
Փոխակերպվող աշխարհը եւ Հայաստանը
Ալեք Ենիգոմշյան
I. Հայաստանի դիմագրաված խնդիրներն ու համաշխարհային համատեքստը
Հայաստանը դիմագրավում է մեկ էական մարտահրավեր. դառնալ կենսունակ երկիր և պետություն: Դա նշանակում է իր բոլոր քաղաքացիների համար բոլոր առումներով արժանապատիվ կյանքի, և երկրի ու ժողովրդի անվտանգության ու ինքնիշխանության պայմանների ապահովում:
Այդ մարտահրավերի հաղթահարման համար կամ դրա ճանապարհին Հայաստանը պետք է չեզոքացնի ներքին և արտաքին անմիջական մի քանի վտանգներ ու սպառնալիքներ և նրանց տուն տվող պատճառները` ժողովրդագրական համաղետը, բնապահպանական աղետն ու սպառնալիքները, Ադրբեջանի հետ անհավասար պատերազմի վտանգը և արդեն իսկ կիսատ ինքնիշխանության լրացուցիչ կորստի վտանգը:
Հայաստանն այս խնդիրները դիմագրավում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ինքը գտնվում է խորագույն և համապարփակ տնտեսական, սոցիալական, քաղաքական, աշխարհքաղաքական, բնապահպանական և այլ անկայունությունների և ճգնաժամերի հորձանուտում: Այս վերջինները վերանալու, անգամ մեղմանալու միտում ցույց չեն տալիս: Ընդհակառակը: Նրանց միաժամանակությունը, համատարածությունը և խորությունը պատահականության արդյունք չեն: Այդ ճգնաժամերն ու անկայունությունները աշխարհում տեղի ունեցող խորագույն նշանակության երկու փոխկապակցված փոխակերպումների հետեւանքներն են: Դրանք են` կապիտալիզմի կառուցվածքային, գոյութենական ճգնաժամը և արտադրության ու ծառայությունների ամբողջական ավտոմատացման միտումի հետեւանքով աշխատանքի անհրաժեշտության ավարտի միտումը: Այն մեխանիզմները, որոնք անցյալում լավ կամ վատ կերպով կարգավորել են ներհասարակական և միջազգային հարաբերությունները, այս փոխակերպումների և նրանց հետեւանքների պատճառով դարձել են անարդյունավետ և սպառվել: Առաջացել է քաղաքակրթական ճգնաժամ: Աշխարհն ինքը հայտնվել է այս խնդիրներին համակարգային նոր լուծումներ գտնելու հրամայականի առջեւ:
Հայաստանի դիմագրաված խնդիրների լուծումն անհնար է պատկերացնել համաշխարհային այս գործընթացների տրամաբանության ու հնարավոր հանգուցալուծումների ճիշտ գնահատումից կտրված ու անջատ միջավայրում: Հին, սպառված լուծումների փնտրտուքը, կարծրատիպերից կառչումը ժամանակավրեպություն է, այսինքն երաշխավորված ձախողում: Իսկ մեզ նորից ձախողվելու պերճանքը տրված չէ:
Համաշխարհային գործընթացների աշխարհքաղաքական հետեւանքների ու նրանց միտումների դիտարկումը հիմք է տալիս ենթադրելու, որ միջին ժամկետում (15-20 տարի) Այսրկովկասի տարածաշրջանում առաջանալու է ռազմավարական դատարկություն, որը, այլ դասավորություն չձեւավորվելու պարագայում անպայմանորեն փորձելու է լցնել Թուրքիան, Հայաստանի համար կանխատեսելի հետեւանքներով: Ելնելով այս հավանական սցենարից, Հայաստանի անվտանգային, տարածաշրջանային և արտաքին առաջնային խնդիրը պետք է լինի բացառել նման հավանականության իրականացումը: Ուստի այս առումով Հայաստանի` միջնաժամկետ (քաղաքականությունը, որից պետք է բխեն նաեւ կարճաժամկետ քայլերը, պետք է հետապնդի հետևյալ նպատակները.
- Առավելագույն հնարավոր ինքնիշխանության ձեռքբերում, այսինքն` բոլոր երկրների, առաջին հերթին Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերությունների հաստատում:
- Բոլոր (առաջին հերթին պաշտպանական) առումներով հզորության անհապաղ ձեռքբերում:
- Աշխարհքաղաքական հնարավոր դատարկության Թուրքիայի կողմից կլանումը կանխելու նպատակով` մինչեւ սեփական հզորության ձեռքբերում Ռուսաստանի ռազմավարական առումով ներկայության պահպանում:
- Տարածաշրջանային անվտանգության ապահովման և հավանական դատարկության այլ ուժերի կողմից շահագործումը կանխելու նպատակով սեփական ուժերով և տարածաշրջանային ու դրանից դուրս շահագրգիռ ուժերի հետ համատեղ անվտանգային դասավորության ձեւավորում:
Մյուս կողմից, Հայաստանը գտնվում է սոցիալ տնտեսական և ներհասարակական հարաբերությունների աննախանձելի վիճակում: Նրան պետք է հաջողվի նախ անհապաղ հասնել արժանապատիվ կենսամակարդակի և հոգեմտավոր մակարդակի նվազագույն շեմի, և ապա նվաճել ավելի բարձր մակարդակներ:
Բայց տնտեսական համատարած, ավելի ճիշտ կապիտալիզմի կառուցվածքային ճգնաժամի պատճառով տնտեսական աճի տեմպերն աշխարհում ամենուր և տեւական ժամանակ անկում են կրում: Դրա պատճառների գիտակցումը հուշում է, որ այս իրավիճակը շարունակվելու է: Միեւնույն ժամանակ տեխնոլոգիական նվաճումների և գործընթացների ավտոմատացման հետեւանքով առաջանում է տեւական կառուցվածքային գործազրկություն: Խորքային այս փոխակերպումներն ամբողջ աշխարհում ծնել են խորքային լուծումների անհրաժեշտություն:
Համաշխարհային այս իրադրությունն ու միտումները թելադրում են, որ Հայաստանը`
- Կիրառի ընդգծված սոցիալ-դեմոկրատական քաղաքականություն: Դա նշանակում է ռեսուրսների և հարստության զգալի մասի հանրային վերահսկողություն և նպատակային ու հավասարամետ բաշխում: Դա չի նշանակում մասնավոր սեփականության և շուկայական հարաբերությունների արգելակում:
- Պատրաստվի կենսունակ պայմաններում դիմավորելու վաղվա ավտոմատացված աշխարհի պայմանները: Դա ենթադրում է բարձր տեխնոլոգիական առաջընթացի ապահովում, դրա նկատմամբ հանրային վերահսկողության և մասնակցության ձեռքբերում, տեխնոլոգիական գիտելիքների հանրայնացում:
- Մասնակցի նոր որակի, ավելի ազատ, արդար և հավասար, մարդու նյութական և հոգեմտավոր ինքնաիրացմանն ավելի հարիր միջավայրի և կամ հասարակարգի ձեւավորման համաշխարհային պայքարին, աշխատանքներ տանի երկրի ներսում դրա նախադրյալների ստեղծման ուղղությամբ:
Ստորեւ փորձ է կատարվում հանգամանորեն ներկայացնել աշխարհում տեղի ունեցող փոխակերպումները և նրանց առկա ու սպասվող հետեւանքները, և դրանց ու Հայաստանում տիրող իրավիճակի հենքի վրա` հիմնավորել և մանրամասնել Հայաստանի խնդիրների լուծման համար արտաքին ու ներքին քաղաքականության վերոնշյալ առաջարկված ուղիները:
Հաշվի առնելով արծարծված թեմաների քանակը և բազմազանությունը, նյութի ամբողջականության ընկալելիության նախանձախնդրությամբ նրանք կներկայացվեն հնարավորինս հակիրճ, երբեմն նույնիսկ պնդումների տեսքով: Ավելի ընդարձակ և հիմնավոր բացատրությունների համար` սեղմել համապատասխան հղումները:
II. Աշխարհը խորագույն փոխակերպումների հորձանուտում
Աշխարհում առկա և խորացող համապարփակ և համատարած անկայունությունները հետեւանքն են քաղաքակրթական նշանակության փոխակերպումների, որոնց հիմքում գտնվում են սերտորեն փոխկապակցված երկու գործընթացներ` կապիտալիստական համակարգի գոյութենական ճգնաժամն ու աշխատանքի անհրաժեշտության ավարտի միտումը:
Կապիտալիզմը հայտնվել է գոյութենական ճգնաժամում: Նրան արդեն չի հաջողվում իրականացնել իր գոյության իմաստը, որն է նշանակալից մակարդակի շահույթի շարունակական ձեռքբերումն ու կապիտալի անվերջ կուտակումը:
Առարկայական և կառուցվածքային անդառնալի պատճառներով, բացի (դեռեւս) նոր տեխնոլոգիական ոլորտներից, շահութաբերությունը խիստ անկում է կրել իրական տնտեսությունում (ապրանքների արտադրություն և ծառայությունների մատուցում):
Նաեւ այս երեւույթի պատճառով կապիտալը հսկայական ծավալներով տեղափոխվել է ֆինանսական, հատկապես սպեկուլատիվ գործարքների ոլորտ: Իրական տնտեսությունից կտրված ֆինանսական գործարքները որոշ ժամանակ կարող են լինել խիստ շահութաբեր, բայց դրանք իրենցից մեծ մասամբ փուչիկներ են ներկայացնում, խիստ ռիսկային են և ի վերջո անխուսափելիորեն ավարտվում են փլուզումով:
Այս երկու երեւույթների հետեւանքով աշխարհի տնտեսությունը վերածվել է աստղաբաշխական թվերի հասած, մեծապես ռիսկային պարտքային տնտեսության:
Շահույթի ծավալների նվազման միտումն սկսել է 1970թթ.: Դրան որպես հակազդեցություն սկսած 1980թթ. կապիտալիզմը դիմել է նորազատական (նեոլիբերալիստական) քաղաքականության, որի նպատակն այլ բան չէր, քան առկա և նոր ստեղծվող հարստության կտրուկ վերաբաշխում հօգուտ կապիտալիստական դասի: Դրված խնդիրը լուծվել է. առաջացել է գերհարուստների փոքրագույն շերտ և սոցիալական խոր բեւեռացվածություն: Բայց դա ոչ միայն չի լուծել համակարգային ճգնաժամը, այլ ավելի է խորացրել այն:
Ասվածը հիմնավորող որոշ տվյալներ.
- Ամբողջ աշխարհի ՀՆԱ-ն, կայուն գներով հաշվարկված, 1961-73թթ., այսինքն մինչեւ շահույթի ծավալների անկման պատճառով տեղի ունեցած տնտեսական ճգնաժամ, աճել է տարեկան միջինացված 5,42%-ով, մինչդեռ 1974-2017թթ.` 2,93%-ով. ընդ որում, 1993-2017թթ., չնայած Չինաստանի ու մի շարք այլ երկրների թռիչքային աճին և թվային տնտեսության հաղթական գրոհին, նույնպես ընդամենը 2,9%-ով:
- Մարող տնտեսությունը կենդանի պահելու և միաժամանակ շահույթ ձեռքբերելու համար համակարգը ձեւավորել է աստղաբաշխական ծավալների պարտքային համակարգ: Ներկա դարասկզբին համաշխարհային համախառն պարտքի ծավալները համապատասխանում էին այդ ժամանակվա աշխարհի ՀՆԱ-ի 168%-ին: 2008թ.` ճգնաժամի տարում` դրանք հատել էին նույն տարվա ՀՆԱ 268%-ը, իսկ 2019թ առաջին եռամսյակին` մոտ 247 տրիլիոն տոլարով` ՀՆԱ 320%-ը:
- Պարտքային տնտեսությունը կապիտալի ֆինանսականացման կարեւոր դրսեւորումներից է, բայց ոչ միակը: 1980թ. ամբողջ աշխարհում ֆինանսական ընդհանուր ակտիվները հաշվում էին 12 տրիլիոն դոլար, ինչը համապատասխանում էր այդ տարվա համաշխարհային Հնա-Ի 43%-ին: 1993թ. դրանք արդեն համապատասխանում էին այդ տարվա ՀՆԱ 133%-ին, 2007թ., ֆինանսական ճգնաժամի դրսեւորման տարում` 343%-ին, իսկ 2017թ. դրանց ծավալը հասել էր 382 տրիլիոն դոլարի, որը համապատասխանում է աշխարհի այդ տարվա ՀՆԱ 476%-ին:
Ընդ որում, 2017թ. ֆինանսական ընդհանուր ակտիվների 30,5%-ը կամ 116,6 տրիլիոն դոլար հանդիսանում էին կարգավորումից դուրս ("shadow banking") գտնվող ակտիվներ, որոնք նույնիսկ ավելի ռիսկային են, քան բանկային կարգավորման ենթակա ակտիվները: Ի դեպ, դրանք աճում են ավելի արագ տեմպերով, քան կարգավորված ակտիվները:
Սպեկուլատիվ փուչիկներն ու պարտքային լեռները հանգեցրին 2007-08թթ. մեծ անկումին: Դրանից հետո` ճգնաժամի խորքային պատճառները մնացել են անփոփոխ: Ոչինչ չի փոխվել նաեւ մեծ կապիտալի տերերի պահվածքում: Իսկ դրանցից առաջացած ռիսկերը, ինչպես նշված տվյալները ցույց են տալիս, ավելի են խորացել: Մի նոր, ավելի հզոր ֆինանսական աղետ կանգնած է դռների ետեւում: Իսկ դեղամիջոցներն սպառված են:
Կապիտալիզմը խցանվել է թե' իրական տնտեսության և թե' ֆինանսական ոլորտներում:
Թվային տվյալների աղբյուրներ.
- Taking Stock of the World’s Capital Markets, McKinsey Global Institute, 2005․
- Global financial assets, 1990-2008 (US dollar trillion)․
- $250 Trillion in Debt: the World’s Post-Lehman Legacy, Brian Chappatta; Bloomberg, September 13, 2018․
- The global debt binge begins anew, Dion Rabouin, Axios, Jul 15, 2019․
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել