HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվողի պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին

Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով սուտ ցուցմունք տալու մեջ մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը կասկածի տակ է դնում գործով դատախազ Վարդգես Սարգսյանի անաչառությունը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանումч նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր նշանակված էր Հարությունովի գործով դատական նիստ, որի ընթացքում նրա պաշտպան Ռոման Սարգսյանը դատախազ Սարգսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց, այսինքն՝ միջնորդեց նրան հեռացնել գործի վարույթից։

Հարությունովը տուժող է եղել Բաբայանի վերաբերյալ քրեական գործով: Ըստ այդ  գործի՝ «Օլիմպավան» մարզական համալիրում Էդուարդ Բաբայանը նրան բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելով:

«Օլիմպավան»-ում տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տուժողի, այսինքն՝ Վյաչեսլավ Հարությունովի հաղորդման համաձայն՝ նրան նախ «հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է»: Հետագայում Վյաչեսլավ Հարությունովը փոխել է ցուցմունքն ու հայտնել, թե սայթաքել ու վայր է ընկել, իրեն Բաբայանը չի հարվածել, իսկ Գագիկ Ծառուկանն իր «եղբայրն է»։

Հարությունովը դատարանում ևս պնդել է, թե Բաբայանն իրեն չի հարվածել, որ ինքն իրեն տուժող չի համարում, բայց Էդուարդ Բաբայանը մեղավոր է ճանաչվել: Պատգամավորի վերաբերյալ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, որից հետո արդեն Հարությունովի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել սուտ ցուցմունք տալու հոդվածով: Ըստ մեղադրանքի՝ Հարությունովը սուտ ցուցմունքներ է տվել գործի թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում:

Դատախազ Վարդգես Սարգսյանին բացարկի միջնորդությունը ներկայացնելիս Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը նշեց, որ սուտ ցուցմունք տալու առթիվ հարուցված քրեական գործում չեն ներառվել Գագիկ Ծառուկյանի, Էդուարդ Բաբայանի ցուցմունքները։ Այս անձինք առհասարակ ներառված չեն դատակոչի ցուցակում։

Ռոման Սարգսյանը, հիշեցնենք, նախորդ՝ 2019-ի նոյեմբերի 15-ի դատական նիստի ընթացքում միջնորդել է Ծառուկյանին, Բաբայանին, ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Իվետա Տոնոյանին, ինչպես նաև այլ անձանց ներառել դատակոչի ցուցակում, որի դեմ դատախազ Սարգսյանն առարկել է։

Ըստ Ռոման Սարգսյանի՝ վերը նշված անձանց դատակոչի ցուցակում ներառելու և նրանց հարցաքննելու միջնորդության դեմ դատախազ Սարգսյանի ներկայացրած առարկությունները կասկած են հարուցում նրա անաչառության վերաբերյալ։

Ըստ պաշտպանի՝ Ծառուկյանի, Էդուարդ Բաբայանի, ինչպես նաև իր կողմից մատնանշված մյուս անձանց ցուցմունքները կարող էին կասկածի տակ դնել Էդուարդ Բաբայանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը, մինչդեռ դատախազ Սարգսյանն, ով մեղադրող դատախազ է եղել նաև Էդուարդ Բաբայանի գործով, շահագրգիռ է, որ հաստատվի Էդուարդ Բաբայանի գործով իր պաշտպանած մեղադրանքը։

Ամբաստանյալ Վյաչեսլավ Հարությունովը միացավ պաշտպանի միջնորդությանը և դիմելով դատարանին՝ ասաց․ «Ես գիտեմ, որ Դուք էն մարդը չեք, ով ինչը չի լուծում փողով, լուծում է ավելի մեծ փողով»: Հետո դատավորը փորձեց նրան վերադարձնել միջնորդության քննության դաշտ՝ առաջարկելով դրա մասին խոսել։

«Իմ պաշտպանը ոնց ասում է, տենց էլ արեք, տեսնենք՝ սրա վերջը ինչ է լինում»,- ասաց Վյաչեսլավ Հարությունովը։

Դատախազ Վարդգես Սարգսյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ իր մասնագիտական  պարտականությունների կատարումը փորձ է արվում ներկայացնել որպես իր կողմնակալության դրսևորում։ Դատախազը հիշեցրեց, որ դատարանում քննվող գործը վերաբերում է բացառապես Վյաչեսլավ Հարությունովի կողմից ենթադրյալ սուտ ցուցմունք տալուն։ Ըստ դատախազի՝ փաստ է, որ Վյաչեսլավ Հարությունովը գործի քննության ընթացքում միմյանց հակասող ցուցմունքներ է տվել, ինքը արժանահավատ է համարում ի սկզբանե տրված ցուցմունքը։

«Եվ ես՝ որպես մեղադրանքը պաշտպանող դատախազ, առերեւույթ հանցագործության հատկանիշներ եմ հայտնաբերել, և իրականացրել եմ օրենքով վերապահված իմ լիազորությունները: Հիմա փորձ է արվում իմ լիազորություններից բխող գործողությունների իրականացումը մեկնաբանել որպես ամբաստանյալի նկատմամբ կանխակալ տրամադրվածություն ունենալ, բայց ես նման տրամադրվածություն չունեմ, մեղադրական եզրակացությունը հաստատելիս ես ներքին համոզմունք եմ ունեցել, որ նա առերևույթ հանցանք է կատարել, հակառակ դեպքում որպես սույն գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող անձ՝ ինքս հանցագործություն կկատարեի»,- ասաց Վարդգես Սարգսյանը։

Վերջինս հիշեցրեց, որ եթե Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին և Ռոման Սարգսյանի կողմից մատնանշված այլ անձանց դատակոչի ցուցակում ներառելու միջնորդության դեմ ինքն առարկել է, ապա դատավոր Վարդան Գրիգորյանն էլ որոշել է մերժել միջնորդությունը, հետևաբար, ըստ Վարդգես Սարգսյանի, նույն տրամաբանությամբ դատավոր Գրիգորյանին էլ պետք է պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնի։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, որը կհրապարակվի փետրվարի 14-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter