HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արման Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, հուլիսին մերժել է Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով անցնող Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանի բողոքը: Վերջինս դիմել էր դատարան` պահանջելով վերացնել առանձնատանը տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված գործի շրջանակներում Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու քննիչի որոշումը:

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա հարձակումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 28-ին: Մկրտումյանն ու որդին՝ Գոռ Մկրտումյանը, անձամբ են վնասազերծել իրենց բակ մուտք գործած անձանց: Վերջիններս գործով տուժողի կարգավիճակ ունեն:

Պաշտպան Արման Արզումանյանը, սակայն, կարծում է, որ դեպքի օրը Արման Մկրտումյանի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության շրջանակներից:

Ըստ Արզումանյանի՝ Մկրտումյանի տան անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերում, որոնք գործում առկա են, երևում է, թե ինչպես է Մկրտումյանն արդեն դիմադրություն ցույց չտվող Ռիժենկոյի գլխին ատրճանակի բռնակով մի քանի հարված հասցնում: Ըստ պաշտպանի` տեսանյութի այդ դրվագից ակնհայտ է դառնում, որ բռնության են ենթարկվում ոչ թե Արման և Գոռ Մկրտումյանները, այլ Հովհաննես Ռիժենկոն:

Ըստ Արզումանյանի՝ Մկրտումյանը Ռիժենկոյի գլխին ատրճանակի մետաղական բռնակով բազմաթիվ հարվածներ է հասցրել, ինչը կարող էր հանգեցնել մահվան: Պաշտպանի տպավորությամբ՝ Արման Մկրտումյանի հարվածներն անմիջականորեն ուղղված են եղել Ռիժենկոյին կյանքից զրկելուն, և հանցանքն ավարտին չի հասցվել անձի կամքին հակառակ հանգամանքներով, այն է՝ ատրճանակը ձեռքից ընկնելու հետևանքով: Արզումանյանը գտնում է, որ վերը նկարագրվածում առկա է սպանության փորձի հատկանիշներ և որ իր պաշտպանյալի կյանքի իրավունքը չի կարող և չպետք է ստորադասվի Արման Մկրտումյանի կյանքի իրավունքին:

Վերաքննիչ դատարանում այսօր նշանակված էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննություն: Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Մկրտումյանների կողմից անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում տեղի չի ունեցել և առանձնատան գործով անցնող անձի ոտնձգությունը չկանխելն անխուսափելիորեն կբերեր ծանր հետևանքների առաջացման:  Դատախազի խոսքով՝ Արման Մկրտումյանի առանձնատան բակում առկա տեսախցիկների ֆիքսած տեսանյութերից ակնհայտ է, որ հարձակումը Ռիժենկոյի կողմից դադարած չի եղել, և Արման, և Գոռ Մկրտումյանի կողմից նրան նույնիսկ ավելի ծանր վնաս հասցնելու դեպքում տեղի չէր ունենա անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Վարդգես Սարգսյանը հեքիաթ որակեց Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով անձանց պնդումներն այն մասին, թե նրանք ինքնաձիգներով գնացել են շներին ոչնչացնելու կամ հանրօգուտ աշխատանքով զբաղվելու համար:

Ըստ Վարդգես Սարգսյանի՝ պաշտպան Արզումանյանի պնդումները սուբյեկտիվ դատողություններ են, որոնք չեն բխում գործի նյութերից, ուստի ներկայացված բողոքը պետք է մերժել՝ նկատի ունենալով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշմամբ նյութական և դատավարական իրավունքի խախտում թույլ չի տրվել: Այսօր դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման բուն գործն արդեն դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունի երեք անձ` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը, որոնք մեղադրվում են ավազակային հարձակման, ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter