HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին հայ պաշտոնյաների զավակների չեխական ընկերությունները

Չեխիան պահանջված ուղղություն է ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ բիզնեսի եւ անշարժ գույքի ներդրողների համար: «Հետքը» մինչ այս ներկայացրել է նախկին հայ պաշտոնյաների եւ նրանց փոխկապակցված անձանց չեխական գործունեության մասին պատմող մի շարք հոդվածներ:

Հիմնվելով մեր չեխ գործընկերների հետաքննությունների, ինչպես նաեւ այդ երկրի միգրացիոն մարմինների փորձի վրա՝ գրել էինք, որ Եվրամիության անդամ Չեխիայում «թղթի վրա» ընկերություն հիմնելը (ընկերություններ, որոնք լուծարված չեն, բայց նաեւ փաստացի որեւէ գործունեություն չեն ծավալում), որպես կանոն, օգտագործվում է դրանց տերերի կողմից գործարար ներկայանալու համար, ինչը կօգնի, օրինակ, երկարաժամկետ կացության թույլտվություն ստանալ Չեխիայում: Այս քայլին դիմում են շատ օտարերկրացիներ, սակայն մեր գործընկերներին Չեխիայի ՆԳՆ-ից հայտնել էին, որ իրենք քաջատեղյակ են «քողարկող» ընկերությունների միջոցով միգրացիոն համակարգը չարաշահելու փորձերին:

Ինչ վերաբերում է հայ պաշտոնյաներին ու նրանց հարազատներին, ապա վերջիններիս մի մասն իսկապես անշարժ գույք եւ հիմնականում այդ գույքը շահագործող բիզնես ունի Չեխիայում, մի մասն էլ, ըստ էության, ընկերություններ է հիմնել ոչ միայն նման գույք ձեռք բերելու (ընկերության թեկուզ ֆիկտիվ առկայությունը հեշտացնում է գույքի ձեռքբերումը), այլեւ, ինչպես վերը նշվեց, գործարար ներկայանալու եւ կացության իրավունք ստանալու համար:    

«Pedro Production»

Այս ընկերությունը ներկայում պատկանում է 2 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների զավակներին, սակայն 2008-ի հունվարի 2-ին հիմնադրել են այլ անձինք: «MAMATOV GROUP» ՍՊԸ-ն գրանցել են Ղազախստանի 4 քաղաքացիներ (Վլադիմիր Մամատով, Օլգա Մամատովա, Լյուբով Շվեցովա, Վլադիմիր Լի) եւ Չեխիայի բնակիչ Օլգա Միտրյուկովան: 2010-ին նրանք ընկերությունն օտարել են Երեւանի բնակիչներ Դավիթ եւ Յուրի Գրիգորյաններին ու Լյուդմիլա Մխիթարյանին, որոնք անվանափոխել են ՍՊԸ-ն՝ դարձնելով «PALMIRA Holding»: 2011-ին էլ ընկերության նոր տերեր են գրանցվել երեւանցի Արա Հովհաննիսյանն (50 %) ու ուկրաինուհի Իննա Տուրաշը (50 %): Վերջիններիս, ինչպես եւ ընկերության առաջին տերերի լիազորված անձը ՍՊԸ-ն կառավարելու գործում եղել է Օլգա Միտրյուկովան:  

Ա. Հովհաննիսյանը բենզինի եւ դիզվառելիքի շուկայում հայտնի «CPS»-ի հիմնադիր Աշոտ Սալազարյանի քրոջ որդին է: Հենց Հովհաննիսյանը, Սալազարյանն ու վերջինիս կինն էին ժամանակին հիմնել «CPS» ապրանքանիշը ներկայացնող «Քաղ Պետրոլ Սերվիս» արտադրական կոոպերատիվը (Սալազարյանը դրա նախագահն էր, Հովհաննիսյանը՝ փոխնախագահը): «CPS»-ի գործունեության մասին նախկինում գրել ենք: Արա Հովհաննիսյանի հայրը՝ Արամ Հովհաննիսյանը, 1990-ականներին, երբ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր, եղել է Երեւանի փոխմիլպետ:  

Վերադառնանք «PALMIRA Holding»-ին: 2013-ի ապրիլին Ա. Հովհաննիսյանն ու Ի. Տուրաշն ընկերությունն օտարել են երեւանցի Մհեր Սահակյանին եւ Լուսինե Չիլինգարյանին, որոնք անվանափոխել են ՍՊԸ-ն «Pedro Production»-ի: Մ. Սահակյանը 2003-2007 թթ. ԱԺ պատգամավոր Սամվել Սահակյանի որդին է: Ս. Սահակյանն իբրեւ հաշվապահ աշխատել է «Հայծխախոտ» արտադրական միավորումում, «Գրանդ-Ակումբ» ԲԲԸ-ում, եղել «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի ֆինանսական ու գործադիր տնօրեն, իսկ հետո՝ «Մասիս Տոբակո Մ.Վ.» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն: Այլ կերպ ասած՝ Սամվել Սահակյանը ծխախոտագործության եւ հրուշակեղենի ոլորտում հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի ընտանիքի թիմից էր: 2003-ին անկուսակցական Սահակյանը պատգամավոր է ընտրվել Մասիսի տարածաշրջանն ընդգրկող թիվ 21 ընտրատարածքից: 2007-ին եւս առաջադրվել էր մեծամասնական կարգով, սակայն չէր վերընտրվել:

Լուսինե Չիլինգարյանն էլ խորհրդատվական-հետազոտական ծառայություններ մատուցող «Պարադիգմա Արմենիա» ՓԲԸ-ի (ներկայում՝ «BDO Armenia») հիմնադիր, տնտեսագետ, 2008 թ. հարկային պետական ծառայության պետի (Վահրամ Բարսեղյանի) առաջին տեղակալ, 2008-2009 թթ. ՊԵԿ նախագահի (Գագիկ Խաչատրյանի) առաջին տեղակալ, 2009-2012 թթ. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանի դուստրն է:

200 հազ. չեխական կրոն (ներկայում հավասար է 4,2 մլն դրամի) կանոնադրական կապիտալով «Pedro Production» ՍՊԸ-ն Մ. Սահակյանն ու Լ. Չիլինգարյանը կիսում են 50-50 համամասնությամբ: Նրանք նաեւ ընկերության տնօրեններն են: «Pedro Production»-ի գործունեության ոլորտներն են անշարժ գույքի, բնակելի եւ ոչ բնակելի տարածքների վարձակալությունը, ինչպես նաեւ արտադրության, առեւտրի, ծառայությունների տարբեր տեսակներ: Ընկերությունը գրանցված է Պրահայի Չեշկոլիպսկա 391/5 հասցեում, որը բազմաբնակարան շենք է: Այստեղ ՍՊԸ-ի՝ վերը նշված հայ տերերից որեւէ մեկի անունով սեփականություն չկա: Բացի դրանից՝ Չեխիայի բիզնես ռեգիստրում այս ընկերությանը վերաբերող վերջին փաստաթուղթը թվագրված է 2013 թ.-ով:   

«Jeritsyan Holding»

Գործարար, Արաբկիրի նախկին (2008-2009 թթ.) թաղապետ Ալբերտ Երիցյանի ընտանիքը մեկն է նրանցից, ովքեր Չեխիայում ընկերություններ եւ անշարժ գույք ունեն:  

Նախկինում անդրադարձել ենք Պրահայում Երիցյանների հիմնած «Jeritsyan Holding» ՍՊԸ-ին: 2006-ի ապրիլի 12-ին այս ընկերությունը գրանցել էին Ալբերտ Երիցյանն ու որդին՝ Ռոբերտը, որոնց հետո միացել է վերջինիս եղբայրը՝ Արտակը: Ներկայում ընկերության սեփականատերերն են Ռոբերտ Երիցյանը (40 %), կինը՝ Լիլիթ Ասատրյանը (40 %), եւ նրանց որդին՝ կրտսեր Ալբերտ Երիցյանը (20 %): Նրանք նաեւ ընկերության տնօրեններն են: Կանոնադրական կապիտալը 200 հազ. կրոն է:

Հիշեցնենք, որ Ռ. Երիցյանը հետախուզվում էր ՀՀ իրավապահների կողմից ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով, սակայն Չեխիայի դատարանը մերժել էր նրա արտահանձնումը ՀՀ-ին, քանի որ Երիցյանին այդ երկրում ապաստան էր տրվել: Նշենք, որ Երիցյանները ՀՀ քաղաքացիներ են, Երեւանի գրանցում ունեն: «Հետքը» տեղեկացել էր, որ Ռոբերտ Երիցյանը իշխանափոխությունից հետո վերադարձել է Հայաստան: Ճշտելու համար, թե արդյոք նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է, դիմել էինք գլխավոր դատախազութուն: Վերջինիս հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը հայտնել է, որ Երիցյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվել է ապացույցների անբավարարության հիմքով:  

Գրել էինք, որ «Jeritsyan Holding»-ը (գրանցված է Պրահայի Չոտեշովսկա 678/2 հասցեում, որը բնակելի շենք է), ըստ փաստաթղթերի, զբաղվում է անշարժ գույքի վարձակալութամբ, արտադրության, առեւտրի, ծառայությունների մատուցման տարբեր տեսակներով, սակայն գրանցման վայրում սեփականություն չունի: Փոխարենը ՍՊԸ-ն 387 քմ մակերեսով հողամաս եւ դրա վրա կառուցված անշարժ գույք էր ձեռք բերել Պրահայի Կիյե թաղամասում (Տալինսկա 1026/67): Այս տարածքում ռեստորան է գործում («U Eriky»), որը պատկանում է Երիցյանների հետ առնչություն չունեցող չեխական «Good Standing» ՍՊԸ-ին, այսինքն՝ Ալբերտ Երիցյանի ընտանիքը օգտագործման է հանձնել իր անշարժ գույքը:

Մեր առաջին հրապարակումից շատ չանցած Երիցյանների գույքի սեփականատերը փոխվել էր՝ «Jeritsyan Holding»-ին փոխարինել էր երեւանցի Հարություն Սարուխանյանը, ով, ամենայն հավանականությամբ, Ալբերտ Երիցյանի կնոջ՝ Անահիտ Սարուխանյանի ազգականն է: Այսինքն՝ Կիյե թաղամասի անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխություն, ըստ էության, կատարվել է միայն թղթի վրա, իսկ փաստացի տերը Երիցյաններն են:

Վերը հիշատակված Օլգա Միտրյուկովան եղել է Երիցյանների լիազորված անձը «Jeritsyan Holding» ՍՊԸ-ն կառավարելիս:

«PLATINIUM»

Ալբերտ Երիցյանի հարսը՝ Լիլիթ Ասատրյանը, 2010-ին փայատեր է դարձել Պրահայում գրանցված մեկ այլ՝ «PLATINIUM» ՍՊԸ-ում: Վերջինս հիմնադրվել էր 2008-ի մայիսի 19-ին երկու հայերի՝ Խաչատուր Ղարիբյանի եւ Աշոտ Հակոբյանի կողմից, որոնք 2010-ին ՍՊԸ-ն փոխանցել են Լ. Ասատրյանին ու Երիցյանների հարազատներից երեւանցի Վարդուհի Նանագուլյանին: Ավելի ուշ Ասատրյանին փոխարինել էր սկեսրայրը՝ Ալբերտ Երիցյանը, իսկ 2015-ի նոյեմբերից «PLATINIUM»-ի միակ սեփականատերը Արտակ Երիցյանն է, ով նաեւ տնօրենն է:

Գործունեության ոլորտները նույնն են, ինչ «Jeritsyan Holding»-ի պարագայում՝ անշարժ գույքի վարձակալություն, արտադրության, առեւտրի, ծառայության տեսակներ: Սրա կանոնադրական կապիտալը եւս 200 հազ. կրոն է: «PLATINIUM»-ը գրանցված է Պրահայի Ռժեհորժովա 1004/32 հասցեում (բնակելի շենք է), որտեղ, սակայն, սեփականություն չունի:

«BZ Vend Company»

Արտակ Երիցյանը եւս մի ընկերություն ունի՝ գրանցված «PLATINIUM»-ի նույն հասցեում: «BZ Vend Company» ՍՊԸ-ն ստեղծվել է 2013-ի հոկտեմբերի 21-ին բելառուս Կրիստինա Զոլատավայի եւ ռուս Տատյանա Բոգդանովայի կողմից: 2015-ի հոկտեմբերին նրանք ընկերությունը փոխանցել են Արտակ Երիցյանին, ով դարձել է միակ տնօրենն ու սեփականատերը: ՍՊԸ-ն զբաղվում է արտադրության, առեւտրի եւ ծառայությունների տարբեր տեսակներով, ինչպես նաեւ հյուրանոցների գործունեությամբ, կանոնադրական կապիտալը 200 հազ. կրոն է:        

Երիցյանների բոլոր 3 ընկերությունների ֆինանսական վերջին փաստաթղթերում նշված ակտիվներն ու պասիվները բավականին փոքր են: 

Պրահայի լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter