HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արման Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանը։ Վերջինս պնդում է, որ դեպքի օրը Արման Մկրտումյանի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության շրջանակներից։

Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը պաշտպանը բողոքարկել էր առաջին ատյանի դատարան, բողոքը, սակայն մերժվել է, և այս դատական ակտի դեմ Արզումանյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Բողոքը քննել և մերժման մասին որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը։

Արման Արզումանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  երեկ Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա հարձակումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 28-ին: Մկրտումյանն ու որդին՝ Գոռ Մկրտումյանը, անձամբ են վնասազերծել իրենց բակ մուտք գործած անձանց: Վերջիններս գործով տուժողի կարգավիճակ ունեն: Ըստ մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանի, սակայն, Մկրտումյանի տան անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում, որոնք գործում առկա են, երևում է, թե ինչպես է Մկրտումյանն արդեն դիմադրություն ցույց չտվող Ռիժենկոյի գլխին ատրճանակի բռնակով մի քանի հարված հասցնում: Ըստ պաշտպանի` տեսանյութի այդ դրվագից ակնհայտ է դառնում, որ բռնության են ենթարկվում ոչ թե Արման և Գոռ Մկրտումյանները, այլ Հովհաննես Ռիժենկոն:

Ըստ Արզումանյանի՝ Մկրտումյանը Ռիժենկոյի գլխին ատրճանակի մետաղական բռնակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, ինչը կարող էր հանգեցնել մահվան: Պաշտպանի տպավորությամբ՝ Արման Մկրտումյանի հարվածներն անմիջականորեն ուղղված են եղել Ռիժենկոյին կյանքից զրկելուն, և հանցանքն ավարտին չի հասցվել անձի կամքին հակառակ հանգամանքներով, այն է՝ ատրճանակը ձեռքից ընկնելու հետևանքով: Արզումանյանը գտնում է, որ վերը նկարագրվածում առկա են սպանության փորձի հատկանիշներ, և որ իր պաշտպանյալի կյանքի իրավունքը չի կարող և չպետք է ստորադասվի Արման Մկրտումյանի կյանքի իրավունքին:

Նշենք, որ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման բուն գործն արդեն տևական ժամանակ է՝ դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունի երեք անձ` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը, որոնք մեղադրվում են ավազակային հարձակման, ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ: Արման Մկրտումյանն ու որդին դատական նիստերին չեն ներկայանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter