HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը հաստատել է Արամ Հարությունյանի կողմից կաշառք ստանալու գործից անջատված մասով անձանց մեղադրանքները. գործը դատարանում է

Դատախազությունը հաստատել է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի մեղադրանքը: Գործը դատարանում է, մակագրվել է դատավոր Արմեն Վարդապետյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Արաքս Դիլանյանը մեղադրվում է նախկին նախարարի՝ առանձապես խոշոր չափով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Վիկտոր Մարտիրոսյանը` կաշառքի օժանդակության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքների, Վիկտոր Մարտիրոսյանը, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008 թվականի սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:

Մարտիրոսյանը, Արամ Հարությունյանի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար:

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, գործարար Սիլվա Համբարձումյանի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացի Արաքս Դիլանյանի՝ Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո, ըստ մեղադրանքի, նշված գումարից 797 918 520 դրամին համարժեք 9 499 030 ԱՄԷ դիրհամ և 769 125 000 դրամին համարժեք 9 156 250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարներին:

Դրանից հետո Վիկտոր Մարտիրոսյանը Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Արամ Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Հարությունյանի մտերիմները փոխանցել են նրա` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին:

Վիկտոր Մարտիրոսյանն իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին: Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և Հայաստանի տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

Կաշառքի գործի շրջանակներում  նախկին նախարար Արամ Հարությունյանն, ինչպես նաև նրա մտերիմներից Սուրեն Ավագյանը մեղադրյալի կարգավիճակ ունեն:

2007 թվականի հունիսի 8-ից Հարությունյանը զբաղեցրել է բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ հանդիսացել ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահը: Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարը գործարար Սիլվա Համբարձումյանից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներ տրամադրելու գործընթացն իրականացնելու, հետագայում ուսումնասիրության ժամկետները երկարացնելու և հանքերի շահագործման թույլտվություն ստանալու հարցը նրա օգտին լուծելուն նպաստելու համար, ապա հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարի իրական ծագումը թաքցնելու ուղղությամբ մտերիմների միջոցով կատարել Վիկտոր Մարտիրոսյանի մեղադրանքում վերը նկարագրված գործողությունները: Սուրեն Ավագյանը մեղադրվում է կաշառքի օժանդակության մեջ: Վերջինիս, ինչպես նաև Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Փետրվարի վերջին լրագրողների հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ասել է, որ Հարությունյանը Հայաստանի տարածքը օրինական ճանապարհով չի լքել: Այսինքն` չի բացառվում, որ նա կարող է և Հայաստանում լինել:

Նշենք, որ Արամ Հարությունյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը հարուցվել է դեռևս 2015 թվականին, ապա 2017-ին կարճվել՝ ապացույցների անբավարարության հիմքով: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն, գործը վերաբացվել է:

Վերաբացման որոշումն ամիսներ առաջ բողոքարկվել է Արաքս Դիլանյանի կողմից և մինչ օրս բողոքը քննվում է դատարաններում: Դրան մասնակցում են նաև գործով մեղադրյալներ Վիկտոր Մարտիրոսյանի, Արամ Հարությունյանի, Սուրեն Ավագյանի պաշտպանները, Սիլվա Համբարձումյանը: Մեկ անգամ առաջին ատյանի դատարանը վերաբացման որոշումն օրինական է համարել, սակայն Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել ու այն ուղարկել է նոր քննության: Բողոքը մակագրվել էր դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն վերջինս տևական ժամանակ այն քննելուց հետո որոշել է ինքնաբացարկ հայտնել: Այս պահին գործը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Ստացվում է, որ Արաքս Դիլանյանի և Վիկտոր Մարտիրոսյանի վերաբերյալ բուն գործն արդեն դատարանում է, բայց դեռևս դատական կարգով պետք է ստուգվի քրեական գործի վերաբացման օրինականությունը:

Նշենք, որ ըստ գործով մեղադրյալների պաշտպանների՝ տվյալները, որոնց հիման վրա քրեական գործը վերաբացվել է, հայտնի են եղել քննությունն իրականացնող մարմնին, այս ուղղությամբ քննություն է կատարվել և ձեռք բերված ապացույցները բավարար չեն եղել անձի մեղավորության մասին եզրակացություն անելու համար:

Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ գործում նոր երևան եկած հանգամանք կա: Բանն այն է, որ 2015-ին քրեական գործի հարուցումից հետո դատախազությունն ԱՄԷ հարցում է ուղարկել՝ հետաքրքրության առարկա հանդիսացող գումարի շարժը, դրանց գործով մեղադրյալների առնչությունը ստուգելու համար, ԱՄԷ-ից պատասխան չի ստացել, սակայն քրեական գործի կարճման որոշումից հետո անակնկալ կերպով ստացվել է հարցման պատասխանն ու պարզվել, որ Արաքս Դիլանյանի հաշվեհամարին գումար է փոխանցվել և որ դա եղել է գործով հետաքրքրություն ներկայացնող գումարը:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում Արաքս Դիլանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Վիկտոր Մարտիրոսյանը գտնվում է կալանքի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter