HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայտնի է Ռուսաստանի կառավարության նոր կազմը․ ովքեր են նորանշանակ նախարարները

Հունվարի 21-ին Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել Կառավարության նոր կազմը։ Քսանմեկ նախարարներից պաշտոնին հրաժեշտ են տվել ինը, այդ թվում նաև մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան և առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

«Meduza» առցանց հարթակն իր ընթերցողների շրջանում անցկացրել էր հարցում՝ պարզելու, թե որոնք այն նախարարները, որոնց ՌԴ քաղաքացիները չեն ցանկանում տեսնել նոր կառավարությունում։ Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ՌԴ քաղաքացիները չեն ցանկանում տեսնել փոխվարչապետներ Վիտալի Մուտկոյին և Տատյանա Գոլիկովային, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին, առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային և կրթության ու գիտության նախարար Օլգա Վասիլևային։

«Հետք»-ն ուսումնասիրել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության նոր կազմի նորանշանակ նախարարների կենսագրությունները։

Նախարարական պորտֆելները պահպանել են ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը (նախկինում եղել է նաև փոխվարչապետ), էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, շինարարության և բնակկոմունալային տնտեսության նախարար Վլադիմիր Յակուշևը, բնական պաշարների և բնապահպանության նախարար Դմիտրի Կոբիլկինը, արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևը և Հեռավոր Արևելքի զարգացման հարցերով նախարար Ալեքսանդր Կոզլովը։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար է նշանակվել Մաքսիմ Ռեշետնիկովը, որը մինչ այդ զբաղեցրել է Պերմի երկրամասի նահանգապետի պաշտոնը։ Ռեշետնիկովը, Մարատ Խուսնուլինի և Անտոն Կոտյակովի հետ միասին, համարվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի թիմի անդամ։ Ի տարբերություն նախորդ նախարարների, չունի գիտական ակադեմիական աստիճան։ Աշխատանքային կարիերան հիմնականում կապված է տարածքային կառավարման հետ։ 2004-2012 թվականներին եղել է Պերմի երկրամասի նահանգապետ Օլեգ Չիրկունովի աշխատակազմի ղեկավար։ Չիրկունովը Ռեշետնիկովին անվանել էր «տնտեսության մրցակցային զարգացման և շուկայական մոտեցումների խելամիտ կողմնակից»։ Սերգեյ Սոբյանինի՝ Մոսկվայի քաղաքապետ նշանակվելուց հետո աշխատել է Մոսկվայի քաղաքապետարանում, այդ թվում նաև, տնտեսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Ռեշետնիկովը գրել է 2014 թվականի Մոսկվայի ներդրումային ռազմավարությունը։ Ռազմավարության գլխավոր գաղափարն այն է, որ մասնավոր ներդրումները պետք է ուղղվեին ոչ թե ենթակառուցվածքների զարգացմանը (դպրոցների, հիվանդանոցների, բնակելի շինությունների շինարարություն), այլ քաղաքացիների համար բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ստեղծմանը։ 2017 թվականից մինչ նախարար նշանակվելը եղել է Պերմի երկրամասի նահանգապետ։

Մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվել է Օլգա Լյուբիմովան։ Մինչ նախարարի պաշտոնն ստանձնելը երկու տարի ղեկավարել է մշակույթի նախարարության կինոմատոգրաֆիայի վարչությունը։ Սովորել է ուղղափառ գիմնազիայում, որից հետո ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Լյուբիմովայի խոսքերով՝ գիմնազիան նրա համար դարձել է «Ալ Քաիդայի ճամբար», որի պատճառով էլ որոշել է կյանքը չկապել եկեղեցու հետ։ 2015 թվականին Լյուբիմովան դարձել է մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի վարչության խորհրդական, իսկ 2016 թվականին գլխավորել Ռուսաստանի Առաջին ալիքի սոցիալական և հրապարակախոսական ծրագրերը։ РБК-ի փոխանցմամբ՝ 2018 թվականին Օլգա Լյուբիմովան հայտարարագրել է 2,4 միլիոն ռուբլի եկամուտ։

Կրթության նախարարի պաշտոնն զբաղեցրել է Սերգեյ Կրավցովը։ Վերջինս ունի մանկավարժական կրթություն․ մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ է։ Սակայն աշխատանքային ողջ կարիերան կապված է կրթության ոլորտում վարչական աշխատանքի հետ։ Կրավցովը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Կրթության ռուսական ակադեմիայում ու կրթության և գիտության նախարարությունում։ 2013 թվականից գլխավորել է Ռուսաստանի կրթության և գիտության տեսչական մարմինը (Ռոսօբրնադզոր)։ Տարբեր ժամանակներում Կրավցովին մեղադրել են բուհերից լիցենզիաների հետկանչի մեջ, մասնավորապես խոսքը գնում է Սոցիալական և տնտեսական գիտությունների Մոսկվայի բարձրագույն դպրոցի և Սանկտ Պետերբուրգի եվրոպական համալսարանի մասին։ Որոշ ակտիվիստների կարծիքով, Կրավցովն անտեսել է հեղինակային իրավունքի խախտումներով ատենախոսությունների պաշտպանության փաստը։

Միշուստինի կաբինետի առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցրել է Միխայիլ Մուրաշկոն։ Մինչ այդ նա զբաղեցրել է Առողջապահության տեսչական դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնը։ Մուրաշկոն ավարտել է Ուրալի պետական բժշկական ինստիտուտը։ Կոմիի Հանրապետությունում զբաղեցրել է ղեկավար բժշկական պաշտոններ, ինչպես նաև Կոմիի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնը։ Դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնն զբաղեցնելիս՝ բազմիցս հանդես է եկել մասնավոր հատվածի նկատմամբ վերահսկողության լրացուցիչ միջոցների սահմանման օգտին։ Բացի այդ, այս տարվա սկզբին իրավապահ մարմիններին կոչ է արել նվազագույնի հասցնել բժիշկների նկատմամբ քրեական հետապնդումը։

Մաքսութ Շադաևը զբաղեցրել է թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարի պաշտոնը։ 40-ամյա նախարարը հասցրել է աշխատել ինչպես IT խոշոր ընկերություններում, այնպես էլ պետական պաշտոններում, այդ թվում նաև կապի նախարարությունում։ Մի քանի տարի աշխատել է կապի նախկին նախարար Լեոնիդ Ռեյմանի խորհրդականի պաշտոնը, այնուհետ աշխատել Արտաքին հետախուզության ծառայության ներկայիս տնօրեն Սերգեյ Նարիշկինի թիմում, երբ վերջինս զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2018 թվականին Շադաևն դարձել է «Ռոստելեկոմի» թվային հարթակների գծով փոխնախագահ, որտեղ աշխատել է մինչև նախարարի պաշտոնի զբաղեցումը։

Ռուսաստանի արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Կոնստանտին Չույչենկոն։ 2018 թվականի մայիսի 18-ից մինչև արդարադատության նախարար նշանակվելը, եղել է փոխվարչապետ-կառավարության աշխատակազմի ղեկավար։ Շուրջ 10 տարի (2008-2018 թվականներ) զբաղեցրել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի օգնականի պաշտոնը։ Հետաքրքրական է, որ Չույչենկոն նախկինում եղել է «Գազպրոմ մեդիա հոլդինգի» տնօրենների խորհրդի անդամ։

Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության ռուսական պետական համալսարանի ռեկտոր Օլեգ Մատիցինը նշանակվել է սպորտի հարցերով նախարար։ Մատիցինը մանկավարժական գիտությունների դոկտոր է։ 2012 թվականին ստացել է պրոֆեսորի աստիճան։ 2009 թվականին Բասմանի շրջանի դատարանի որոշմամբ Մատիցինը հեռացվել է Ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության ռուսական պետական համալսարանի նախագահի պաշտոնից։ Ըստ գործով առկա տվյալների՝ 2001 թվականի հուլիսից 2006 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքը չարաշահելով, Մատիցինը դաշնային սեփականություն համարվող հողատարածքը վարձակալության նպատակներով հանձնել է մասնավոր ընկերություններից մեկին, ինչի հետևանքով Ռուսաստանի բյուջեին հասցվել է շուրջ 120 միլիոն ռուբլու վնաս։ 2012 թվականի մարտին էլ Մոսկվայի Իզմայլովի դատարանը նախկին ռեկտորին ճանաչել է մեղավոր և նշանակել 20 հազար ռուբլի տուգանք։ Այդուհանդերձ, դատարանը, ելնելով վաղեմության ժամկետի լրացումից, Մատիցինին ազատել է քրեական պատասխանատվությունից։ Ընդ որում, վաղեմության ժամկետը լրացել է բողոքը քննության ընդունելուց մեկ օր առաջ։

Վալերի Ֆալկովը նշանակվել է գիտության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնում։ Մինչ այդ, 2013-2020 թվականներին զբաղեցրել է Տյումենի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը։ Ակտիվ կուսակցական է, իշխող «Единая Россия» (Միասնական Ռուսաստան) կուսակցության անդամ։ Եղել է Տյումենի քաղաքային դումայի պատգամավոր։ 2020 թվականի հունվարի 15-ին Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ ներառվել է ՌԴ սահմանադրության փոփոխության հանձնաժողովի կազմում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար էլ նշանակվել է Անտոն Կոտյակովը։ Մինչ այդ, նա զբաղեցնում էր ՌԴ ֆինանսների փոխնախարարի պաշտոնը։ Կոտյակովը համարվում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի թիմի անդամ։ 2014 թվականին աշխատանքի է անցել Մոսկվայի մարզի կառավարությունում։ Մինչև 2017 թվականի հունվար ամիսն էլ զբաղեցրել է Մոսկվայի մարզի ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ գերատեսչական մարմնի վերակազմավորումից հետո՝ Մոսկվայի մարզի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 15-ին հրաժարական էր տվել Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը։ Այդ մասին հայտարարել էր Մեդվեդևը՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը կայացել է Պուտինի՝ ՌԴ Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո: 

Լուսանկարը՝ Կրեմլի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter