
Էջմիածնի թիվ 8 հիմնական դպրոցի տնօրենը բողոքի ակցիաների արդյունքում աշխատանքից ազատվել է
Էջմիածնի թիվ 8 հիմնական դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, ինչն էլ դպրոցում դասապրոցեսը վերականգնվելու հիմք է հանդիսացել: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նույն դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Խաչատրյանին:
Դպրոցի 300-ից ավելի ծնողներ թիվ 8 դպրոցից այլ դպրոցներ երեխաներին տեղափոխելու դիմումները հետ են վերցրել և աշակերտներին արդեն ուղարկում են դպրոց:
Դպրոցում կանցկացվի տնօրենի նոր ընտրություն։
Հիշեցնենք, որ այս դպրոցում տևական ժամանակ դասադուլ ու բողոքի ակցիաներ էին ընթանում: Տոներից հետո աշակերտների փոխարեն դպրոց էին գնում նրանց ծնողները: Ուսուցիչները գնում էին դպրոց, սակայն դասապրոցես տեղի չէր ունենում, քանի որ ծնողները երեխաներին չեն ուղարկում դասի: Պատճառն այն էր, որ թե՛ ուսուցչական անձնակազմը, թե՛ ծնողները դեմ էին նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանին, ում դեմ բողոքի ակցիաները դպրոցում սկսվել են դեռևս դեկտեմբերի 16-ից:
Եսթեր Գալստյանի լիազորությունների ավարտից հետո դպրոցում դեկտեմբերի 2-ին անցկացվել էին տնօրենի ընտրություններ: Թեկնածուները երկուսն էին՝ Եսթեր Գալստյանն ու Շուշանիկ Ոսկանյանը: Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից մեկը քվեարկության ժամանակ բացակայել է: Քվեարկության արդյունքում 4 ձայն ստացել էր Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ Շուշանիկ Ոսկանյանը: Քանի որ այդ հարաբերակցությամբ տնօրեն չի ընտրվել, գործն ուղարկվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, վերջինս էլ առաջարկել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին տնօրեն նշանակել քիչ ձայներ ստացած Շուշանիկ Ոսկանյանին:
«Հետք»-ը Գլխավոր դատախազությունից տեղեկացել էր, որ Բաղրամյան գյուղի դպրոցի մասով երկու քրեական գործ է եղել հարուցված: Առաջինում մեղադրյալի կարգավիճակ ունի այդ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը: Նրան մեղադրանք են առաջադրել Քրեական օրենսգրքի 311 և 312-րդ հոդվածների առաջին մասերով, այն է՝ կաշառք ստանալը և կաշառք տալը: Գործը նախաքննության փուլում է, նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն: Մի գործ էլ հարուցվել է 26.01.2019թ.-ին, 308-ի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-ի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), միացվել է առաջին գործին, կատարվում է նախաքննություն:
Մեկնաբանել