HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակվի վաղը

Վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ տեղեկացնելով, որ դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հունվարի 21-ին:

Խուդոյանը հիշեցրեց, որ քրեական գործով, որով Թավադյանին մեղադրանք է առաջադրվել, մեղադրյալ է ևս մեկ անձ՝ Վարուժան Մկրտչյանը: Նա նշեց, որ նիստի ընթացքում իրենք հարցրել են, թե ինչպե՞ս է ստացվում, որ նույն մեղադրանքով մեկ անձ կալանքի տակ է պահվում, իսկ մյուսի նկատմամբ ընտրվում է ազատազրկման հետ չկապված խափանման միջոց:

Ըստ Խուդոյանի՝ սա ամենևին չի նշանակում, որ ցանկանում են՝ Մկրտչյանը ևս կալանավորվի, պարզապես դա ցույց է տալիս Արմեն Թավադյանի նկատմամբ խտրական վերաբերմունքը:

«Անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար: Պարոն Թավադյանն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, կալանավորված կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել»,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ սա իր դիրքորոշումն է:

Ինչ վերաբերում է դատարանից ակնկալիքներին, Խուդոյանը նշեց, որ դատարանի հարցադրումներից ակնհայտ էր, որ նա ամբողջությամբ ընկալել է իրենց բողոքի էությունը, իրավական հարթության մեջ այլ որոշում չի կարող լինել, քան Թավադյանին ազատ արձակելը, սակայն թե ինչ որոշում կկայացվի, կանխատեսել չի կարող:

«Որոշումից պարզ կլինի, թե դրանում ինչքանով է հաշվի առնվել իրավաբանությունը, ինչքանով՝ այլ հարցեր»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019-ի դեկտեմբերի 24-ին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Քրեական գործով, որի շրջանակներում Թավադյանը կալանավորվեց, մեղադրյալ է նաև Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանը, որն, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:

Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter