HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը` Կուտոյանի մահվան մասին. «Եթե նրա մերձավոր շրջապատից ունենանք աջակցություն, գործը 100 տոկոսով կբացահայտվի»

«Ողբերգություն է տեղի ունեցել, բայց ես համոզված եմ, որ եթե մերձավոր շրջապատի կողմից ունենանք աջակցություն, էս գործը իր բոլոր հանգամանքներով, 100 տոկսով կբացահայտվի»: Այս մասին խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը։ Հիշեցնենք՝ հունվար 17-ին քննչական կոմիտեն հայտնեց, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ասաց, որ թե՛ Գեորգի Կուտոյանի, թե՛ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքերով հանրության շրջանում հարցեր կան: Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը հատուկ հրահանգ է իջեցրե՞լ առանձնակի ուշադրությամբ քննել այդ դեպքերը, և ըստ վարչապետի կարիք կա՞ նախկին պաշտոնյաների անվտանգությունն ապահովել:

«Երբ ինձ զեկուցել են Կուտային հետ կապված ահազանգի մասին, որովհետև ի սկզբանե ահազանգ է եղել, որից հետո ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր, իմ հանձնարարությունն է եղել օպերատվ մեկնել դեպքի վայր և պահպանել դեպքի վայրը, որպեսզի որևէ առարկա չանհետանա, քննությունն արդյունավետ ընթանա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` ցանկացած պաշտոնյայի անվտանգությունը հսկելու համար անհրաժեշտ է համապատասխան իրավական կարգավորում, այլապես իրեն, օրինակ՝ կարող են մեղադրել ընդդիմադիրներին վերահսկելու համար:

«Ենթադրենք՝ իրավապահները մտնում էին դեպքի վայր և կանխում, ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով են իրավապահները հսկել»,-ասաց նա: Վարչապետը նաև ընդգծեց` գործողությունը, որի արդյունքում մահը վրա է հասել, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանությունն է:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածի հատկանիշներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter