HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի գույքի վրա դրված կալանքի դեմ բողոքը

Դատախազությունը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեղադրանք առաջադրելուց հետո Հատուկ քննչական ծառայությունը որոշել է հանցագործությամբ պատճառված ենթադրյալ վնասի չափով կալանքի տակ դնել նրա գույքը, ինչի դեմ բողոք է ներկայացրել նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։ Վերջինս գտնում է, որ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշումը հիմնավորված չէ։

Սերժ Սարգսյանն, ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության, տեղյակ լինելով ՀՀ հողօգտագործողներին 2013 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցելով, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ՝ անտեսել է այդ հանգամանքը և «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ: Արդյունքում, ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489 մլն 160 հազար ՀՀ դրամ:

Նույն գործով մեղադրյալ են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը։ Օրեր առաջ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և  նյութերը տրամադրվել կողմերին՝ ծանոթանալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter