HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել՝ Արցախում հէկերի շինարարության դեմ

Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանն այսօր ժամը 12:00-ից հացադուլ է հայտարարել իր տան բակում՝ հէկերի շինարարական աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ երեկ հրապարակած պահանջագիրը անտեսելուց հետո:

Քանանյանը երեկվա իր պահանջագրում նշել է. «Քարվաճառի շրջանի վարչակազմին եմ հանձնել պահանջագիր՝ Քարվաճառի շրջանում փոքր հէկերի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու, շինտեխնիկան կառուցման վայրերից հեռացնելու, արցախյան հէկաշինության բնապահպանական եւ ֆինանսական բնույթի հանցագործությունները քննելիք լայն ներկայացուցչականությամբ թափանցիկ հանձնաժողով ստեղծելու եւ այլնի վերաբերյալ»:

«Հետքի» հարցին, թե ի՞նչ է տալու հացադուլը, Ալեքսանդր Քանանյանը պատասխանեց, որ Արցախում և Քարվաճառի շրջանում մասնավորապես բնապահպանության իրավիճակը չափազանց վտանգավոր է, անցել է անհանդուրժելիության բոլոր սահմանները. «Արցախյան օլիգարխիան, մտահոգվելով սեփական ապագայի համար, սանձարձակ լկտիությամբ ոչնչացնում է Արցախի գետային ցանցը: Միանգամայն կեղծ հիմնավորումներով, թե իբր դա արվում է Արցախի էներգահամակարգի զարգացման համար: Այն միջոցները, որոնք ներդրվում են ապօրինի ու բնավեր փոքր հէկաշինության մեջ, պետք է ծառայեին սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության, պաշտպանական որոշ նախագծերի համար, բայց գերագույն լկտիությամբ մսխվում են բնության ավիրման, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների վերաբնակեցման հեռանկարը փակող նախագծերի համար, որոնք ամբողջովին ֆինասնավորվում են Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախը, քաղաքացիների միջոցներով, բայց ստեղծում են չարդարացված գերշահույթներ սակավաթիվ օլիգարխների համար: Իրավիճակը անհանդուրժելի է, և այս հացադուլը միջոց է հիշեցնելու հասարակությանը, մտահոգ մարդկանց, որ ժամանակն է ստանձնել ազգային արժանապատվության և քաղաքացիական պատասխանատվության իրենց բաժինը»:

Քանանյանը համարում է, որ հէկերի շինարարությունը վաղուց հատել է աղետի սահմանագիծը, ամենուր բնապահպանական աղետ է։

«Ապօրինի փոքր հէկ-աշինության պատճառով ջրազրկվում են, ամայացվում են տասնյակ, եթե ոչ արդեն հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր: Անասնական ագահությամբ օլիգարխները խողովակաշարերի մեջ են մտցնում  ոչ միայն գլխավոր գետերը՝ ամբողջովին ամայացնելով գետահուները, այլև օժանդակ վտակները»,– ասում է Ալեքսանդր Քանանյանը:

Ըստ ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մեզ տրամադրած տվյալների՝ Շահումյանի շրջանում  (Քարվաճառի) արդեն գործում է վեց հէկ, իսկ չորսը դեռ կառուցման փուլում են: Առաջին հէկը Շահումյանի շրջանում գործում է 2015 թվականից:

Նկարում՝ Ջերմաջուր հէկը, Թարթառի վրա

Մեկնաբանություններ (1)

Արամ Ներսիսյան ՀՀ քաղաքացի
Միանում եմ Ալեքսանդր Քանանյանի բողոքի Ակցիային,գտնում եմ,որ Արցախում էլ ինչպես և Հայաստանում չի վերացել մսխելու և ազգաշահ գործելակերպին հակառակ երևույթները։Ազգային ազատագրական պայքարը նոր մի առանձնակի թափ պետք է ստանա և ազգի դավաճաններին պետք է խստագույնս պատժել և վերջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter