
Գեորգի Կուտոյանն ուսանում էր Քեմբրիջում
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, ում դին երեկ հայտնաբերվել է հրազենային վիրավորումով, ուսանում էր Մեծ Բրիտանիայում: Քննչական կոմիտեի վերջին հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուտոյանը 2019 թ. դեկտեմբերի 9-ին էր Հայաստան վերադարձել: Մամուլում երեկ տեղեկություն հայտնվեց, որ Կուտոյանը մինչ այդ գտնվում էր Մեծ Բրիտանիայում:
Cambrigetrust.org կայքից տեղեկանում ենք, որ Գ. Կուտոյանը բրիտանական Քեմբրիջի համալսարանի «Cambridge Trust» կրթաթոշակով 2019-2020 թթ. ուսումնական տարում իրավագիտություն էր սովորում այս համալսարանի Սբ. Էդմունդի քոլեջում:
Նշենք, որ Կուտոյանը մասնագիտությամբ իրավաբան էր, 1997-2002 թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել էր Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2002-2005 թթ. սովորել ու ավարտել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան՝ դառնալով իրավաբանական գիտությունների թեկնածու: 2007-ին էլ Կուտոյանն ավարտել էր ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը:
Բրիտանական բիզնես ռեգիստրից տեղեկանում ենք նաեւ, որ ԱԱԾ նախկին տնօրենի քույրը՝ Աիդա Կուտոյանը, 2019 թ. հունվարին «AK Prema Consulting» անունով ՍՊԸ է հիմնել Լոնդոնի Վուդֆորդ Գրին (Woodford Green) շրջանում: Ընկերությունն զբաղվում է խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ: ՍՊԸ-ի միակ սեփականատերն ու տնօրենը Ա. Կուտոյանն է: Վերջինս բրիտանական ընկերության փաստաթղթերում ներկայացված է որպես Ուկրաինայի քաղաքացի, չնայած հայտնի է նաեւ, որ Աիդա Կուտոյանը ՀՀ քաղաքացիություն ունի, Երեւանի բնակիչ է:
Լուսանկարը՝ Droitet Liberté (commons.wikimedia.org)
Մեկնաբանել