Կոնսենսուս - 1. համամասնականին դեմ է միայն ՀՀԿ-ն
«Ոչ մեծամասնականին, այո համամասնականին»: Այսօր այս կոչերն էին բարձրաձայնում մի շարք մարդիկ, ովքեր հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց՝ պահանջելով խորհրդարանական ընտրակարգը դարձնել 100 տոկոսանով համամասնական:
Ակցիայի մասնակիցներին առաջնորդում էին «Ժառանգության», ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Մի խումբ երիտասարդներ բարձրացրել էին նաև իրենց պաստառները՝ «100% համամասնական», «41 + ՀՀ = աղքատություն և արտագաղթ», «Մեծամասնական նշանակում է մականունավոր ԱԺ» գրություններով:
Ակցիային հետևում և նկարահանում էին նաև ոստիկանները:
Աշխեն Գրիգորյանը, ով ՀԱԿ անդամ է, նշեց, որ իրենք այստեղ հավաքվել են պայքարի համար և հավատում են, որ կհասնեն հաղթանակի:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեծամասնական ընտրակարգը ծառայում է ՀՀ քաղաքացու օտարմանն իր պետությունից ու հայրենիքից: Մեծամասնական ընտրակարգը խլում է շարքային քաղաքացուց ընտրելու, ընտրվելու, ընտրություններին մասնակցելու իրավունքը: Նա նշեց, որ այդ հարցն այսօր քննարկվելու է ԱԺ-ում, սակայն անկախ քննարկման արդյունքից՝ իրենք պայքարելու են, մինչև հասնեն ցանկալի արդյունքին:
Ր. Հովհաննիսյանը հավելեց, որ իրենք որևէ ցուցակ դեռ չեն քննարկել, այդ հարցը հայտնի կդառանա մարտի 2-ի իրենց համագումարի արդյունքում:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ համամասնական ընտրակարգին կողմ են և այդ հարցի շուրջ համախմբվել են ընդդիմադիր բոլոր ուժերը, ինչպես նաև կոալիցիայի անդամ ԲՀԿ-ն: Սակայն ակցիային ԲՀԿ-ի ներկայացուցիչ չկար:
Վ. Հովհաննիսյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե իրենց չհաջողվի անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ապա առաջադրվելու են նաև մեծամասնականով:
ՀՅԴ մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանը, հայտարարեց, որ համամասնականը միակ ճանապարհն է՝ անցկացնելու արդար ընտրություններ, ձեռք բերելու ժողովրդի վստահությունը:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխանությունները մեծ դժվարություն ունեն՝ մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու, որովհետև վախենում են, որ կորցնելու են իշխանությունը: Այս հարցի շուրջ կա համախոհություն, կոնսենսուս - 1. միայն ՀՀԿ-ն է դրան դեմ»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Վերջինս հավելեց, որ եթե անգամ իրենց չհաջողվի վերացնել մեծամասնական ընտրակարգը, ապա այս համախմբվածությունը կնպաստի պայքարել արդար ընտրություններ անցկացնելու համար:
Այնուհետև պատգամավորները մտան ԱԺ-ի շենք՝ այնտեղ քննարկելու խնդիրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել