HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբեն Ափինյանի, մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, իսկ այժմ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Սասուն Խաչատրյանի դեմ հայցադիմումը դատարան է ներկայացվել 2018 թվականի նոյեմբերին: Հայցադիմում ներկայացնելու պատճառն այն է, որ Հարությունյանին Մարտի 1-ի գործով մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նրա մեղադրանքի մասին ու ասել, որ «գործի քննության շրջանակներում պարկուճները կեղծվել են, և քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որ կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը»:

Վահագն Հարությունյանի և վերջինիս ներկայացուցիչների կարծիքով՝ Սասուն Խաչատրյանը նմանատիպ արտահայտություն անելու իրավունք չուներ: Վահագն Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ հայցադիմումի վերաբերյալ պատասխանում Խաչատրյանի ներկայացուցիչը նշել է, որ ՀՔԾ պետի արտահայտությունները զրպարտչական բնույթի չեն, քանի որ արվել են մինչդատական վարույթի ընթացքում:

Հարությունյանիի խոսքով՝ թեև Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ փաստացի արված արտահայտությունները չեն կարող զրպարտություն համարվել, եթե արվել են մինչդատական վարույթում կամ դրա ընթացքում՝ վարույթի մասնակցի կողմից, Հատուկ քննչական ծառայության պետը չի կարող համարվել վարույթի մասնակից՝ քրեադատավարական նորմերի իմաստով: Ըստ Հարությունյանի ներկայացուցչի՝ վարույթի մասնակից է գործը քննող քննիչը, քննչական խմբի ղեկավարը կամ գործը վերահսկող դատախազը, բայց ոչ երբեք Հատուկ քննչական ծառայության պետը: Այս ամենը վերլուծելով՝ Հարությունյանի ներկայացուցիչները գտնում են, որ Սասուն Խաչատրյանը թույլ է տվել զրպարտչական բնույթի արտահայտություններ, որոնք ենթակա են հերքման:

Սասուն Խաչատրյանի ներկայացուցիչ Էդգար Կոտոյանը մեզ հետ զրույցում նշել է, որ Սասուն Խաչատրյանի արտահայտությունները վերաբերում են կոնկրետ քրեական գործի քննության ընթացքին, այլ ոչ թե Վահագն Հարությունյանին: Դիտարկմանը, որ Հարությունյանին վերագրված է ապացույց կեղծելու մեղադրանք, ինչի մասին, ըստ էության, խոսել է Սասուն Խաչատրյանը, Կոտոյանն ասել է, թե հայցվոր կողմն է փորձում ինչ-որ կերպ քրեական գործի վերաբերյալ Խաչատրյանի արտահայտությունները կապել կոնկրետ Վահագն Հարությունյանի հետ:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter