HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայտնի է Ռուսաստանի կառավարության նոր կազմը․ ովքեր են նոր փոխվարչապետները

Հունվարի 21-ին Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Կառավարության նոր կազմը։ Ի տարբերություն Մեդվեդևի կառավարության՝ նոր կառավարությունում 10 փոխվարչապետների փոխարեն կլինեն 9-ը։ Նրանցից երեքը պահպանել են իրենց պաշտոնները, իսկ վեցը՝ նոր են։ ՌԴ առաջին փոխվարչապետ է նշանակվել Վլադիմիր Պուտինի օգնական Անդրեյ Բելոուսովը։ Նոր փոփոխությունների թվում է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարարության լուծարումը։

Ընդհանուր առմամբ, 21 նախարարներից պաշտոնին հրաժեշտ են տվել 9-ը, այդ թվում նաև մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան և առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

«Հետք»-ն ուսումնասիրել է Կառավարության նոր կազմի փոխվարչապետների կենսագրությունները։ Այսպես, նորանշանակ փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, մինչ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելը, եղել է նախագահ Պուտինի օգնականը։ 1990-ական թվականներին աշխատել է ՌԴ ԳԱԱ Ժողտնտեսության կանխատեսման ինստիտուտում, իսկ 2000-ական թվականների առաջին կեսին՝ իր կողմից հիմնադրված Մակրոտնտեսական վերլուծության և կարճաժամկետ կանխատեսման կենտրոնում։ 2006 թվականին էկոնոմիկայի նախարար Գերման Գրեֆի առաջարկով նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնում։ Պուտինի վարչապետության տարիներին Բելոուսովը նշանակվել է Կառավարության էկոնոմիկայի և ֆինանսների դեպարտամենտի պետ։ 2012 թվականին, երբ Պուտինը դարձյալ ընտրվել է ՌԴ նախագահ, Բելոուսովը կարճ ժամանակ եղել է տնտեսական զարգացման նախարար։ Արդեն 2013 թվականին նշանակվել ՌԴ նախագահի օգնականի պաշտոնում։ «The Bell» կայքի փոխանցմամբ՝ Պուտինին ուղղված բոլոր թղթերը և տնտեսական առաջարկությունները, մակագրվում են Բելոուսովին։

Փոխվարչապետ-կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Դմիտրի Գրիգորենկոն, որը մինչ այդ զբաղեցրել է Դաշնային հարկային ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ Գրիգորենկոն 2000 թվականի հոկտեմբերից սկսած՝ աշխատել է Ռուսաստանի հարկային ծառայությունում՝ տարբեր ժամանակներում զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ Նրա նշանակումը պայմանավորված է Միշուստինի վարչապետի պաշտոնում նշանակվելով, որը մինչ այդ եղել է ՌԴ դաշնային հարկային ծառայության պետը։

Միշուստինը դաշնային հարկային ծառայության իր մյուս տեղակալ՝ Ալեքսեյ Օվերչուկին նույնպես նշանակել է փոխվարչապետի պաշտոնում։ Հարկային ծառայությունում Օվերչուկը համակարգում էր միջազգային համագործակցության և արժութային վերահսկողության ոլորտները։

Փոխվարչապետի պաշտոնում նշանակվել է նաև Վիկտորյա Աբրամչենկոն, որը մինչ այդ զբաղեցրել է Ռուսաստանի պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության (Ռոսռեեստր) պետի պաշտոնը։ Աբրամչենկոն 2005 թվականից աշխատում է ՌԴ դաշնային մարմիններում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունում, այդ թվում նաև՝ Անշարժ գույքի դեպարտամենտի պետի տեղակալի պաշտոնը։ 2011-2012 թվականներին եղել է Ռոսռեեստրի պետի տեղակալ, իսկ 2015-2016 թվականներին՝ գյուղատնտեսության փոխնախարար։ 2016 թվականից մինչ փոխվարչապետ նշանակվելը եղել է Տնտեսական զարգացման փոխնախարար, Ռուսաստանի պետական գրանցման, կադաստրի և քարտեզագրության դաշնային ծառայության պետ։

Փոխվարչապետի պաշտոնում ամենահետաքրքիր նշանակումներից մեկը Դմիտրի Չերնիշենկոյի նշանակումն է։ Մինչ փոխվարչապետ նշանակվելը եղել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» խորհրդի նախագահ։ Հոլդինգի կազմում են НТВ, ТНТ, ТВ-3, Пятница!, «Матч ТВ», Авторадио, «Эхо Москвы» և այլ մեդիահսկաներ։ Դեռ ուսանողական տարիներից Չերնիշենկոն եղել է Միշուստինի մտերիմ ընկերը։ Համալսարանն ավարտելուց հետո՝ աշխատել է ծրագրավորող, իսկ ավելի ուշ՝ հիմնել Media Arts Group հաղորդակցման գործակալությունը, որը մասնագիտացած էր գովազդի և սպորտային մարքեթինգի ոլորտներում։ 2005 թվականին Չերնիշենկոն լքել է կազմակերպությունը՝ 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպմամբ զբաղվելու համար։ Եղել է «Սոչի 2014» կազմակերպչական կոմիտեի ղեկավար։

Փոխվարչապետի պաշտոն է ստացել նաև Մոսկվայի նախկին փոխքաղաքապետ Մարատ Խուսնուլինը։ Խուսնուլինն ունի ֆինանսիստի կրթություն։ 2001 թվականի մայիսին նշանակվել է Թաթարստանի շինարարության, ճարտարապետության և կենցաղ-կոմունալային տնտեսության նախարարի պաշտոնում։ 2010 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Մոսկվայի շինարարության քաղաքային դեպարտամենտի ղեկավար, իսկ արդեն 2010 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել Մոսկվայի փոխքաղաքապետ՝ համակարգելով Մոսկվայի քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտները։

Դմիտրի Մեդվեդևի կառավարության փոխվարչապետներ Յուրի Բորիսովը, Տատյանա Գոլիկովան և Յուրի Տրուտնևը պահպանել են իրենց պաշտոնները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 15-ին հրաժարական էր տվել Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը։ Այդ մասին հայտարարել էր Մեդվեդևը՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կառավարության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը կայացել էր Պուտինի՝ ՌԴ Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո։

Լուսանկարը՝ EPA-ի (European Pressphoto Agency)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter