
Ավինյանը վստահեցնում է` պետությունը բջջային օպերատորների մոնոպոլիա թույլ չտալու գործիքակազմ ունի
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին խոսեց «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայն» ընկերությունը գնելու հնարավոր գործարքի մասին` մտահոգվելով, թե դա կարող է մոնոպոլիա առաջացնել:
«Արդյոք դա իրակա"ն է, և եթե իրական են բանակցությունները, ապա ինչ ռիսկեր է պարունակում` հաշվի առնելով, որ օպերատորների թիվը պակասում է»,- հարցրեց նա:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` վստահեցնելով, որ պետությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի թույլ չտա որևէ ծառայության մենաշնորհի առաջացում:
«Ֆորմալ գործընթացը սկսվել է, հայտ է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, հանձնաժողովն իր վերլուծությունը պետք է անի, որպեսզի հասկանանք՝ ինչպես է ազդում այդ ոլորտում ծառայությունների գնի վրա: Հանձնաժողովի նախնական դիրքորոշումն այն է, որ բոլոր նախադրյալներն առկա են, որ միշտ պետք է հնարավորություն տալ երրորդ օպերատորին մուտքի համար»,-ասաց Ավինյանը:
Փոխվարչապետի խոսքով` կարևոր է նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) եզրակացությունը, վերջինս երկու ընկերությունների միավորումը դիտարկելու է շուկաների վերլուծության շրջանակում, ինչպես` բջջային կապի, ֆիքսված կապի, հեռուստահաղորդակցության և առհասարակ բոլոր ոլորտների առանձին շուկաների վերլուծությունը:
«Այդ քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ-ն իր դիրքորոշումը կասի, օրենքով նախատեսված է, որ ԱԱԾ-ն իր կարծիքը պետք է հայտնի: Բոլոր կարծիքները համադրելով՝ կունենանք վերջնական դիրքորոշում՝ այս միավորումը հնարավո՞ր է, թե՝ ոչ: Եւ եթե նույնիսկ հնարավոր է, դա բարդ գործընթաց է, դեռ վաղ է խոսել, քանի դեռ չունենք վերլուծության արդյունքները: Բայց մենք ունենք գործիքակազմ մոնոպոլ շուկաների գոյացում թույլ չտալու, մտահոգվելու լուրջ առիթ չունենք»,- ասաց փոխվարչապետը:
Մեկնաբանել