում է ԱԿՌԱ համակարգով ավտոմատ կերպով»,- ասում է Նարինե Պետրոսյանը։

«Խելացի սպառողներ» ՍՊԸ-ի մարկետինգային բաժնի տնօրեն Էմիլի Տեր-Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համագործակցում են Փաստաբանների պալատի հետ, որ Կենտրոնական բանկը տեղյակ է «Խելացի սպառողներ» ՍՊԸ-ի գործունեության մասին, սատարում է կազմակերպությանը, ողջունում կազմակերպության գործունեությունը։

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանից փորձել ենք տեղեկանալ, թե ինչ կապ ունի Փաստաբանների պալատն այս կազմակերպության հետ։ Խոսնակը նշեց, որ Փաստաբանների պալատը որևէ կերպ չի համագործակցում «Խելացի սպառողներ» ՍՊԸ-ի հետ։

«Խելացի սպառողներ» ՍՊԸ-ի իրավաբան Էվելինա Հակոբյանը մեզ հետ զրույցում ներկայացրել է կազմակերպության գործունեությունն ու կառուցվածքը։ Նրա խոսքով՝ կազմակերպության գործունեությունն օրենքի սահմաններում է։ Էվելինան նշեց, որ իրենք զբաղվում են խորհրդատվությամբ, բանկային մասնագետները նեղ մասնագիտական խորհրդատվություն են տալիս հաճախորդներին, որը, կախված գործի բարդությունից, կարող է տևել մինչև 6 ամիս: Խորհրդատվությունը վճարովի է, վճարման չափը ևս կախված է նրանից, թե ինչ հիմքով է հաճախորդը հայտնվել սև ցուցակում։

Կազմակերպություն կարող են դիմել այն քաղաքացիները, որոնք չունեն գույքի կամ դրամական միջոցների վրա դրված կալանք, դատական ակտեր, բռնագանձում, գործող ուշացումով վարկեր, սակայն հայտնվել են սև ցուցակում կամ չեն կարողանում ստանալ վարկ թույլ վարկային պատմություն ունենալու պատճառով։

«Կենտրոնական բանկից պարտադիր լիցենզիա ունենում են այն կազմակերպությունները, որոնք համարվում են վարկային կազմակերպություններ և ֆինանսական բյուրոներ, մենք չենք տրամադրում վարկեր ու վարկային կազմակերպություն չենք, մենք ուղղակի խորհրդատվական ընկերություն ենք, իսկ խորհրդատվական ընկերությունը՝ լինի իրավաբանական խորհրդատվություն, թե բանկային խորհրդատվություն իրականացնող ընկերություն, լիցենզավորման կարիք չունի, Կենտրոնական բանկը մեր գործունեության մասին տեղյակ է»,- նշեց կազմակերպության իրավաբանը։

Մեր այցելության ժամանակ գրասենյակի առջև հերթում սպասող հաճախորդներն ասում էին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով են տեղեկացել կազմակերպության մասին, զանգահարել նշված հեռախոսահամարներով, մասնագետներն առաջարկել են մոտենալ գրասենյակ և ստանալ հուզող հարցերի պատասխանները։

Մեկնաբանություններ (2)

Արման
Կասեք ինչպես դուրս գալ վարկային դասակարգումից
Գարիկ
Ինչ անեմ վօր չեմ կարող օկտվեմ բանկերից բայց զրոյական եմ վերցրել ամբողչ իմ վարկերի համար բայց հիմա մերժվում եմ ինչ անեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter