HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Պետական ԲԲԸ-ն մասնատել են, շենքերը՝ վաճառել․ պատճառվել է խոշոր վնաս

Հայաստանում քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները նախկինում նշանակվել են ըստ քաղաքական իրադրության։ Իշխող հիմնական ուժի հետ կոալիցիա կազմած կուսակցությունները հերթափոխով ղեկավարել են Քաղաքաշինության նախարարությունը։ Քաղաքաշինության նախարարությունը ղեկավարել են և՛ ՕԵԿ-ի, և՛ ԲՀԿ-ի, և՛ ՀՅԴ-ի ներկայացուցիչները։ Այդ ժամանակ էլ սկսվել են Կառավարությանը պատկանող Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն ԲԲԸ-ի շենքերի մասնատումն ու օտարումը, իսկ նախկին տնօրենը վերցրել և այլևս չի վերադարձրել ԲԲԸ-ին պատկանած 123 միլիոն դրամ գումարը։

1930 թ.-ին Հայաստանում հիմնվում է գիտահետազոտական ինստիտուտ, որը,  ի թիվս այլնի, զբաղվում է նաև սեյսմիկ հարցերով։ Ինստիտուտը կատարելագործվում և տասնամյակներ հետո դառնում է շինարարության ոլորտում կարևորագույն հետազոտությունների և փորձաքննությունների կենտրոն։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն կոչվում է «Հայսեյսմշին և ԿՊ» ՓԲԸ, հետո դառնում է ԲԲԸ, իսկ ավելի ուշ և այսօր էլ կոչվում է «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման կենտրոն» ԲԲԸ։

2008 թ.-ի դրությամբ «Հայսեյսմշին» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանում էին Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցում գտնվող վարչական շենքը, չորս առանձին լաբորատորիաները, դրանց կից 3.5 հա հողակտորն ու դրա վրայի շենք-շինությունները: Հսկայական համալիր։

«Պեպսին»՝ Հայսեյսմշինի տարածքում

«Պեպսին»՝ «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հայաստանյան գործարանը, տեղակայված է երբեմնի գիտական կենտրոնի տարածքի մեծ մասում։ 2008 թ-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշում է թույլ տալ «Հայսեյսմշին» ԲԲԸ-ին օտարել իր գույքը։ Այդ ժամանակ քաղաքաշինության նախարարը ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանն էր, որն այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Կառավարության որոշմամբ «Հայսեյսմշին»-ին պատկանած և «Ջերմուկ Ինթերնեյշնլ»-ին օտարված շենք-շինությունների արժեքը կազմել է 135 միլիոն դրամ, իսկ գույքի զբաղեցրած և օգտագործման համար նախատեսված 3.5 հա հողակտորինը՝ 574 միլիոն դրամ։ Գույքն օտարելուց 3 տարի անց հանրապետության նախագահի մակարդակով Երևանում բացվել է «Պեպսի»-ի գործարանը։

«Պեպսին» ընդլայնվում է ի հաշիվ գիտական կենտրոնի

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 2015 թ.-ին գույք օտարելու թույլտվություն է տվել Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն ԲԲԸ-ին («Հայսեյսմշին»-ի իրավահաջորդն է)։ Նույն որոշումով սահմանվում է՝ 7556 քմ հողատարածքը և դրան ամրակցված՝ 1406 քմ լաբորատորիայի մասնաշենքը ուղղակի ձևով վաճառել «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին 124 միլիոն դրամով («Ջերմուկ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի անվանումը լրացվել է)։ 2018 թ.-ին կառավարությունը վաճառքի գինը 3 միլիոն դրամով բարձրացրեց:

Կառավարության որոշումից միայն երեք տարի անց՝ 2018 թ.-ին է լաբորատորիայի առքուվաճառքի պայմանագիրը կնքվել։ «Պեպսիին» վաճառված շենքի գործարքը գնահատվել է աուդիտորական ստուգմամբ։ «Ֆոր էյ քնսալթինգ» ՓԲԸ-ի հայտնած աուդիտորական կարծիքի մեջ ասված է․ «Օտարման պահին վաճառված անշարժ գույքի հաշվեկշռային արժեքը կազմում էր 242 միլիոն դրամ, վաճառքը՝ 105 միլիոն դրամ, վնասը՝ 137 միլիոն դրամ։ Հիմնավորված չէ գույքի վաճառքի գինը և օտարման հետաձգումը 3 տարով»։ Այսինքն, «Պեպսիին» օտարված շենքը վաճառվել է անհամեմատ ցածր գնով։

Կառավարության որոշման մեջ, ինչպես նաեւ առքուվաճառքի պայմանագրում որևէ բան ասված չէ շենքի մեջ առկա գույքի մասին, որը պատկանում է «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ին։ Խորհրդային տարիներին ստեղծված լաբորատորիայում մինչև օրս պահպանվել են եզակի համարվող այնպիսի սարքավորումներ, որոնք արդիականացման պարագայում հնարավոր կլիներ օգտագործել նաև այսօր։ Այնինչ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ն պետք է գույքը հանի սեփականության իրավունքով «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին պատկանող շենքից։

«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի 100 տոկոսը 2017 թ.-ից պատկանում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին պատկանող, Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Էլսու ինք» ՍՊԸ-ին։ Իսկ մինչ այդ ընկերության 50 տոկոս բաժնետոմսերը պատկանում էին ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին։

Շենքի մի մասը՝ «Հայսեյսմշին»-ի նախկին տնօրենին, մյուս մասը՝ աշխատակիցներին

«Հայսեյսմշին» ԲԲԸ-ի տնօրենի պաշտոնը 3 տարի զբաղեցրած, հետագայում ՕԵԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Մանասյանը դարձել է նույն ընկերության լաբորատոր շենքերից մեկի որոշ տարածքների և մյուս շենքի սեփականատեր «ԱԻՍՄ» ընկերության բաժնետեր։

«Հայսեյսմշին» ԲԲԸ-ում պետությունն՝ ի դեմս քաղաքաշինության նախարարության, ունեցել է 80% բաժնետոմս, մնացած 20 տոկոսը պատկանել է աշխատակիցներին։ Այդ ժամանակ քաղաքաշինության նախարարը ՕԵԿ-ական Արամ Հարությունյանն էր (հետո դարձավ ՀՀԿ-ական և զբաղեցրեց բնապահպանության նախարարի պաշտոնը, ապա դարձավ ԱԺ պատգամավոր, ներկայումս փողերի լվացման գործով հետախուզվում է)։ 

Տնօրեն Արմեն Մանասյանի պաշտոնավարմանը զուգահեռ կոլեկտիվի բաժնետերերը, այդ թվում՝ ինքը ցանկացել են օգտվել սեփականաշնորհման իրենց իրավունքից։ Արդեն 2010 թ.-ին Կառավարությունը որոշում է «Հայսեյսմշին» ԲԲԸ-ն վերակազմակերպել և 20 տոկոս բաժնեմաս ունեցողների համար ստեղծել «ԱԻՍՄ» անունով ԲԲԸ։ Նորաստեղծ ԲԲԸ-ին տրամադրվում է գույք, իսկ պետական ԲԲԸ-ին տրվում է բաժնետոմսերի հետգնման իրավունք։ Այդպես, ԱԻՍՄ ընկերությանը տրամադրվում է «Հայսեյսմշին» ԲԲԸ շենքերի մոտ ⅔-րդ մասը՝ երկու շենք և հողամաս, որոնցից մեկը «Պեպսիին» վաճառված լաբորատորիայի շենքի չափ է, իսկ մյուս շենքը քառահարկ է։

Այս ամենին զուգահեռ՝ 2009 թ.-ին նախկին տնօրեն Արմեն Մանասյանը դիմում է դատարան, պնդում, որ խախտվել են իր՝ բաժնետիրոջ իրավունքները, բաժնետոմսերի իրական արժեքն է հաշվել և պետական ԲԲԸ-ից պահանջել կա՛մ գումարը, կա՛մ դրան համարժեք գույքը։ 4 տարի տևած դատավարության արդյունքում 2013 թ.-ին դատարանը վճռում է՝ գնել հայցվոր Արմեն Մանասյանի բաժնետոմսերը 1 բաժնետոմսի արժեքը 306 ՀՀ դրամով կամ փոխհատուցել գույքով` հայցվորի բաժնեմասին համապատասխան։ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ն չի բողոքարկում վճիռը, և այն մտնում է օրինական ուժի մեջ։ ԲԲԸ-ն վճիռը կատարելու նպատակով արդեն ԱԻՍՄ-ին տրամադրած շենքերից մեկի մի մասը առանձնացնում և տրամադրում է Արմեն Մանասյանին։

Այսպիսով, Արմեն Մանասյանը դառնում է Ահարոնյան 3/6 շենքի 1-ին հարկից 120 քմ տարածքի, 2-րդ հարկից 85 քմ տարածքի և 0.7 հա հողակտորի սեփականատեր։ Բացի այդ, Արմեն Մանասյանը դառնում է Ահարոնյան 3/3 հասցեի անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող «ԱԻՍՄ» ԲԲ ընկերության բաժնետեր։ Հետագայում Մանասյանն իրեն պատկանող գույքից տարածքներ է վարձակալությամբ տրամադրում Երևան համայնքին, իրավաբանական անձանց։

ԲԲԸ-ի շենքը ոստիկանությունը վարձակալել է «ջրի գնով» 

Վերը նկարագրված գործարքներից հետո «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի սեփականությունից մնում է ընդամենը երկու շենք։ Մեկը՝ վարչական մասը, մյուսը՝ լաբորատորիայի քառահարկ շենքը։ Վարչական մասում հիմա էլ տեղակայված է ընկերությունն իր 3 տասնյակ աշխատակիցներով։ Լաբորատորիայի շենքում տեղակայված է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը։ Ոստիկանությունը «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն»-ից շենքը վարձակալում է չնչին գնով՝ ամսական 173 հազար դրամ։ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի տնօրեն Արմեն Մինասյանը տեղեկացրեց, որ առաջիկայում դիմելու է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ առաջարկելով, որ վարձակալության գինը վերանայեն։ ԲԲԸ-ի համար վարձակալության գումարը կարևոր է, քանի որ ընկերությունը պետբյուջեից գումար չի ստանում, և վարձավճարը ԲԲԸ-ի եկամուտն է։ «Պեպսիին» օտարված մասնաշենքի, ԱԻՍՄ-ին տրամադրած գույքի և այլ հարցերի վերաբերյալ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ում ուսումնասիրություն է կատարվում, որից հետո կորոշվեն ԲԲԸ-ի անելիքները։

ԲԲԸ-ի նախկին տնօրենը չի վերադարձրել 123 մլն դրամը

«Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն»-ի գույքի մի մասի վաճառքից գոյացած գումարով ԲԲԸ-ն պետք է վերազինվեր, այնինչ ընկերության տնօրենն այդ գումարները վերցնում և այդպես էլ չի վերադարձնում ընկերությանը։

Նախկին տնօրեն Գեորգի Գուլքանյանը ինքն իր հետ փոխառության պայմանագիր է կնքել։ Նա, 2009-2012 թվականներին հանդիսանալով ԲԲԸ-ի տնօրեն, առանց ընկերության խորհրդի որոշման, ընկերության միջոցներից փոխառություն է վերցրել 125 միլիոն դրամ և չի վերադարձրել։ 2013 թ.-ին քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու հատկանիշով։ Այդ ընթացքում նա ԲԲԸ-ին վերադարձրել է 2 միլիոն դրամ։ Դատարանը Գուլքանյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել 6 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ դատական ակտը և նախկին տնօրենին մեղավոր ճանաչել առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար և պատիժ է նշանակել ազատազրկումը՝ ընդամենը 2 տարի ժամկետով։ Նախկին դատախազ, փաստաբան, մի շարք պետական պաշտոններ զբաղեցրած Գուլքանյանը կրում է իր պատիժը, բայց չի վերականգնում վնասը։ 2019 թվականին Գեորգի Գուլքանյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել և երբեք չի վճարի այդ 123 միլիոն դրամը։

Մոնտաժը և դրոնի կադրերը՝ Սարո Բաղդասարյանի

Լուսանկարները և տեսանյութերը՝ Հակոբ Պողոսյանի

Ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանություններ (1)

Զոհրաբ Հովհաննիսյան
Սիրելի խմբագրություն այնքնան լավ եք գրոմ հոդվածները որ պարզապես ամբողջ հոդվածը պատճեն եմ հանում պարզապես վերնագիր եմ գրում ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻն հետո իմ տվյալներս ու ձեր հոդվածը իսկ հետո այստեղիցhttps://www.ilovepdf.com/word_to_pdf դարձնում եմ հնաև PDF-ֆորմատի փաստաթուղթ և ուղարկում հետևյալ [email protected], [email protected], [email protected], [email protected], հիմա խնդրում եմ ձեզ դուք նախորդ և ապագա ձեր հոդվածները նույն ձևով ուղարկեք պատկան ատյաններին: Ես ուղղակի չեմ հասցնում: Նախապես շնորհակալություն ձեր հասկացողության և ձեզանից ակնկալվող համագործակցության համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter