HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի սեփականատերը պարզաբանում է, թե ինչու հողօգտագործման պայմանագիր չունի Աջափնյակի հանքի համար

«Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի սեփականատեր և տնօրեն Վալոդյա Գրիգորյանը, «Հետք»-ի՝ «Երևանում երկու տարի ապօրինի հանք է շահագործում» վերնագրով հրապարակմանն ի պատասխան, որոշ պարզաբանումներ է ներկայացրել։

Նա պնդում է, որ հանքը ապօրինի չի շահագործում, քանի որ ունի ընդերքօգտագործման իրավունք, լեռնահատկացման ակտ, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչպես նաև Շրջակա միջավայրի վրա ազդեցության ԲՆ դրական եզրակացությունները։

Վալոդյա Գրիգորյանը խմբագրություն էր ներկայացրել նաև համայնքին կատարված վճարումները՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հետ կնքված պայմանագրով սահմանված՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների համար։ Մասնավորապես՝ 350 հազար դրամ փոխանցել է մոտակա դպրոցի, մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին մասնակցելու նպատակով, շրջակա միջավայրի վրա ազդեցության դրամագլխի և սահմանված այլ վճարներ։

Ինչ վերաբերում է Երևան համայնքի հետ հողօգտագործման պայմանագիր չունենալուն, Վալոդյա Գրիգորյանը նշեց, որ 2018 թ․-ին դիմել է Երևանի քաղաքապետարան հանքավայրի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը ձևակերպելու համար, սակայն քաղաքապետարանը իրեն հետևյալ պատասխանն է տվել․

«Բարձրացված հարցը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից ուսումնասիրվել է։ Արդյունքում ներկայումս Երևանի քաղաքապետարանում ընթանում են Երևան քաղաքի հանքավայրերում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զբաղեցված հողամասերի գույքագրման, հաշվառման, հիմքերի ուսումնասիրման ու հավաքագրման, փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսների ճշգրտման, ինչպես նաև պայմանագրերով սահմանված տարեկան վարձավճարները Երևան քաղաքի ավագանու 2017թ․ դեկտեմբերի 26-ի հ․87-Ն որոշմամբ սահմանված վարձավճարների դրույքաչափերին համապատասխանեցնելու վերաբերյալ աշխատանքներ։ Ելնելով վերոգրյալից՝ հայնտում եմ, որ Ձեր կողմից բարձրացված հարցը բազմակողմանի և լիարժեք հնարավոր կլինի ուսումնասիրել վերոնշյալ աշխատանքների շրջանակներում»,- հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ա․Ամյանը։ 

Մեր դիտարկմանը, թե չստանալով հողօգտագործման իրավունքը, ըստ օրենքի, ընդերքօգտագործում չէր կարող իրականացվել, մանավանդ, որ արդեն իսկ ընկերությունը դիմել էր դրա համար, Վալոդյա Գրիգորյանը նշեց, որ իր մեղքով չէ, որ իր հետ պայմանագիր չի կնքվել։

Վերջինս տեղեկացրեց, որ հոդվածի հրապարակումից հետո, կրկին դիմել է քաղաքապետարան՝ հողամասի վարձակալության պայմանագիրը կնքելու նպատակով։  

Մեկնաբանություններ (1)

aram
Where did this man get his logic?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter