HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանը մերժեց զորակոչից խուսափած անձանց վերաբերյալ օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու հարցը օրակարգ ներառել

Խորհրդարանը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգելու նախագիծն օրակարգ ներառելու հարցը:

Տեղեկացնենք, որ գործող իրավակարգավորմամբ` զորակոչից խուսափած անձինք այլևս չեն կարող վերադառնալ Հայաստան, վճարել պետական տուրքը և ազատվել քրեական պատասխանատվությունից: Օրենքի գործողության ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 31-ին, հետևաբար հունվարի մեկից զորակոչից խուսափած ցանկացած քաղաքացի, երբ վերադառնա Հայաստան, ենթարկվելու է քրեական պատասխանատվության:

Նախագծի հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով` օրենքի գործողության ժամկետի երկարաձգմամբ հնարավորություն են ընձեռում այն քաղաքացիներին, ովքեր զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք, տուգանք վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Երբ նախորդ տարի գարնանը ընդունում էինք այս նախագծում փոփոխություն կատարելու հարցը, հանձնաժողովում քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչները և մեծամասնության պատգամավորները խոստացան մինչ օրենքի ժամկետի լրանալը տալ հիմնարար լուծում, բայց մինչ տարվա ավարտ որևէ լուծում չկար: Կար քննարկվող տարբերակ, որը դրվեց շրջանառության մեջ, ապա հանվեց, մենք առաջարկում ենք օրենքի գործողության ժամկետը երկարաձգել, որ հնարավորություն տրվի 2020-ի ընթացքում մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասաց Գորգիսյանը:

Պատգամավորի խոսքով` քանի դեռ չկա օրենքի նոր նախագիծ, ապա ցանկացած հետախուզման մեջ գտնվող անձ (զորակոչից խուսափելու հոդվածով), հենց վերադառնա Հայաստան, ենթարկվելու է քրեական պատասխանատվության:

«Քանի դեռ չկան նոր խաղի կանոններ, առաջարկում ենք նույն օրենքը գործի մինչև մշակվի նոր նախագիծ»,- ասաց նա:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տեսակետը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը: Վերջինիս խոսքով` այս նախագիծը դարձել է բանակից խուսափելու օրենք:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ փոփոխության ժամանակ համաձայնության էին եկել, որ վերջին անգամ է օրենքի գործողության ժամկետը երկարացվում: Կարապետյանը կոչ արեց դեմ քվեարկել նախագծին: Գևորգ Գորգիսյանը հակադարձեց` նախագիծը միտված չէ բանակից խուսափելը խրախուսելուն, միտված է ներգաղթին:

Նախագիծը մերժվեց օրակարգ ընդգրկվել 38 կողմ,  79 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Գևորգ Գորգիսյանը հիշեցրեց նաև, որ երեկ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան տարելիցն էր, որը մեծ ներդրում է ունեցել բանակաշինության գործում և շնորհակալություն հայտնեց այն պետական ու քաղաքական գործիչներին, որոնք հարգանքի տուրք են մատուցել վերջինիս հիշատակին:

Տեղեկացնենք, որ վարչապետի և խորհրդարանի պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում չկա որևէ անդրադարձ Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի մահվան 30-րդ տարելիցի առնչությամբ:

Լուսանկարը` Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter