HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար. Յակոբ Կարապենց

«Սիրելի Արթուր Անդրանիկեան, հաճելի անակնկալ էր նամակդ վերջին հաշւով այնքան էլ կարեւոր չէ թէ մեզ կը հրատարակեն թէ ոչ ճշմարիտ գործը հրաբխի պէս կը պայթի եւ իր թէժ լաւայի տակ կը կիզի ամեն տեսակի միջակութիւնների»։

Յակոբ Կարապենցի ինձ ուղղված նամակներից այս հատվածը մտովի վերապրեցնում է 1989 թվականի այն օրերը, երբ երկու ամիս անց ամերիկահայ գրողը Երևանում էր զանգահարեց, հանդիպեցինք։ Ինձ,- հեռակա ծանոթությամբ,- արդեն ծանոթ էր  «Յառաջ» օրաթերթում տպագրված հոդվածներից, ինչպես նաև հետագայում պարզեցի՝ Իրազեկ ստորագրած տեքստերից (արդ, «պատեհ ատենն է» վերջնականապես բացահայտվելու 90-ական թվականներին հիշյալ օրաթերթում հրատարակված հեղինակի ով լինելը, նպատակս ամենևին մտավախությամբ չի պայմանավորել այդ գրչանունը ընտրելու համար)։ Հետաքրքիր էր Կարապենցի անդրադարձը «Բայց շատ սուր էին, դիպուկ, կարծեմ հայաստանյան թերթերը չէին հոժարի տպագրել, մանավանդ այն մեկը՝ շատ լավ հիշում եմ «Կոտորածն ծառոց» վերնագրով՝ Հայաստանի ծառերի համատարած սպանդին էր վերաբերում»։ Ես շոյված էի։ Արդեն բանավոր թե գրավոր առիթ ունեցել եմ «ինքնագոհ» նշելու, որ տարիներ անընդմեջ «Ազատություն» և «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների թղթակից  Յակոբ Կարապենցին Հայաստանում առաջին անգամ տպագրելու պատիվն ունենալու մասին՝ «Գրական թերթ»ում՝ «Թե գնաս Հայաստան, Արարատին բարև արա»։ Բայց մեր ծանոթությունը, ստեղծված մտերմությունը այլ հիմքեր ուներ՝ ոգեսնող համախոհություն կար։ «Անծանոթ հոգիներ», «Միջնարար» պատմվածքների ժողովածուները, «Կարթագենի դուստրը», «Ադամի գիրքը» վեպերը կարդացել էի և տպավորվել էր հեղինակի աշխարհընկալումը, հայրենազուրկ հայերի այլաշխարհային, երբեմն ցայտնոտի մեջ, երբեմն էլ հավասարակշիռ պահվածք –կենսակերպը։ Կարապենցը նույնպես տարագրվածների սերնդից էր՝ Պարսկաստանից, բայց ոչ հոգով տարագրված «Դժբախտ եղավ մեր սերունդը, ընկանք երկու աշխարհների արանքում։ Չկարողացանք հանդուրժել հինը, իսկ նորը կերտելու համար զեկուցումը չունեցանք։ Մի տեսակ աքսորյալ մեր տան մեջ, մեր հոգիների մեջ»։ 

Իմ այն կարծիքը, որ դժգոհելու պես պարզեցի իրեն՝ ընդունեց զարմացախառն ժպիտով, ի հարկե չպատասխանեց «Կարապենց,- արգելել էր պարոն-ով դիմելը,- ինձ համար երկու նշանակալից գրողներ կան՝ ծագումով պարսկահայ՝ Յարութ Կոստանդեան, Յակոբ Կարապենց, մյուսները՝ առ այսօր ստեղծագործող, որոնցից շատերին ցավոք գիտեմ՝ ավելի քան պարագայական են»։ 

Մի պահ լռելուց հետո, ասաց «Շատ համարձակ ես, Հայաստանում գրական միջավայրի անգամ անդամ լինելն ու համարձակությունը արդյոք հակացուցված չե՞ն»։ Համարձակությունս նոր «փայլ ստացավ», երբ ասացի «Ոչինչ չունեմ կորցնելու, գտնելու հույսս էլ զրոյական է»։ Իր խոսքը ինձ ավելի խանդավառեց «Այդպես ապրիր, տղաս, ու մի մտածիր որ քո պահվածքով չես ներվելու երբեք, այստեղ գնահատելու այլ չափանիշներ են գործում»։ Մենք զրուցում էինք  «Արմենիա» հյուրանոցի իր սենյակում։ Քիչ անց հարկի հերթապահը ներս մտավ և դիմեց Կարապենցին «Պարոն, Ձեզ սպասում են»։ Ելանք բաց պատշգամբ՝ անսպասելի մի տեսարան էր մի քանի մեքենաների շուրջ գրողներ, գրականագետներ։ Նրանցից  ամենահանրածանոթը ձայնում է «Հակոբ, Իջևան պետք է գնանք»։ Եւ ինձ համար ավելի քան անսպասելի հնչում է,- իսկապես հնչում է,- Կարապենցի ձայնը «Ողջույն հայ գրականության ծանր հրետանուն, ժամանակ չունեմ, ափսոս այս երիտասարդին չեք ճանաչում, ուրախ եմ, որ ես ճանաչում եմ»։ Եւ կտրուկ շրջվեց՝ ասելով «գնանք»։ Իսկ մեր «գնալու տեղը» երկու քայլ այն կողմ էր՝ իր սենյակը։ Ես գրեթե ամեն ինչից հետաքրքրվում էի, մի քիչ շատախոս էի դարձել «Ամերիկյան շուրջպար» պատմվածքների ժողովածուի կերպարներով էի հետաքրքրվում արդյոք իրակա՞ն են, մտացածի՞ն, նրանցից շատերի հետ մտերիմ  եղե՞լ է․․․ «Քեզ համար որոշները անմոռանալի կերպարներ են, ճի՞շտ եմ»,  հանկարծ ժպտալով ընդհատեց,- գիտե՞ս, ինձ համար ամենաանմոռանալի կերպարը Դոստոևսկու իշխան Միշկինն է, երբեմն իրեն տեսնում եմ Հառլեմ թաղամասում, երբեմն ամեն տեղ, բայց ոչ Երևանում»։ Ոգևորությունս կրկնապատկվեց, երբ լսեցի Իշխանի անունը, տարիներ առաջ Սունդուկյանի թատրոնում տեսել էի Իշխանին լուսահոգի Լորենց Առուշանյանի գերազանց դերակատարումով, ու ակամա ասցի «Կարապենց, ինձ թվում է Իշխան Միշկինը Բիթնիկների նախակարապետն է»։ Մինչև հիմա անկարող եմ հասկանալ, թե ինչու՞ լռեց, երևի մտովի ինչ որ «գործողության» ավարտ, թե սկիզբ էր իրեն մտահոգում, որ ինձ անհայտ մնաց, ինչպես իր մահը Ամերիկայում, ի՞նչ հանգամանքներում՝ միշտ մեզնից հեռու, բայց մեզնով ապրող այդ հայաբուխ հոգին, որ իր կյանքն ավարտեց «անծանոթ հոգիների» միջավայրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter