HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքի Շանգալի շրջանի հենակետերին. կան զոհեր եւ վիրավորներ

Երեկ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացրել Իրաքի եզդիական Շանգալի (Սինջարի) շրջանի հյուսիսում գտնվող Դուգուր բնակավայրում: Թուրքական ռազմաօդային ուժերն անօդաչու ինքնաթիռներով հարվածներ են հասցրել եզդիներից կազմավորված Շանգալի պաշտպանության բանակի հենակետերին, ինչի հետեւանքով 4 եզդի զինվոր է զոհվել, կան ծանր վիրավորներ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Վիրավորների թվի մասին առայժմ հստակ տեղեկություն չկա: Պատգամավորի փոխանցմամբ՝ իրեն միայն հայտնի է, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Հետքի» հետ զրույցում պատգամավորը նշեց, որ սա առաջին անգամ չէ, երբ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում Շանգալում: 2017-ին թուրքական օդուժի հարվածների հետեւանքով սպանվել էր Շանգալի պաշտպանության ուժերի հրամանատարներից մեկը: Թուրքիայի կողմից նման գործողություններ եղել են նաեւ 2018-ին, իսկ ահա նախորդ տարի, կարծես, հարաբերական հանգստություն է եղել: Սակայն այս տարի թուրքական օդուժը նորից սկսել է ռմբակոծել Շանգալի հյուսիսային հատվածը:

Թուրքիայի կողմից եզդիական Շանգալի թիրախավորումն ու կետային հարվածներ հասցնելը, ըստ պատգամավոր Բաքոյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջանի պաշտպանության բանակի ջոկատները ժամանակին աջակցություն ունեին Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Մյուս կողմից՝ Շանգալի պաշտպանությունն ապահովող ջոկատները, Բաքոյանի փոխանցմամբ, գրանցված են որպես Իրաքի բանակի մաս:

«Կարծում եմ՝ Իրաքի կենտրոնական կառավարությունն անելիքներ ունի, որովհետեւ այն զորքերը, որոնց Թուրքիան հարված է հասցրել, իրաքյան բանակի զինվորներ են: Փաստացի Թուրքիան հարվածներ է հասցրել իրաքյան բանակին»,- ասում է Ռուստամ Բաքոյանը:

Լուսանկարում՝ Ռ. Բաքոյանը (կենտրոնում)՝ Շանգալում (2019 թ.)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter