HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բոյկոտը շարունակվում է. Մարտի 1-ի գործով նիստին այսօր էլ Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չէին ներկայացել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստն էր նշանակված, որին, սակայն չէին ներկայացել նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ու Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները:

Գևորգյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Վարդգես Գևորգյանը դատարան դիմում էին ուղարկել, որում նշել էին, որ քրեական գործով դատական քննության ժամանակ պաշտպանական կողմի նկատմամբ դատավարության մասնակիցների, մասնավորապես տուժողների կողմից մշտապես դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, բազմիցս հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն դատարանը երբևէ համարժեք միջոց չի ձեռնարկել նշված երևույթները կանխելու համար:

Պաշտպաններն ընդունում են հանգամանքը, որ դատարանը երբեմն նկատողության տեսքով սանկցիա է կիրառել, որը կանխարգելիչ բնույթ ունի, սակայն օրենքը թույլ է տալիս ավելի խիստ սանկցիա կիրառել այն դեպքում, երբ դատավարության մասնակիցը շարունակում է խաթարել գործի քննության բնականոն ընթացքը: Ըստ Էրիկ Ալեքսանյանի և Վարդգես Գևորգյանի դիմումի՝ դատարանը նման գործողությունների չի դիմել:

Պաշտպանները դիմումում նշել էին, որ 2020 թվականի հունվարի 9-ին տուժողի իրավահաջորդներից մեկը պաշտպանների հասցեին հնչեցրել է սպանված հարազատ ունենալու սպառնալիք, ինչը որևէ ողջամիտ արձագանք չի ստացել:

«Ակնհայտ է, որ դատարանն ամեն կերպ փորձում է կոծկել տուժող կողմի ոչ իրավաչափ գործողությունները՝ դրանով կասկածի տակ դնելով իր անաչառաությունը, ինչն առավելապես դրսևորվում է նրանով, որ դատարանը հիշյալ երևույթների առկայության դեպքում չի թույլատրում անգամ պաշտպանական կողմին հանդես գալ հայտարարություններով: Ակնհայտ է, որ նման պայմաններում մենք հայտնվում ենք անհավասար պայմաններում: Չենք կարողանում լիաժեք իրացնել մեր իրավունքներն ու պարտականությունները, որոնցից մեկն է նաև մեղադրյալին կամ ամբաստանյալին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք՝ Արմեն Գևորգյանի պաշտպաններս, չենք ներկայանալու այսօր՝  21.09. 2020 թվականին նշանակված դատական նիստին՝ հույս ունենալով, որ հաջորդ դատական նիստին դատարանը կապահովի դատական քննության բնականոն ընթացքը, որի շրջանակներում այսուհետ կապահովվեն մրցակցության և հավասարության սկզբունները»,- ասված էր դիմումում:

Դատարան մեկ այլ դիմում էլ ուղարկվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Ռուբեն Սահակյանի, Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի, Արամ Վարդևանյանի և Արամ Օրբելյանի կողմից:

Այս դիմումում պաշտպանները գրել են, որ բազմիցս բարձրաձայնվել է այս գործով դատական քննության իրականացման, դրան պաշտպանների մասնակցության, աշխատանքային պայմանների բացակայության մասին, սակայն մինչև այսօր դատարանի թողտվությամբ շարունակվում են փաստաբանների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը, ըստ պաշտպանների՝ դատարանի դահլիճում և շենքից դուրս պաշտպանների նկատմամբ հնչեցվում է ատելության խոսք, սպառնալիքներ և վիրավորանքներ, որոնց Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ոստիկանության,  դատական կարգադրիչների և դատարանի չի արձագանքում կամ արձագանքման իմիտացիա է ստեղծում:

Նշենք, որ դատարանը դիմումներն ամբողջությամբ չի հրապարակվել, դրանք դատական նիստի ավարտից հետո տարածել են պաշտպանները, և այդպես է դրանց բովանդակությունը մեզ հասանելի դարձել:

Հիշեցնենք, որ նախորդ՝ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը, պաշտպանների միջնորդություններից մեկին առարկելով, ասել է. «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում»: Սա հանգամանք է, որ պաշտպանները դիտարկում են որպես սպառնալիք:

Նախորդ դատական նիստին էլ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չէր ներկայացել դատարան՝ դարձյալ պատճառաբանելով, որ Էդիկ Հարությունյանի արած ու առհասարակ պաշտպանական կողմի հասցեին հնչած արտահայտություններին դատարանը պատշաճ չի արձագանքում:

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանը Էդիկ Հարությունյանից հարցրեց, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով՝ «թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում»:

«Ես ցանկացել եմ ասել, որ եթե մեզ փորձում են վիրավորել, մենք էլ նրանց կվիրավորենք, ես սպառնալիք չեմ հնչեցրել»,- ասաց  Էդիկ Հարությունյանը:

Հետո դատավոր Աննա Դանիբեկյանը անդրադարձավ նախորդ դատական նիստին Միհրան Պողոսյանի չներկայանալու հանգամանքին: Երբ դատավորը սկսեց այս հարցի քննարկումը, Միհրան Պողոսյանն ասաց, որ նախորդ դատական նիստի ընթացքում իր նկատմամբ դատական սանկցիա կիրառելու միջնորդությունը ներկայացրել է մեղադրանքի կողմը, և այս պահին դատավորը միջնորդությանն անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների բացակայությամբ: Ըստ Միհրան Պողոսյանի՝ դատավորի գործողությունները միտված են մեղադրանքի կողմի պահանջներին տուրք տալուն:

«Ես Ձեզ հորդորում եմ վերադառնալ Քրեական դատավարության օրենսգրքի դաշտ, միջնորդությունները քննարկել օրենքով սահմանված կարգով, հակառակ պարագայում հնարավոր է՝ տուժողի իրավահաջորդի դատավարական կարգավիճակ ունենաք»,- ասաց Միհրան Պողոսյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը նկատեց, որ նախորդ դատական նիստին Միհրան Պողոսյանը չի ներկայացել՝ նշելով կոնկրետ պատճառաբանություններ: Այսօրվա նիստին որևէ հանգամանք չի փոխվել, բայց ներկայացել է: Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս նույն գործելաոճն են դրսևորում: Ըստ Պետրոսյանի՝ պետք է արձանագրվի, որ այսօրվա դատական նիստին բացակա պաշտպաններն, ինչպես նաև նախորդ դատական նիստին՝ Միհրան Պողոսյանը ևս չարամտորեն խուսափում են իրենց պարտականությունները կատարելուց:

Դատարանը, գնահատելով Միհրան Պողոսյանի վարքագիծը, համարեց, որ նա նախորդ դատական նիստի ընթացքում չարամտորեն խուսափել է իր պարտականությունները կատարելուց, Պողոսյանի նկատմամբ նկատողության տեսքով սանկցիա կիրառեց:

Դատական նիստը հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter