HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանում ստեղծված իրողություններին». խորհրդարանական լսումներ

Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներին հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հիշեցրեց` դեռ նախորդ  նիստին հայտարարել է այն մասին, որ քաղաքական մեծամասնությունը մտադիր է փոփոխություններ կատարել «Հետուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում:

«Այն, ըստ մեզ, որպես իրավական գործիք հնացած է և չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանում ստեղծված իրողություններին: Նախորդ տարվա մեր հայտարարության համապատասխան հետևողականորեն շարժվում ենք առաջ: Այսօրվա լսումները նպատակ ունեն ձեր շնորհիվ վերհանել ոլորտում առկա խնդիրները և արդեն մեր կողմից իրականացնել մտքերի, գաղափարների ծաղկաքաղ: Սրանք լինելու են մեծածավալ փոփոխություններ, որովհետև Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը նախահեղափոխական շրջանում գուցե ընդունելի կլիներ, սակայն այսօր նպատակ ունենք ամբողջովին բարեփոխել այս ոլորտը»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Վերջինս հիմնականում երեք ուղղություններով է պատկերացնում օրենքի տրամաբանությունը` տեխնիկական խնդիրների, եթերի բովանդակության, ինչպես նաև պետք է հստակ արձանագրված լինի, թե ինչ կրթական ու մշակութային բաղադրիչ է առկա նախագծում:

Քննարկման նախաձեռնող, նույն հանձնաժողովի անդամ Վահագն Թևոսյանն իր ելույթում հույս հայտնեց, որ ելույթների միջոցով հնարավոր կլինի հարցի վերաբերյալ շահագրիռ բոլոր կողմերի տեսակետները լսել:

Թևոսյանի խոսքով` անհրաժեշտ է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծ, քանի որ գործող տարբերակը փոփոխությունների կարիք ունի` ոլորտում ի հայտ եկած իրողություններով պայմանավորված:

«Նոր օրենքը պետք է միտված լինի ոլորտը բարեփոխելուն, այս մասին են վկայում ոչ միայն ոլորտի շահառուների հետ եղած քննարկումները, այնպես էլ հանրային որոշակի պահանջը: Անհրաժեշտություն կա փոփոխություն կատարելու հիմնական հասկացությունների մեջ»,- ասաց Թևոսյանը:

Ըստ Վահագն Թևոսյանի` մարզերում հեռուստաընկերությունները կայանալու խնդիր ունեն, և նա կարծում է, որ լավագույն լուծումը միջմարզային մուլտիպլեքսների ստեղծումն է, որը և վերահսկողության իրականացումն է հեշտացնում և ծախսատարության առումով արդյունավետ գործիք է:

«Հեռարձակման ոլորտում կա բազմակարծություն ապահովելու խնդիր, բայց ոչ ի օգուտ իշխանությունների, և սա անգամ միջազգային գործընկերներն են  արձանագրում»,- ասաց նա:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն էլ իր բացման խոսքում անդրադարձավ Մխիթար Հայրապետյանի ելույթին. «Նոր օրենքի անհրաժեշտությունը ոչ թե քաղաքական պահանջ է, այլ 21-րդ դարի անհրաժեշտություն»: Հակոբյանի խոսքով` նույնիսկ օրենքի նախագծի անվան հարցում ենք ուշացել. «Այն ոչ թե հեռուստատեսության և ռադիոյի մասին պետք է լիներ, այլ` հեռարձակման մասին կամ տեսալսողական ծառայությունների մատուցման մասին»:

«Մենք ունենք օրենք, որը շատ թույլ է կարգավորում այս ոլորտում իրավահարաբերությունները, չի նպաստում հեռուստաընկերությունների զարգացմանը: Անկախ ամեն ինչից ավանդական մեդիան (հեռուստատեսությունը, հեղ.) է մնում ամենասոսկալի ազդեցություն ունեցողը հանրային կարծիքի վրա, այս պարագայում պետք է մշակել նոր օրենք, որը կկարգավորի տեսալսողական ծառայությունների մատուցումը: Ամբողջ աշխարհում անցում են կատարել տեխնիկական վերահսկողությունից  բովանդակային վերահսկողության»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter