HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թլիկ. այստեղ ջուրը ոսկուց թանկ է

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղում խմելու ջրի հարցը շարունակում է առաջնահերթ մնալ, բայց մայիսին դրան ավելացել է կենցաղային նպատակների և անասունների համար Ախուրյանից մղվող ջրի բացակայությունը, ինչը զայրացնում, երբեմն էլ հուսահատեցնում է թլիկցիներին:

Թլիկ ենք հասնում կեսօրին: Արևից չորացած խոտերի ու քարքարոտ ճանապարհի ֆոնին մի քանի կանաչ ծառեր են երևում: Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը ձեռքով ցույց է տալիս Թուրքիայի սահմանը: Այստեղից պարզ երևում է Հայաստանից այն կողմ տարածքը:

Գյուղում լռությունը ճնշող է, անգամ շան հաչոց չի լսվում: Տան բակերում մեկումեջ լվացք է կախված, դրանց ստվերում շներ են պառկած: Քիչ հեռվում խոտի տուկերից կազմված «սար» է երևում, մոտենում ենք:

Մամեն «սարի» գագաթից իջնում է, լայնեզր գլխարկը հանում ու ձեռքը պարզում մեզ: Քրտնած ճակատին չորացած խոտի կտորտանքներ են կպել, Մամեն վառում է սիգարետն ու մեզ ուղեկցում տան բակում գտնվող տաղավարը:

«Հիմի էս եղանակին որ մարդ չկարնա մե հատ լավ լվացվի, լողնա, ո՞նց կլինի, ասե՛ք»,- ասում է Մամեն՝ հայացքն ուղղելով մեզ: Մենք չենք պատասխանում, որովհետև առանց դրա էլ Մամեն գիտի պատասխանը:

Արդեն 2,5 ամիս է, ինչ Թլիկում գնում են ոչ միայն խմելու, այլև կենցաղի և անասունների ջուրը: Գյուղն, ըստ բնակիչների, 1993 թ.-ից խմելու ջուր չունի, այն առնում են Թալինից 7-10 օրը մեկ Թլիկ եկող ջրի մեքենայից. 40 լիտրն արժե 350 դրամ: Կենցաղի և անասունների խմելու ջուրն էլ վերցնում են սահմանային Ախուրյան գետից պոմպի միջոցով: Դրա համար վճարում են ըստ ընտանիքում եղած անձանց թվի ու անասունների գլխաքանակի (ամեն մեկի համար՝ ամսական 150 դրամ): Բայց խնդիրն այն է, որ պոմպը մայիսից այս կողմ չի աշխատում, բնակիչները փաստի առաջ են կանգնել:

Թլիկն Արագածոտնի մարզի վերջին գյուղն է Երևան-Արմավիր-Գյումրի ճանապարհին: Շիրակի մարզի առաջին գյուղը՝ Անիպեմզան, ընդամենը 5-6 կմ հեռավորության վրա է: Մամեն ասում է, որ պոմպի չաշխատելու պատճառով ստիպված Անիպեմզայից արտեզյան ջուր են գնել, 5 տոննան՝ 8 հազար դրամ: Բայց շեշտում է, որ այդքանը մեկ շաբաթ էլ չի բավականեցնի, իսկ պոմպով ջուր վերցնելն ավելի ձեռնտու էր, քանի որ կենցաղի ու անասունների համար իր ընտանիքն ամսական մոտ 5 հազար դրամ էր վճարում:

Մամե Խալատյանը 30 տարեկան է, երեք որդի ունի: «Էս ո՞ր դարն ա, որ դրսում տաշտը դնես, ասես՝ վեդրոյի ջրի կեսով դու լողացի, մյուս կեսն էլ պահի, որ ախպերդ լողնա»,- հարցնում է Թլիկի բնակիչը:

Մամեն խոշոր անասուններ է պահում, բացի դրանից՝ այգիներ է մշակում օրական 6 հազար դրամով: Աշխատածին էլ երկու հազար դրամ է ավելացնում, որ Անիպեմզայից ամեն շաբաթ կենցաղի ու անասունի ջուր գնի:

Թլիկում սովորական երևույթ են տանիքների տակ դրված մեծ տարաները, որոնցով անձրևաջուր են հավաքում կենցաղի ու անասունների համար: Բնակիչներն ասում են՝ գյուղում մարդ կա, որ ջուր չի գնում, անձրևներին տարաները լցնում ու օգտագործում է թե՛ խմելու, թե՛ կենցաղի համար:

Ըստ Մամեի՝ նախորդ տարի գյուղում 4 անասուն վիժել է ջրի սակավության պատճառով: «Էս ո՞ր դարն ա, որ էթամ կրուշկով գյոլից ջուր լցնեմ, բերեմ հորթերիս ջուր տամ»,- հարցնում է Մամեն. հայացքը մռայլվում է, ձեռքով տրորում է դեմքը: Ապա խնդրում է կնոջը սառը ջուր բերել: Սեղանին դրվում է Թալինի մեկ լիտր սառը ջուր: Ներկաներն ասում են՝ սա գիտե՞ք ինչ է էս գյուղի համար:

Բակում քիչ-քիչ հավաքվում են հարևանները, զրույցին անգամ կանայք են միանում, որ մինչ այդ թաքնվել էին տաղավարի երկու կողմերում, որպեսզի չլուսանկարվեն:

Թլիկի դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ալիկ Մստոյանն ասում է, որ մայիսից պոմպը խնդիրներ ունի, վերջերս էլ կայծակից հաշվիչն է վառվել: Պոմպն Ախուրյանի ջուրը մղում է գյուղում դրված մեծ ցիստեռնի մեջ, որից էլ ջուր են վերցնում գյուղացիները: Քանի որ ցիստեռնը գյուղի կենտրոնից հեռու է, և դժվարություններ է առաջացնում հատկապես ձմռանը սայլակներով ջուր կրելու համար, որոշել են խողովակներ անցկացնել գյուղամեջ ու ցիստեռնը տեղափոխել այստեղ: Բայց խողովակներն անցկացնելուց հետո գործը կանգնել է, թլիկցիներն ասում են, թե ցիստեռնը տեղափոխելու համար վերամբարձ կռունկ ու քարշակ է անհրաժեշտ վարձել:  

Վերադառնալով պոմպի հարցին՝ Ալիկն ասում է. «Հարցն էսպես էր. մենք պայմանավորվել էինք գյուղապետի հետ, որ իր հետ հերթով իջնելու ենք ջուրը միացնենք: Ինքն առողջական խնդիրներ ուներ, չէր կարողանում գալ, մի քանի անգամ ես ու Մամեն ենք իջել: Էդ տեղանքում ահռելի օձեր կան, մարդ կա՝ վախենում է դրանցից: 20 օր առաջ իջանք, մի 20 տոննա կաչատ արեցինք, էլ չեղավ: Գյուղապետը պիտի մասնագետ կանչի»:

Թլիկցիներն ասում են, որ գյուղապետը ոչինչ չի անում: Էլեկտրիկ են կանչել, խնդրել, որ իջնի Ախուրյան ու նայի պոմպը, քանի որ մտածում են, թե անսարքությունը հենց հոսանքով է պայմանավորված: Բայց էլեկտրիկն ասել է, որ պետք է գյուղապետը «ճամփա տա»: Նման խնդիր ծագել էր 2017-ի հունվարին, երբ փչացել էր պոմպի շարժիչը: Գյուղացիներն իրենց ուժերով չէին կարողացել կարգի բերել այն ու ստիպված էին եղել էլեկտրիկ կանչել, բայց վերջինիս սահմանապահները չէին թողել դուրս գալ Ախուրյան, քանի որ անցագիր չուներ: Հետագայում հարցը լուծվել էր:

«Գյուղապետն էսօր գնացել է իր գարիով, ցորենով զբաղվի, չի հետաքրքրվում, որ գյուղն էսօր առանց ջրի է: Ոչ մեկին չի հետաքրքրում, անապատ է էս գյուղը»,- վրդովվում է Մամեն՝ ավելացնելով, որ եթե ջրի հարցը չլուծվի, ընտանիքով լքելու է երկիրը: Նրա վճռականությանը միանում է Ալիկը:

Ավագներից Սուրիկ Խալատյանն էլ համոզված է, որ Թլիկը ջուր չունի, քանի որ եզդիաբնակ է: «Էս մեր եզդիական գյուղը իշխանությունների աչքից միշտ էլ հեռու ա եղել, հեռու ա եղել, հեռու ա եղել»,- ասում է նա:

«Էթամ Թուրքիայից ջուր բերե՞մ»

Ամեն անգամ, երբ Թլիկ ենք գնացել, գյուղապետարանի դուռը միշտ փակ է եղել, այդպես էր նաև այս անգամ: Գյուղապետ Սլավիկ Սալոյանին Թլիկում հանդիպել ենք մեկ անգամ՝ անցյալ տարեվերջին, այն էլ՝ պատահական, մեքենայով անցնելիս, այդ ժամանակ էլ խնդրեցինք գյուղապետարան մտնել: Այդ օրը գյուղում հարսանիք էր, խնջույքն անելու էին գյուղապետարանի շենքում գտնվող ակումբում:

Այս անգամ ևս չհաջողվեց հանդիպել Սալոյանին, կինն ասաց, թե մեր գալուց րոպեներ առաջ արտ է գնացել, չնայած գյուղապետի մեքենան տան բակում կանգնած էր: Ընդ որում՝ օրն ու ժամն աշխատանքային էին:

Երբ զանգահարեցինք Սլավիկ Սալոյանին, ասաց, թե ինքն էլ պատրաստվում էր մեզ զանգել: Դիտարկմանը, թե մեր՝ գյուղ գնալու օրերին՝ աշխատանքային ժամերին, գյուղապետարանը միշտ փակ է եղել, գյուղապետն ասաց, թե առանց զգուշացնելու ենք գնացել, նախապես պայմանավորվեինք, իսկ աշխատանքային ժամին տեղում չէր, քանի որ բերքահավաքի շրջան է: Ամբողջ հարցն այն է, որ նախորդ դեպքերում Թլիկ հիմնականում այցելել ենք ուշ աշնանը կամ ձմռանը, երբ բերքահավաքի մասին խոսք լինել չէր կարող:

Սալոյանի փոխանցմամբ՝ գյուղացիները չեն ցանկանում գնան ու ջուրը միացնեն, իսկ գյուղապետարանը աշխատակից չունի դրա համար: Ըստ նրա՝ համաձայնության էին եկել բնակիչների հետ, որ իր հետ կգնան ջուրը կմիացնեն, սակայն ինքը որոշ ժամանակ հիվանդ էր, ի վիճակի չէր գնալ: Օրեր առաջ, ըստ գյուղապետի, եղել է կիրճում, տեսել է, որ պոմպի շարժիչն է փչացել, ասում է՝ կայծակից է եղել, ապա պնդում, որ հարցը հոսանքի հետ կապված չէ, շարժիչը պիտի փոխվի: Հետո հարցնում է, թե որ հիմա շարժիչը փչացել է, տարեկան 1 միլիոն դրամ պիտի հատկացնի՞ պոմպին, երբ գյուղապետարանի տարեկան ամբողջ բյուջեն 2 միլիոնից մի քիչ ավելի է:

Սլավիկ Սալոյանն ասում է, թե այս սեզոնին գյուղում փաստացի 4 տնտեսություն կա, իսկ առհասարակ փաստացի գործում է 6 տնտեսություն: Մեզ հետ զրույցներում, սակայն, թլիկցիները հայտնել են, որ ընդհանրապես գյուղում գործող 18 տնտեսություն կա: 2017-ի վերջին մեր հանդիպման ժամանակ սա հաստատել էր հենց ինքը՝ Սլավիկ Սալոյանը՝ նշելով, որ Թլիկում գրանցվածները 92-ն են, բայց ապրում է նշվածի կեսը: Գյուղի դպրոցում, օրինակ, անցյալ ուսումնական տարում 23 աշակերտ էր սովորում: Սակայն անկախ նրանից, թե գյուղում քանի հոգի է ապրում՝ շատ թե քիչ, բոլորն էլ ջրի կարիք ունեն թե՛ իրենց, թե՛ անասունների համար:

Գյուղապետը դժգոհում է, որ ջրի գումարը (150-ական դրամները) բնակիչները ժամանակին չեն վճարում, բայց գյուղացիներն էլ մեզ հետ զրույցում պնդեցին, որ վճարում են նույնիսկ մայիսից այս կողմ, չնայած ջուր չեն ստանում:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է, որ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, բայց վերջին անգամ, գյուղապետի փոխանցմամբ, այս համայնքում ավագանու նիստ եղել է մայիսին, որի ժամանակ ջրի վճարի հարցն է բարձրացվել, սակայն որոշում չի ընդունվել: «Սաղ ժողովուրդը, կռիվ անելով, վեր կացան գնացին, մեկը համաձայնեց, մյուսը՝ ոչ»,- ասում է Սլավիկ Սալոյանը: Արագածոտնի մարզպետարանի կայքում ներկայացված Թլիկի ավագանու վերջին որոշումները թվագրված են այս տարվա փետրվարի 15-ով, իսկ համայնքի ղեկավարի վերջին որոշումն ընդհանրապես 2015 թվականի է:  

Ինչպես արդեն գրել ենք, Թլիկում չկա նաև խանութ ու մանկապարտեզ, ոռոգման ջուր, բայց ամենամեծ խնդիրը խմելու ջուրն է: Մեզ հետ հեռախոսազրույցում գյուղապետն ասաց, թե տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ջրի մատակարարման ծրագիր է առաջարկել իրենց, որի համար համայնքը 5 միլիոն դրամ ներդրում պիտի անի, բայց Թլիկն այդ միջոցները չունի:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում հարցի լուծումը, Սլավիկ Սալոյանն այսպես արձագանքեց. «Էթամ Թուրքիայից ջուր բերե՞մ, որ չեն գնում, չեն աշխատում, ես ի՞նչ անեմ»: Մեր հաջորդ հարցին, թե այս իրավիճակում արդյոք հնարավոր է հրաժարվի պաշտոնից, պատասխանեց, որ այո, եթե վիճակն այսպես շարունակվի, հրաժարական է տալու:

Գյուղապետի պարտականությունն է. մարզպետարանի աշխատակից

Խորհրդային տարիներին Թլիկը խմելու և ոռոգման ջրի խնդիր չի ունեցել: Խմելու ջուրը գյուղը ստանում էր Թալինից եկող «Չլկաններ» համակարգից: Ախուրյանի ջրով էլ ոռոգվում էին տնամերձ հողամասերը և Արմավիր-Գյումրի ճանապարհին կից հողահանդակները, որոնք գյուղացիները «դուրան» են անվանում: Խնդիրները ծագել են 1990-ականներից: 1993-ից այս կողմ գյուղը խմելաջուր չունի:

«Մինչև 1997-ը ջրի սով էր, «Փրկենք երեխաներին» կազմակերպությունը եկավ, նասոս իջացրինք, ձորից ջուրը բերում ենք, բայց խմելու ենթակա չի: Երեխեքը փորլուծ ընկան, մարմինները դուրս տվեց, հիմա մենակ անասունի ու լվացքի համար ենք օգտագործում»,- Ախուրյանից մղվող ջրի մասին պատմում է Սուրիկ Խալատյանը: Մյուս կողմից՝ եթե խմելու ջուրը գնում են Թալինից եկող մեքենայից, ապա հողերը մնացել են տեղումների հույսին:

Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանն ասում է, որ ժամանակին Թլիկի սահմանապահ ուղեկալի տարածքում խորքային հոր կար, որտեղից բնակիչները կենցաղային ջուր էին ստանում: Սակայն թլիկցի Ալիկ Մստոյանն ասում է, որ գյուղում 2 խորքային հոր բացվել է 1985-ին. մեկը՝ ուղեկալի տարածքում, երկրորդը՝ մայրուղու հարևանությամբ, սակայն դրանք շատ շուտ փակվել են, իսկ երբ վերջերս իրենք ցանկացել են վերամբարձ կռունկի օգնությամբ հանել ուղեկալի տարածքում եղած հորի պոմպը, չեն կարողացել: Ըստ Մստոյանի՝ չի բացառվում, որ երկրակեղևի տատանումներից հորատանցքը ծռվել է:  

Անցյալ ամռանը, երբ ֆիլմ էինք նկարում ջուր չունեցող համայնքների մասին, Թլիկի հարևան Գետափի գյուղապետ Մուրադ Մանուկյանը պատմել էր, որ երբ Շիրակի մարզի Կրասարի աղբյուրներից դեպի Անիպեմզա խմելու ջրագիծ է կառուցվել, 2000 թ. Թլիկն ու Գետափը դիմել են կառավարությանը՝ խնդրելով իրենց էլ ներգրավել ծրագրում: 2001-ին, ըստ Մանուկյանի, Անիպեմզայից մինչև Գետափ 8 կմ-ոց նոր ջրագիծ է անցկացվել, Անիպեմզայում էլ 500 խմ-ոց օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվել: Բայց Մուրադ Մանուկյանի տեղեկացմամբ՝ ո՛չ Անիպեմզան, ո՛չ Գետափը, ո՛չ էլ Թլիկը ջրագծից երբևէ չեն օգտվել:  

Աշոտ Դավայանն ասում է, որ այս հարցը բարձրացրել են ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջ. «Դա 3 տարի առաջ էր, բայց ջրպետկոմը հրաժարվեց այդ գիծը շահագործելուց, քանի որ ծախսատար էր: Սակայն ինչքան հիշում եմ, մենք 2000 թվից այդ հարցը միշտ առաջ ենք քաշել»: Ըստ մարզպետարանի վարչության պետի՝ Թլիկ ջուր հասցնելը մարզպետարանի ուժերից վեր է, «դա պիտի պետական լուրջ կառույցն անի»: Այդպիսի կառույցն այս պարագայում նշված կոմիտեն է: 

Անդրադառնալով Ախուրյանի ջրերը Թլիկ մղող պոմպի խնդրին՝ Ա. Դավայանը շեշտում է, որ պատասխանատուն միանշանակ գյուղապետարանն է. «Խնդիրը հետևյալն է՝ գյուղապետարա՛ն, ինչո՞ւ չես պոմպդ վերանորոգում, կարո՞ղ է ամեն գյուղի համար մենք գնանք պոմպը վերանորոգենք, վերջիվերջո գյուղապետարան կա, պատասխանատու կա, նա պիտի զբաղվի»:  

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի 

Մեկնաբանություններ (2)

Սամվել Հովասափյան
Դե եկ վարդապետ ու մի խևանա։ Նման անխնամ վերաբերմունք երկրի բնության հետ, աշխարհում ոչ մի տեղ չի կատարվում։ Նախ շնորհակալություն Հետքի բոլոր թղթակիցներին, ովքեր նման կարևոր աշխատանք են կատարում։ Հետո շատ կուզեի, որ բոլոր նման հոդվածները կարդային նախ և առաջ կաթողիկոսը, հետո ձեռքերը առ երկինք պարզած ջերմեռանդ աղոթեր, կարդար ՀՀ-յան նախագահ՝ պարոն Արմեն Աարգսյանը և հետո ասեր, որ հայ ազգը հերոս ազգ է, կարդար նաև ՀՀ վարչապետ պարոն՝ Նիկոլ Փաշինյանը և հետո ասեր, որ իրենք ծրագրում են Հայաստանի բնակչությունը մինչև 2050 թվականը հինգ միլիոն դարձնել։
Գեւորգ Կիրակոսյան
Թլիկն ու եզդի եղբայրները բացառություն չեն: Լիքը մանր մունր գյուղեր ունենք, որոնք ջրի պակասից տառապում են: Միեւնույն ժամանակ ունենք հարյուրավոր նորակառույց նախշուն եկեղեցիներ, այն դեպքում, երբ մի եկեղեցու արժեքով կարելի է մի 6-7 գյուղ ջրով ապահովել: Կարելի է մեջտեղն էլ մի սիրուն աղբյուր սարքել ու վրան մեծ տառերով գրել՝ «սարքեց մեծաշնորհք Պողոս Պողոսյանը:» Ու՜մ ավելի երկար կհիշեն ու երանի կտան: Կարծում եմ այստեղ մեծ գործ կարող են կատարել խելոք լրագրողները: Նկատի ունեմ մեր բարի փողատերերին այս պարզ բանը գլխի գցելը!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter