HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏԻՄ ընտրություններ․ Թլիկ

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում այսօր նորից ընտրում են համայնքի ղեկավարի։

Նոր ընտրությունները նշանակվել են այն պատճառով, որ դեկտեմբերի 8-ի հերթական ընտրությունների ժամանակ միակ թեկնածու, համայնքի գործող ղեկավար Սլավիկ Սալոյանը պարտվել էր 9 կողմ և 13 դեմ ձայնով: Ընտրությանը մասնակցել էր 22 ընտրող։

Ի տարբերություն դեկտեմբերի 8-ին անցած ընտրությունների, այս անգամ կա երկու թեկնածու՝ գործող համայնքի ղեկավար Սլավիկ Սալոյանը եւ Թլիկի դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանը։

Այսօրվա ընտրությունները աչքի են ընկնում ակտիվությամբ՝ ժամը 16:30-ի դրությամբ քվեարկությանը արդեն մասնակցել է 23 հոգի։ Թլիկի համար սա մեծ թիվ է։

«Հետքի» հետ զրույցում համայնքի ղեկավարի թեկնածու Ալիկ Մստոյանն ասաց, որ այս անգամ ընտրությանը մասնակցում են նաեւ Սալոյանի ազգակիցները արտերկրից՝ «նրանք այսօր քվեարկելու են ու վաղը գնան, բայց մենք շարունակելու ենք այստեղ ապրել»։ Թեեւ նրանք ունեն Թլիկի գրանցում, բայց արդեն վաղուց չեն ապրում համայնքում, արտագաղթել են Ռուսաստան։

Համայնքի գործող ղեկավար Սալոյանը նշել էր, որ իր ազգակիցները որեւէ օրենք չեն խախտում՝ թլիկցի են, գյուղի գրանցում ունեն եւ օգտագործում են իրենց քվեարկելու իրավունքը։

«Արդար չէ, որ մեր փոխարեն որոշում կայացնեն այստեղ չբնակվող մարդիկ։ Մեզ համար անձինք կարեւոր չեն, կարեւորը լուծվի ոռոգման եւ խմելու ջրի խնդիրը։ Իսկ գործող գյուղապետը չկարողացավ չորս տարում այս խնդիրը լուծել, դրա համար էլ բնակիչների մեծ մասը նախորդ ընտրություններին նրան դեմ քվեարկեց», - ասաց Թլիկի բնակիչ Մամե Խալատյանը։

«Անկախ դիտորդ»-ի համակարգող Անտոն Իվչենկոն «Հետքի» հետ զրույցում ասաց, որ «հաշվառված, սակայն փաստացի այլ տեղ բնակվող անձանց քվեարկությունը մի կողմից սահմանափակում է համայնքում հաշվառված և փաստացի բնակվող անձանց իրենց համայնքի ինքնակառավարման մարմինները ստեղծելու իրավունքը և մյուս կողմից տեղիք է տալիս չարաշահումների, որոնց մասին բարձրաձայնվում էր տարիներ շարունակ և բարձրաձայնվել է նաև հետհեղափոխական Հայաստանում»։

Թլիկը գտնվում է հայ-թուրքական սահմանին, 1993 թվականից գյուղում չկա խմելու ջուր, այն գնում են Թալինից գյուղ եկող ջրատար մեքենայից։

2018 թվականի սեպտեմբեր ամսին Թլիկի բնակիչները փակել էին Երևան-Արմավիր-Գյումրի ճանապարհը, պահանջելով, կենցաղային ջուր ունենալու խնդրի լուծում:

Թլիկում չկա նաեւ մշտական ոռոգման ջուր՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում ոռոգման ջուրը նույնպես գնում են, քանի որ Ախուրյան գետից ջուր քաշող պոմպը տեխնիկական խնդիրների պատճառով չի գործում։

Կարդացեք նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter