
Դատարանը ՀՔԾ-ին պարտավորեցրել է Մարտի 1-ի գործի ամբողջ նյութերը տրամադրել Քոչարյանի պաշտպաններին․ որոշման դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, 2019-ի տարեվերջին բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Մարտի 1-ի մայր գործի ամբողջ նյութերն իրենց չտրամադրելու ՀՔԾ քննիչի որոշման դեմ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Խուդոյանը։
«Դատարանն իրավունքի խախտում է ճանաչել ու քննիչին պարտավորեցրել գործի ամբողջ նյութերը տրամադրել մեզ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։ Վերջինս նշեց, որ դատախազությունը բողոքարկել է այս որոշումը, և բողոքը երեկ մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու, ինչպես նաև մայիսի 20-ին Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։
Լուսանկարում՝ դատավոր Արմեն Դանիելյանը
Մեկնաբանել