
«Մարդիկ սպանվեցին, կտտանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին» հատուկ նիստ` նվիրված Բաքվի ջարդերի տարելիցին
Երևանում մեկնարկել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության հատուկ նիստը` նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը` հիշեցնելով, որ 30 տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցավ հայերի ջարդեր: Նիստը մեկնարկեց Բաքվի ջարդերին զոհ գնացած անձանց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով:
«Արկադի Ավանեսով, Սերգեյ Հարությունյան, Արուսյակ Մարկոսյան, Պետրոս Հարությունով, Աննա Սարկիսովա և տասնյակ ուրիշներ, ում սպանեցին: Հարյուրավոր այլ մարդիկ, ովքեր անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին: Այս մարդիկ սպանվեցին, կտտանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որն հայ էին, նրանց միակ մեղավրությունը հայկական ազգային պատկանելություն ունենալն էր: Օրեր անց Հայաստանի Գերագույն խորհուրդն արդարացիորեն արձանագրեց, որ Բաքվի դեպքերը Խորհրդային Ադրբեջանի կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհատ դրսևորումն էին»,-ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահի խոսքով` հայատյացության քաղաքականությունն իր դրսևորումն ունեցավ նաև 21-րդ դարում:
«Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով մի անձ, որ կացնահարել էր քնած հայ սպային: 2016-ի թվականի ապրիլին Թալիշում դաժանաբար սպանեցին քաղաքացիական անձինք»,-հիշեցրեց Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով` ադրբեջանական իշխանությունները նման ձեռագիր են որդեգրել Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
«Ես ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդները կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը նախորդ դարի վերջին: Մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար ես կարևորում եմ միջազգային հանրության և գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատական տալը»,-ասաց Միրզոյանը:
Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդգծեց` այսօրվա նիստը հատուկ է իր օրակարգով ու նշանակությամբ:
«Արցախի Հանրապետության խորհրդարանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին և խորհրդարանի մեր բոլոր գործընկերներին այս կարևոր օրակարգով համատեղ նիստը կազմակերպելու համար»,-ասաց նա:
Աշոտ Ղուլյանի համոզմամբ` հայ ժողովրդի պատմության մեջ որքան նշանակալի են փառահեղ հաղթանակները, նույնչափ կարևոր են հիշատակի և ոգեկոչման էջերը:
Դա մեր պատմության անբաժանելի մասն է, որ գուցե հաճախ հետևանք է եղել մեր անկեղծ դրացիության, հարևանի հանդեպ լիակատար վստահության և մարդասիրության: Երեսունամյա հեռավորությունից կատարված ոճիրի անցքերը ուսումնասիրելիս մի պարզ ու մարդկային հարց է առաջանում` ինչպես կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել: Պատասխանը մեկն է` արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը` ամեն անգամ իր մեջ հաղթահարելով հասցված ցավը»,-ասաց Ղուլյանը:
Արցախի խորհրդարանի խոսնակի համոզմամբ` հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն` արտահայտվելով անգամ կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում:
«Վերջին օրերին դրա հերթական դրսևորումը տեսանք, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ»,-ասաց նա:
Ղուլյանի խոսքով` Բաքվի ջարդերի ոճիրը իրագործողներն որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել:
«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա վերահաստաում ենք` Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներիյն և իրագործողներին պատասխանատվության ենթարկելու հարցում»,-ասաց Ղուլյանը:
Մեկնաբանել