HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Պաշտպանները միջնորդություն ներկայացրին Մանվել Գրիգորյանի բուժումը Ֆրանսիայում շարունակելու համար

Մանվել Գրիգորյանի գործով այսօրվա նիստին պաշտպանական խումբը միջնորդեց թույլատրել Գրիգորյանին մեկնել Ֆրանսիա և բուժումը շարունակել այնտեղ։

Դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, տեղեկացրեց, որ Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ սրտի ռիթմի խանգարմամբ։

Միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Նա նշեց, որ Գրիգորյանը 10 ամիս է՝ ստացիոնալ բուժում է ստացել, սակայն հիվանդությունների թիվը գնալով ավելացել է։ Նա նշեց, որ Գրիգորյանը շուրջ 20 տարի բուժում է ստացել Ֆրանսիայում և հավելեց, որ բուժումը կիրականացվի Գրիգորյանի հարազատների միջոցներով։

«10 ամիս ինտենսիվ բուժում ստացավ հանրապետության լավագույն հիվանդանոցներից մեկում, սակայն բուժման ընթացքում հիվանդությունների թիվն ավելացավ, հիմա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հարազատները ցանկանում են, որ բուժվի այն հիվանդանոցում, որտեղ 20 տարի բուժվել է և ինսուլինակախյալ չի եղել։ Անկանխատեսելի հետևանքերը հաշվի առնելով՝ միջնորդում ենք թույլատրել մեկնել և բուժում ստանալ», - նշեց Բաղդասարյանը։

Փաստաբան Գուրգեն Գրիգորյանը ևս միացավ միջնորդությանը՝  նշելով, որ թեև Գրիգորյանը բուժում է ստանում, սակայն եթե այդպես շարունակվի, ապա վիճակը վատթարանալու է։ Փաստաբանի պնդմամբ՝ բուժումը հնարավորություն կտա հետագայում դատաքննությունն ավելի արդյունավետ շարունակել, որին կմասնակցի նաև Գրիգորյանը։ «Եթե բուժումը չանցկացնի այդ հիվանդանոցում՝ վիճակը գնալով վատանալու է, այս պայմանը որևէ մեկին ձեռ չի տալիս»,- նշեց փաստաբանը։

Մեղադրող Վահե Դոլմազյանը, անդրադառնալով Գրիգորյանի՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելուն, նշեց, որ այն փոխվել է Կառավարության համապատասխան որոշման հիման վրա, սակայն, որևէ փաստական տվյալ չկա, որ ներկայիս վիճակում նրան չեն կարող բուժել Հայաստանում, ուստի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։

«Խոսքս հիշեք, եթե անձի հետ մի բան պատահեց, մեղադրողն ասելու է՝ ամեն ինչ արել ենք, միջգերատեսչական հանձնաժողովն ասելու է՝ ամեն ինչ արել ենք։ Անձին անհրաժեշտ է բուժում, թող բուժվի այնտեղ, որտեղ իրեն կբուժեն», - խոսքը եզրափակեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Դատարանը նշեց, որ որևէ փաստաթուղթ չկա, որ Հայաստանում բուժում իրականացնելու համար չկան համապատասխան պայմաններ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ նման փաստաթղթեր, հետազոտության արդյունքներ դատարան ներկայացնելուց հետո դրանք կքննվեն, սակայն այսօրվա ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման։

Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանը չէր ներկայացել նիստին, հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 11-ին։

Գրիգորյանի փաստաբաններն այսօրվա նիստին ներկայացրին ևս մեկ միջնորդություն՝ Գրիգորյանի երեխաներին պատկանող գույքի վրայից արգելանքը վերացնելու վերաբերյալ։ Մնացական Մարտիրոսյանը, լսելով կողմերին, հայտնեց, որ նշված գույքի վերաբերյալ կարող է որոշում կայացնել, երբ հրապարակվեն ու հետազոտվեն բոլոր ապացույցները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter