HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի կապի և հեռահաղորդակցության ոլորտի սեփականատերերը փոխվում են

Հայաստանի կապի և հեռահաղորդակցության ոլորտում զգալի փոփոխություններ են տեղի ունենում։ Այս օրերին մամուլը շրջանառում է «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայն»-ի («Վեոն Արմենիա» ՓԲԸ, նախկին՝ «ԱրմենՏել»-ը) ձեռքբերման լուրերը, որը հաստատել են նաև այդ ընկերությունները։

Նոր վարկ և նոր բաժնետերեր՝ «Յուքոմ»-ում․ ընկերությունը վերագրանցվել է

Մինչ «Յոքոմ»-«Վեոն Արմենիա» գործարքի բանակցություններն են ընթանում, վերաձևակերպումներ և բաժնետերերի փոփոխություններ են տեղի ունեցել «Յուքոմ»-ում։

Նախ՝ «Յոքոմ» ՍՊԸ-ն, որը «Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերության և ապրանքանիշի սեփականատերն էր, այլևս չի գործում։

Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով, հունվարի 15-ին ՍՊԸ-ն գործունեությունը դադարեցրել է։ Նույն օրը «Յուքոմ»-ը վերագրանցվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն՝ նույն 24 մլն դրամին հասնող կանոնադրական կապիտալով։ Տնօրենը նույնն է մնացել՝ Հայկ Եսայանը։

Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխումից երևում է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հարազատները ընկերության ամենամեծ բաժնետերերն են։

Մասնավորապես, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն ունեն 11,9-ական տոկոս բաժնեմաս, վերջիններիս հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է 24,34 % բաժնեմասին։ Այսինքն՝ Խաչատրյանների ընտանիքի ձեռքում այս պահին ողջ բաժնեմասի 48,14 % -ն է։

«Յուքոմ»-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող Հայկ և Ալեքսանդր Եսայաններին մնացել է 2,97-ական % բաժնեմաս, միասին՝ 5,94 %։

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առևտրային «Ֆորա-բանկ»-ին մնացել է 10,5 %-ը:

Ընկերությունում նոր բաժնետեր է հայտնվել․ Սուրիկ Սիրակի Պողոսյանը դարձել է 6,3 %-ի սեփականատեր։ Վերջինս Տաշիրից է, ՀՀԿ անդամ է եղել, 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել թիվ 32 ընտրատարածքից։ 2012-ին հեռացել է ՀՀԿ-ից։ Այժմ Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենների խորհրդի կազմում է, ընդհանուր հարցերով տնօրենն է։ Նա Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինն է։

«Յուքոմ»-ի 29,09 %-ի բաժնետերը օֆշորային «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ՍՊԸ-ն է։  Ընթերցողներին հիշեցնենք, որ այս ընկերության բաժնեմասը նախկինում 49 % էր, սակայն հետզհետե նվազել է։ Կիպրոսում գրանցված ընկերության բաժնետերն էլ Բրիտանական Վիրջինյան Կղզիներում գրանցված Darison Management Ltd-ն է, որի բաժնետերերը բացահայտել չի հաջողվում, քանի որ ԲՎԿ-ն խիստ գաղտնի օֆշորային գոտիներց մեկն է։

Կիպրոսյան ռեգիստրից տեղեկանում ենք, որ «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ՍՊԸ-ն 2019թ․ սեպտեմբերի 3-ին պայմանագիր է կնքել և վարկ վերցրել «HSBC–Հայաստան» բանկից՝ գրավադրելով ընկերության բաժնետոմսերը։ Գումարի չափը, սակայն, չի նշվում։

Հիշեցնենք, որ 2015թ․ հուլիսին «Յուքոմը» գնել էր նաև մեկ այլ օպերատորի՝ «Օրանժ Արմենիա»-ի ակտիվները և միավորել «Յուքոմ» ապրանքանիշի ներքո:

Վերաձևակերպումներ են եղել նաև «Վիվա-ՄՏՍ» ընկերությունում

Բաժնետերեր են փոխվել նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունում։ Վերջին փոփոխությունը եղել է 2019-ին։

Սակայն մինչ այդ՝ 2018թ․-ին, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերն օտարվել էին «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.» (Aramayo Investments Limited) ընկերությանը, որը երեք բաժնետեր ուներ. լիբանանցի եղբայրներ Պիեռ և Մովսես Ֆատուշները ունեին 10-ական տոկոս բաժնեմաս, մնացյալ 80 %-ը պատկանում է Լյուքսեմբուրգում գրանցված Mobile Telecom Holdings S.A.R.L-ին, որը ռուսաստանյան «ՄՏՍ»-ի դուստրն էր։

 

Այժմ, 2019թ․ հունվարին կատարված փոփոխությունից հետո, «Արամայո Ինվեսթմենթս Լտդ.»-ի միակ բաժնետերը Allegretto Holdings S.A.R.L ընկերությունն է, որը ռուսական «ՄՏՍ»-ի 100 տոկոսանոց դուստրն է։ «ՄՏՍ»-ի ռուսաստանյան կայքը ևս հաստատում է, որ հայաստանյան դստեր 100 %-ի սեփականատերն է։ Իսկ ռուսական «ՄՏՍ»-ի խոշոր բաժնետերը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան է՝ հանձին տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկոյի։

«ՄՏՍ» ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ 44 %-ից ավելին ազատ շրջանառության մեջ է։

Այսպիսով, եթե «Յոքոմ»-«Վեոն Արմենիա» գործարքը կայանա, ապա կապի և հեռահաղորդակցության ոլորտում գործող երկու հիմնական օպերատոր կլինի, որից ֆիքսված և ինտերնետի մատակարարման դաշտում գերիշխող դիրքում կհայտնվի «Յուքոմ»-ը։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter