HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Արմեն Վարդապետյանի լիազորությունները դադարել են տարիքը լրանալու կապակցությամբ, նա ծննդյան առթիվ պարգևատրվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի լիազորությունները հունվարի 15-ից դադարել են։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի 65 տարին 2020 թվականի հունվարի 15-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2020 թվականի հունվարի 15-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Ղազարի Վարդապետյանի լիազորությունները համարել դադարած»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

ԲԴԽ կայքից տեղեկանում ենք նաև, որ ծննդյան 65-ամյակի  կապակցությամբ Վարդապետյանը պարգևատրվել է։

«Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության դատական համակարգում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի բազմամյա գործունեությունը, արդարադատության կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Արմեն Վարդապետյանին պարգևատրել Բարձրագույն դատական խորհրդի պատվոգրով»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ օրենքով սահմանված կարգով դատավորի վարույթում գտնվող գործերը պետք է վերամակագրվեն։ Վարդապետյանի վարույթում էր քննվում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ մեղադրվող Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի գործը։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս գործն այժմ մակագրվել է դատավոր Արման Հովհաննիսյանին։

Հիշեցնենք, որ Արաքս Դիլանյանը մեղադրվում է նախկին նախարարի՝ առանձապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Վիկտոր Մարտիրոսյանը` կաշառքի օժանդակության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter