
Քննվում է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Լևոն Քոչարյանը դատարանում են
Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, քիչ առաջ սկսվել է «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի քննությունը:
Նիստին զուգահեռ դատարանի բակում բողոքի ակցիա է տեղի ունենում, որին մասնակցում են ՀՀԿ-ի ներկայացուցիչներ Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, քիչ առաջ դատարան եկավ նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է աջակցելու Հայաստանում մամուլի ազատությանը, քանի որ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանությունները նոր գրոհ են սկսել խոսքի ազատության դեմ:
«Այսօր Արմեն Թավադյանն իր վրա է կրում այդ ռիժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»,- ասաց Աշոտյանը՝ Թավադյանի վերաբերյալ գործը շինծու որակելով: Աշոտյանի համար առավել մտահոգիչ է, որ այս գործի շրջանակներում Արմեն Թավադյանն արդեն 28 օր զրկված է ազատությունից: Վերջինս հայտարարեց, որ ոչ ոք լրատվամիջոցների նկատմամբ անպատիժ ճնշումներ գործադրել, իրենց լռեցնել չի կարող:
Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը դատարանի բակում է՝ ընդդեմ բռնատիրության և հանուն ժողովրդավարության ու խոսքի ազատության:
Լևոն Քոչարյանը նշեց, որ հարցեր է առաջացնում հանգամանքը, որ քրեական գործով մեկ այլ անձ, ում վերաբերյալ տեսանյութ է հրապարակվել, ազատության մեջ է, իսկ Թավադյանը՝ կալանքի տակ: Նշենք, որ այս պահին նիստը շարունակվում է: Թավադյանը բերվել է դատարան ու մասնակցում է նիստին:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019-ի դեկտեմբերի 24-ին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Քրեական գործով, որի շրջանակներում Թավադյանը կալանավորվեց, մեղադրյալ է նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որն, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:
Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մեկնաբանել