
Գագիկ Ծառուկյան․ «Եթե Հրայր Թովմասյանն ինչ-որ հանցանք է կատարել, թող պատժեն օրենքի սահմանում, բայց ոչ թե քմահաճույքով ու ցանկությամբ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ որևէ գնահատական չի հնչեցնում սահմանադրական փոփոխությունների և կիսանախագահական մոդելի անցման Հայ ազգային կոնգրեսի առաջարկի վերաբերյալ: Ծառուկյանը, սակայն, հիշեցնում է` 2015 թվականին պայքարում էր կառավարման մոդելի փոփոխման դեմ: Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց նա:
«Բոլորդ գիտեք 2015 թվականին Ծառուկյանի, «Բարգավաճի» գլխին ինչ կատարվեց, հիմնականն այս խնդիրն էր, որ կիսանախագահականը պետք է փոխվեր խորհրդարանականի: Ես ասում էի, որ պատերազմող երկրում նման բան չպետք է լինի, միայն ես էի դեմ, հիմնականում ոչ մի քաղաքական ուժ լիարժեք չպաշտպանեց: Կալանավորվեցին 639 իմ ակտիվիստներից մեկ օրվա մեջ: Ասեցի` լավ, ես կարամ քաղաքական էջը ծալեմ, մենակ բոլորին բաց թողնեն»,- ասաց նա:
Ծառուկյանի խոսքով` դեռ կծանոթանան սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին, ապա կհայտնեն դիրքորոշման մասին:
Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Սահմանադրական դատարանում տիրող վիճակի և Հրայր Թովմասյանի հրաժարականի քաղաքական օրակարգի վերաբերյալ, Ծառուկյանը պատասխանեց.
«Ես ամեն ինչ էլ տեսնում եմ և ասում եմ` եթե Հրայր Թովմասյանն ինչ-որ հանցանք է կատարել, խնդիր չկա, թող հանցանքը ներկայացնեն, մարդուն պատժեն օրենքի սահմանում, բայց ոչ թե քմահաճույքով կամ ցանկությամբ: Ցանկացած քաղաքացի պարտավոր է պատասխանատու լինել իր արարքների համար»:
Ինչ վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ գործը իրավապահ մարմինների տիրույթում է, երբ ուսումնասիրություններն ավարտվեն, կհայտնեն իրենց գնահատականը:
Մեկնաբանել