HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արտյոմ Կանևսկոյն ասում է՝օրեր առաջ իրեն բերման են ենթարկել Սուրբ Հովհաննես եկեղեցուց, որտեղ երեք հոգևորական է եղել

«Արտյոմ Կանևսկոյ» անունով հայտնի Արտյոմ Հարությունովն ասում է, որ օրեր առաջ ոստիկանությունն իրեն բերման էր ենթարկել Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ առանց բացատրություններ տալու։ Այդ պահին, Հարությունովի խոսքով, եկեղեցու ներսում մեծ թվով մարդիկ են եղել, ներսում եղել է նաև երեք հոգևորական, որոնցից մեկը վիճաբանել է ոստիկանների հետ՝ անձին եկեղեցուց բերման ենթարկելու համար։

Հարությունովի խոսքով՝ ոստիկանները եղել են շուրջ 30 հոգի։

Հիշեցնենք, որ Կանևսկոյը բերման էր ենթարկվել հունվարի 6-ին։ Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում են հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։

Հարությունովը մեր հարցին ի պատասխան ասաց, որ բերման ենթարկելիս իր մոտ զենք չեն փնտրել, առհասարակ իր մոտ ինչպես հունվարի 6-ին, այնպես էլ մինչև այդ պարբերաբար բերման ենթարկելիս զենք չի հայտնաբերվել։

Հարությունովի խոսքով՝ վերջին մոտ 2 տարվա ընթացքում իրեն շուրջ 20 անգամ բերման են ենթարկել։ Այսօր նշանակված էր նրա գործով դատական նիստ, որը կրկին վերաբերում է ապօրինի զենք պահելուն: Հարությունովը պնդում է, որ զենքը, որը հայտնաբերվել է իր վարած մեքենայից, օրինական կարգով պատկանում է ընկերոջը՝ Մյասնիկ Մատինյանին, ով դատական նիստերից մեկի ընթացքում ցուցմունք է տվել և հաստատել այդ հանգամանքը։

Այս գործով դատական նիստերն արդեն տևական ժամանակ է՝ հետաձգվում են։ Հարությունովի պաշտպանները միջնորդել են դատարան հրավիրել ու հարցաքննել թարգմանիչ Արթուր Մովսիսյանին, ում ներգրավումը քրեական գործում, ըստ պաշտպանների, եղել է խախտումներով, ավելին, պաշտպանները կասկած են հայտնում, որ նա վարույթն իրականացնող մարմնի «թաքնված աշխատակից է»:

Պաշտպանների խոսքով` երբ Կանևսկոյին բերման են ենթարկել ոստիկանություն, իրենց թույլ չեն տվել հանդիպել նրան՝ իրավական աջակցություն ցույց տալու համար: Ըստ պաշտպանների` այն ժամանակ, երբ իրենք դրսում սպասելիս են եղել, թարգմանիչ Մովսիսյանը ևս սպասելիս է եղել, նրան նույնպես ներս մտնել չեն թույլատրել, ապա իրենց համար անհայտ ճանապարհով թարգմանչին մտցրել են ոստիկանության շենքի բակ: Այստեղ թարգմանիչը, ըստ քրեական գործի նյութերի, մասնակցել է շենքի բակում գտնվող մեքենայի զննությանը, որը մինչև բերման ենթարկվելը վարելիս է եղել Արտյոմ Կանևսկոյը:

Պաշտպանները նաև ասում են, որ ըստ քրեական գործի` թարգմանիչ Մովսիսյանը գործում ներգրավվել է հունվարի 13-ին, բայց հունվարի 12-ին, դարձյալ ըստ քրեական գործում առկա տվյալների, մասնակցել է մեքենայի զննությանն ու ստորագրել զննության արձանագրության տակ: Վերը նշված հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար է, որ պաշտպանները ցանկանում են հարցեր տալ թարգմանչին:

Դատարանում չի ստացվում ապահովել նաև վկա Մյասնիկ Մալխասյանի ներկայությունը։ Վերջինս զինվորական է, մասնակցում էր զորավարժությունների։ Դատարանին հայտնել էր, որ առաջիկայում նշանակվելիս նիստին արդեն կկարողանա ներկայանալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter