«Իմ քայլը» դեմ է Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությանը
Խորհրդարանում քննարկվեց 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ առնչվող այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը իրավունքի ուժով ձևավորվել էր Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած աղբատար մեքենաների, ապա և քաղաքապետարանի տրամադրած շինթույլտվությունների որոշումներից հետո:
Նախաձեռնության հեղինակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ելույթում հիշեցրեց, որ նախորդ տարի նոյեմբերի 21-ին երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը փաստեր էր հրապարակել, որ գույք նվիրաբերած մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ստացել են շինթույլտվություններ: Սամսոնյանը նաև հիշեցրեց, որ նվիրատուների ցանկը քաղաքապետարանը չէր հրապարակել, այն հայտնի դարձավ ընդդիմադիր խմբակցության հարցումների շնորհիվ:
«Նախկինում նվիրատվությունները քննարկվել են ու ընդունվել ավագանու որոշմամբ, մեզ անհայտ պատճառներով նվիրատվությունները հասարակությունից անտեղյակության պայմաններում են եղել»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ կա ողջամիտ կասկած, որ Երևանի քաղաքապետարանի նման գործելաոճը անհավասար մրցակցության մեջ կարող է դնել տնտեսվարող սուբյեկտներին:
Սամսոնյանն առաջարկեց ստեղծված հանձնաժողովի անդամների թիվը սահմանել 11, հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանել 6 ամիս:
Քաղաքական մեծամասնության պատգամավորները, սակայն, չքննարկեցին հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու հարցը, այլ սկսեցին քննարկել այն հարցը, թե որքանով է իրավաչափ ստեղծել նման հանձնաժողով և որ խորհրդարանի լիազորությունների մեջ չի մտնում Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններն ուսումնասիրելը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ հանձնաժողովն ինքնապատակ է ձևավորվել, այն չպիտի ձևավորվեր, քանի որ այդ հարցը խորհրդարանի իրավասության շրջանակում չէ:
«Առաջարկում եմ չշարունակել այս հանձնաժողովի հետ կապած հակաիրավական գործողությունները, իսկ ողջամիտ կասկածով կարող են զբաղվել իրավապահները»,- ասաց նա:
Սուրեն Գրիգորյանն էլ անդրադարձավ Անի Սամսոնյանի խոսքի այն հատվածին, որ քաղաքապետարանը թափանցիկ չի եղել: Պատգամավորն ընդգծեց՝ թափանցիկության խախտման հիմքով որևէ պաշտոնյայի չի կարելի պատասխանատվության ենթարկել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ իմքայլականների այն պնդումներին, որ այդ գործարքներում կոռուպցիա չի եղել:
«Քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը անց է կացրել մրցույթ, որին մասնակցել է իր քրոջ որդին ու նա հաղթել է: Հենց գրվել է այդ մասին, նա ազատվել է պաշտոնից, սակայն չկա հարուցված քրեական գործ. սա աներկբա կոռուպցիա է»,- ասաց նա:
Մարուքյանը, դիմելով քաղաքական մեծամասնությանը, կոչ արեց չտապալել հարցի քվեարկությունը՝ թույլ տալով, որ սահմանվի հանձնաժողովի անդամների թիվը:
«Տիկին Մակունցին եմ դիմում՝ եթե վաղը տապալեք այս հանձնաժողովի անդամների կազմի որոշման նախագծի քվեարկությունը, ապա այն մեծ հարված կլինի խորհրդարանական ժողովրդավարությանը»,- ասաց Մարուքյանը:
Այնուհետև ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ասելով, որ քաղաքական մեծամասնությունն այդ հանձնաժողովում թեկնածու չի առաջադրելու և դեմ են քվեարկելու այդ հարցին: Ինչ վերաբերում է Մարուքյանի մատնանշած դեպքին, Մակունցը խոստացավ զբաղվել այդ հարցով:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանին աղբատար մեքենաներ նվիրաբերած ընկերությունները փոխկապակցված են նախկին ու ներկա պաշտոնյաների հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել