HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում երկու տարի ապօրինի բաց հանք է շահագործվում

Երևանի Աջափնյակ համայնքի Տիչինայի փողոցի երթևեկելի հատվածից անհնար է չնկատել ճանապարհաեզրում գործող քարի բաց հանքավայրը։ Այդտեղ աղմուկով ու փոշի տարածելով աշխատում է ծանր տեխնիկան` էքսկավատորը և միաշերեփ անվային բարձիչը: Ճանապարհաեզրին կանգնած են փոխադրող բեռնատարները։ Որևէ գրություն կամ տեղեկատվական պաստառ, որ տարածքը գործող հանքավայր է, չկա։

Վարորդները և աշխատողները խուսափում են զրույցից։ Մեր հարցերին, թե որ հանքավայրն է կամ որ ընկերության տարածքում են աշխատում, պատասխանում են՝ չգիտենք։ Ըստ ամենայնի, ընկերության ղեկավարության հետ հեռախոսազանգից հետո, 5 րոպե անց մոտենում է տնօրենը, ով նաև ընկերության հիմնադիր-սեփականատերն է՝ Վալոդյա Գրիգորյանը։ Ընկերությունն այդպես էլ կոչվում է՝ «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ։

2016 թվականին հիմնադրված ընկերությունը Երևանում երկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունի։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից 2017-ին ստացել է ընդերքօգտագործման իրավունք միանգամից 2 տարածքի համար՝ Աջափնյակի դոլերիտային բազալտների հանքավայրի և Նորքի բազալտի հանքավայրի Լիլիթ-Գոռ տեղամասի համար։

Աջափնյակի դոլերիտային բազալտների հանքավայրը գտնվում է Աջափնյակ համայնքի հյուսիս-արևմտյան հատվածում գոյություն ունեցող արդյունաբերական հանգույցների հարևանությամբ: Հանքավայրը մոտակա բնակավայրին կամ կառուցապատված տարածքներին  շատ մոտ է, մոտ 300 մ է հեռու: 

Վալոդյա Գրիգորյանը պատրաստակամորեն ցույց է տալիս արդյունահանվող տարածքը և պատասխանում մեր հարցերին։ Պատմում է, որ տարածքից բազալտ են արդյունահանում, որը որակով համապատասխանում է շուկայում եղած պահանջարկին։ Բացի դրանից, բազալտի վերամշակման արտադրամաս ունեն, նաև բազալտ են արտահանում Ռուսաստանի Դաշնություն։ Վալոդյա Գրիգորյանը արտահանման ծավալները 2020-ին պատրաստվում է կրկնապատկել։ Նաև նախատեսում են մասնակցել Հայաստանում պետական շինարարական ծրագրերին։

«Քանի որ մեր Մերձավանի քարի արտադրամասը երկար տարիների պատմություն ունի, հենց բազալտ ենք կտրում, որոշեցինք ուրիշներից առնելու փոխարեն՝ մերը ունենալ։ «Արդիբաշ» ՍՊԸ-ից էինք օգտվում, որը հարակից տարածքում էր արդյունահանում իրականացնում»,- ասում է Վալոդյա Գրիգորյանը։

«Արդիբաշ» ՍՊԸ-ն 2017-ին հրաժարվել է այդ տեղամասի ընդերքօգտագործման իրավունքից։ Նույն տարվա ապրիլին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ստորագրել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքից հրաժարման հավաստագրի հրամանը։  Իսկ մինչ այդ՝ 2017թ․ փետրվարի 7-ին, «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն ստացել է նույն տեղամասի համար ընդերքօգտագործման իրավունք։ Տնօրենի հավաստմամբ, 2017թ․ երրորդ եռամսյակից սկսել են բազալտ արդյունահանել այդտեղից։

satellite-small.jpg (1.12 MB)

«Լավ բազալտը հիմնականում Երևան համայնքում է։ Սա թե չափերով, թե ծավալներով փոքր հանքավայր է համարվում, ճիշտ է՝ շահագործման իրավունքը 18 տարի ժամկետով է, որը 18 տարվա մեջ, կարծում եմ, կսպառվի»,- ասում է Վալոդյա Գրիգորյանը։

Վերջինս նշում է, որ 1,6 հա տարածք են վերցրել Երևան համայնքից այս հանքավայրի շահագործման համար։ Լրացուցիչ ուսումնասիրություն, նախքան շահագործումը, չեն իրականացրել, վերցրել և հիմք են ընդունել խորհրդային տարիների ուսումնասիրությունները։ Հորատման և հավելյալ ծախսերից խուսափելու համար Վալոդյա Գրիգորյանը որոշել է հիմնվել նախկին տվյալների վրա։

«Այստեղ պաշարների հետ կապված խնդիրներ կան, ոնց որ նստած է մեր վրա պաշարները, չի համապատասխանում տոկոսային առումով երկրաբանական ֆոնդի տվյալներին։ Պետք է հանձնաժողով ստեղծվի, փորձաքննություն անցնի նորից»,- ասում է հանքավայրը շահագործողը։

Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում ենք ուղարկել՝ պարզելու, թե որքան տարածք է տրամադրվել ընկերությանը և որքան վարձավճար է սահմանվել տարածքում ընդերքօգտագործում իրականացնելու համար։ Պարզվեց, «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ն առհասարակ որևէ պայմանագիր չունի Երևանի համայնքապետարանի հետ։

Երևանի քաղաքապետարանն առաջին պատասխանում տեղեկություններ է հայտնել ընկերության Նորքի բազալտի հանքավայրի Լիլիթ-Գոռ տեղամասի մասին։ Սակայն Աջափնյակի տեղամասի համար տեղեկատվություն չէր տրամադրել՝ պատճառաբանելով, որ տվյալ ընկերության հետ Աջափնյակի այդ հատվածում ընդերքօգտագործման համար պայմանագիր կնքված չկա։ Ավելի ուշ, մեր կրկնակի հարցադրումից հետո, քաղաքապետարանը հայտնեց, որ «հողամասի սահմանների ճշտման աշխատանքների ավարտից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության հետ հնարավոր կլինի կնքել վարձակալության պայմանագիր»:

Էկոլոգիական իրավունքի մասնագետ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը պարզաբանեց, որ եթե փաստացի ընդերքօգտագործում է իրականացվում, որի դեպքում չկա համայնքի հետ կնքված հողօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ, ապա օրենքով ընդերքօգտագործում չէր կարող իրականացվել։

Մասնավորապես, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-դ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի հետ համայնքի ղեկավարը՝ համայնքի ավագանու որոշմամբ կնքում է հողօգտագործման պայմանագիր։ Ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքներն առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի:

«Հողօգտագործման պայմանագիրը պարտադիր պայման է ընդերքօգտագործում իրականացնելու համար»,- նշեց Արթուր Գրիգորյանը։

Ընկերության նախագծից տեղեկանում ենք, որ բացահանքի տարածքը նախատեսված է եղել 0.84 հա: Արտաքին լցակույտի զբաղեցրած տարածքը պետք է կազմեր 0.7 հա: Այսինքն` տրամադրվելիք տարածքը՝ հանքավայրի օբյեկտների շինարարության և բացահանքի շահագործման համար ընդհանուր պետք է կազմեր 1.5 հա:

Բացահանքի եզրագծում ներփակված հաշվեկշռային (մարվող) պաշարների ծավալը պետք է կազմեր 49 500 խմ դոլերիտային բազալտի զանգված, իսկ հեռացվող մակաբացման ապարների ծավալը` 22500 խմ : Դոլերիտային բազալտի արդյունաբերական պաշարների ծավալը` բնամասերում թողված 4500 խմ կորուստների դեպքում պետք է կազմեր 45000 խմ դոլերիտային բազալտի զանգված, բացահանքի տարեկան արտադրողականությունը` 2750 խմ մարվող և 2500 խմ արդյունահանվող դոլերիտային բազալտի զանգված: 

Նախագծում նաև խոստացել էին, որ բացահանքի աշխատանքների կազմակերպման համար կառուցվելու է արտադրական հրապարակ` իր անհրաժեշտ կառույցներով: 

Փաստորեն, երկու տարի Աջափնյակի հանքավայրից ընդերքօգտագործում է իրականացվել՝ առանց Երևան համայնքի հետ հողի վարձակալության պայմանագրի։

Լուսանկարները, տեսանկարահանումը և մոնտաժը՝ Անի Սարգսյանի։ 

Մեկնաբանություններ (2)

Hetq
Thanks for the feedback Michael. Hetq wrote a piece (Yerevan’s Worsening Air Quality: Dangerous Levels of Dust, Carbon Monoxide and Sulfur Dioxide Recorded - https://hetq.am/en/article/81398) you might find of interest.
Michael Quirk
I appreciate this kind of investigative journalism as I live in Yerevan. Could you please tell me what the government is doing about the air pollution problem in Yerevan and if any journalist has investigated the scandal of the resale of car/vehicle catalysers (meant to diminish pollution) which seems to be the main source of pollution here.?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter