HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աղբահանության ոլորտում տեսանելի փոփոխությունների պետք է սպասել 2022 թ.-ից ոչ շուտ

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության հեղինակած «Աղբահանության համակարգի ռազմավարության» նախագիծը Կառավարությունը վերադարձրել է լրամշակման։ Նախարարության տարածքային ծրագրերի աջակցության եւ կոշտ թափոնների կառավարման վարչության փորձագետ Դավիթ Շինդյանն ասում է, որ առաջարկվել է սեղմել փաստաթղթի ծավալը, դրան կցել գործողությունների իրականացման ժամանակացույցը եւ մինչեւ երկու ամսվա ընթացքում ներկայացնել Կառավարություն։ 

Դ. Շինդյանի հետ զրույցից պարզ դարձավ, որ հանրությունն առաջիկա երկու տարիներին տեսանելի փոփոխությունների չպետք է սպասի այս ոլորտում: ՏԿԵ նախարարության փորձագետը նշեց, որ դեռեւս մեծ ծավալի օրենսդրական աշխատանքներ կան իրականացնելու՝ պետք է վերանայել օրենսդրությունը, ենթաօրենսդրական ակտեր ընդունել եւ այլն։ Շրջակա միջավայրի նախարարությունն, օրինակ, մշակում է մեկ անգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու օրենսդրությունը, որի հավանական ավարտը նախատեսվում է 2023 թ.-ին։ 

«Մենք կարիք ունենք հետազոտությունների, ռազմավարությունը մշակելիս բացառապես հիմնվել ենք նախարության ունեցած տվյալների, ինչպես նաև նախկինում կատարված հետազոտությունների վրա»,- հայտնեց փորձագետը։ Ասում է, որ ստույգ հայտնի չէ անգամ, թե որքան աղբ է գնում աղբավայր, իսկ իրենց իմացած մոտավոր թիվը իրականությունից շատ հեռու է։ Աղբի իրական քանակի, բաղադրության, կալորիականության եւ էլի մի շարք հարցերի  պատասխանները պետք է որոշվեին պատվիրված հետազոտություններով, սակայն դրանց արդյունքները դեռեւս հայտնի չեն: Փորձագետը նկատի ունի Հայաստանի Ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբյան բնապահպանական կենտրոնում իրականացվող հետազոտությունները, որոնք դեռեւս չեն ավարտել:

Սանիտարական աղբավայրերի ներդրմանը զուգընթաց փակվելու են ներկայումս հանրապետությունում գործող բոլոր 340 աղբավայրերը, իսկ մինչև սանիտարական աղբավայրերի կառուցումը հանրապետության ողջ տարածքում կներդրվի հսկվող աղբավայրերի համակարգ։ Հայտնի փաստ է, որ հանրապետությունում առկա աղբանոցները չեն համապատասխանում միջազգային կամ որեւէ քաղաքաշինական, բնապահպանական եւ սանիտարահիգիենիկ չափանիշներին: Իսկ Եվրամիության առջեւ ստանձնած պարտավորության համաձայն՝ մինչեւ 2024 թ.-ը Հայաստանը պետք է ունենա սանիտարական աղբավայրեր։ Նախատեսվում է հանրապետության տարածքում այդ չափանիշներն ապահովող 5 աղբավայր ունենալ, սակայն, Դ. Շինդյանի ասելով՝ դեռեւս հստակեցված չէ դրանց տեղանքը, ինչ բաղադրությամբ աղբ պետք է տեղակայել այնտեղ եւ ինչ է արվելու այդ աղբը։ 

Դավիթ Շինդյանը նշում է, որ վերջին տարիներին մոտ 30 ներդրողներ են ներկայացել, որոնք առաջարկել են կոշտ կենցաղային թափոնների վերամշակում իրականացնել պիրոլիզի եղանակով: Փորձագետի ասելով՝ տպավորություն ունեն, որ նրանցից ոչ մեկը այդպիսի փորձ չի ունեցել։ «Ենթադրում ենք, որ պիլոտային ծրագիրն այստեղ են ցանկանում իրականացնել»,- ասում է նա։ Այդ հարցում կողմնորոշվելու եւ ներդրումային առաջարկներին պատասխանելու համար հետազոտություն էր անհրաժեշտ, եւ այդ հարցում նախարարությանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ ՄԶԳ-ն:  

Հայաստանում խառը կոշտ կենցաղային թափոնների վերամշակման պիրոլիզի եւ գազացման տեխնոլոգիան կիրառելու վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացրել է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաթելլա Միրզոյանը: Ուսումնասիրությունը պետք է պատասխաներ մի շարք հարցերի՝ տեխնոլոգիայի ներդրման տնտեսական նպատակահարմարությունը, բնապահպանական ազդեցությունը, միջազգային փորձը, համապատասխանությունը ՀՀ գործող օրենսդրությանը եւ այլն: 

Ն. Միրզոյանը ուսումնասիրության մեջ ներկայացրել է պիրոլիզի եւ գազացման (ՊեւԳ) կայանների ձախողումների խոշոր դեպքերը եվրոպական զարգացած երկրներից Գերմանիայում եւ Միացյալ թագավորությունում, որոնք փակվել են 2002 թ.-ից մինչեւ 2017 թ.-ը: Գիտական վերլուծությամբ հանգել է այն մտքին, որ «մինչեւ այժմ պիրոլիզի եւ գազացման  կայանը կոշտ կենցաղային թափոնների (ԿԿԹ) համար կարծես թե չի հանդիսացել թափոնների վերամշակման կենսունակ տարբերակ եւ աղբակիզումն է համարվում ԿԿԹ կառավարման նախընտրելի մոտեցումը»: 

Գիտնականը 9 չափանիշով գնահատել է ՊեւԳ-ի կիրառման հնարավորությունը Հայաստանի պայմաններում եւ եզրակացրել, որ Հայաստանում խառը ԿԿԹ-ով ՊեւԳ կիրառման նախապայմանների մեծ մասը բացակայում է կամ թերի է: «Սա ենթադրում է նաեւ, որ Հայաստանում ՊեւԳ կայանների հնարավոր ներդրման համար (հաշվի առնելով, որ մշակված են ԿԿԹ-ի վերամշակման ապացուցված հաջողություն ունեցող տեխնոլոգիաներ) բոլոր կարմիր գույնով նշված նախապայմանները պետք է ամբողջությամբ ապահովվեն, եւ բոլոր դեղին գույնով նշված նախապայմանները պետք է բարելավվեն: Նշենք, որ 9 պարամետրերից 4-ը կարմիր գույնով են ներկված, հետեւաբար չեն կարող օգտագործվել, 3-ը՝ դեղին գույնով են ներկված, դրանք պետք է բարելլավեն, եւ միայն 2-ն են կանաչ։ 

Դ. Շինդյանի ասելով՝ հետազոտությունը սպառիչ պատասխանել է ներդրողների առաջարկին եւ Հայաստանում պիրոլիզի կիրառման հարցը փակված է: Առայժմ ընդունելի է թափոնների կառավարման լավ համակարգ ունեցող երկրներում տարածում գտած շրջանաձեւ տնտեսության մոդելի կիրառումը: Ըստ այդմ՝ առաջինը պետք է աղբի քանակը նվազեցնել, այնուհետեւ աղբի տեսակավորում իրականացնել սկզբնաղբյուրում, հսկվող աղբավայրերի քանակ ունենալ եւ դրանք համապատասխանեն ընդունված նորմերին։ 

Դ. Շինդյանը հավանական է համարում, որ փոփոխություններ կլինեն աղբի վճարի չափը սահմանելու հարցում: Նա նշում է, որ հանրապետությունում հավաքագրվող աղբի վճարը, որը 5 մլրդ դրամ է կազմում, աղբահանության ծախսերի կեսն է ծածկում։ Հավանական է, որ մեկ անձի համար վճարի չափը 400 դրամ սահմանվի:

Աղբահանության ոլրտում սպասվելիք փոփոխություններից առաջնայինը կլինի սանիտարական 2 աղբավայրերի կառուցումը՝ Կոտայքի եւ Նուբարաշենի, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թ.-ին: «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի շրջանակում Հրազդանում կառուցվելու է ԵՄ չափանիշներին համապատասխանող սանիտարական աղբավայր, որտեղ տեղադրվելու են Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում գոյացող կոշտ կենցաղային թափոնները։ 

Կոտայքի մարզի Ակունք եւ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում 2 բեռնման կայաններ կկառուցվեն, թափոնները հավաքելու համար ձեռք կբերվեն բեռնատարներ, կոնտեյներներ (արկղեր), աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումներ եւ այլն: Աղբավայրի եւ երկու փոխաբեռնման կայանների շինարարության մրցույթի վերջնաժամկետը հունվարի 24-ն է։ Աղբավայրը շահագործելուց հետո նշված երկու մարզերում գործող բոլոր աղբանոցները փակվելու են։

Արդեն տեղեկացրել ենք, երկրորդ աղբավայրը կառուցվելու է Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում: Նոր սանիտարական աղբավայրը շահագործման հանձնելուց հետո փակվելու են Նուբարաշենի ու Աջափնյակի գործող աղբավայրերը: 

Աղբահանության ոլորտը կարգավորելու դանդաղկոտությունը նկատելի է նաեւ նոր կառավարության մոտ: Անցյալ տարի հայտարարվել էր, որ պոլիէթիլենային տոպրակները 2020 թ. հունվարի 1-ից կվաճառվեն 100 դրամով, սակայն արժեքը չի փոխվել, իսկ արտադրությունը կրճատելու միջոցառումները պլանավորվում են 2022 թ.-ից։ Օրենսդրությամբ վարչական պատասխանատվության միջոցներ էին սահմանվել չնախատեսված վայրերում աղբ թափողների համար, բայց չի կիրառվում: Առանց դրա հնարավո՞ր է օրինապահություն ապահովել՝ հույսը դնելով քաղաքացիների բարձր ինքնագիտացության վրա, հարցնում ենք Դ. Շինդյանին: Փորձագետն ասում է, որ աղբահանության ռազմավարության մեջ հանրային իրազեկմանը մեծ տեղ են հատկացրել: Ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծումը, օրենսդրության բարելավումը եւ հանրային իրազեկումը միաժամանակ պետք է մեկնարկեն։

Լուսանկարը՝ Դավիթ Շինդյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Արտաշես Բախշյան
նշված երկու աղբավայրերը և նրանց աղբահանության տարածքները կառավարության որոշումներով հաստատված ռազմավարության մաս են։ Այդպիսի ռազմավարություններ գոյություն ունեն մնացած երեք տարածքների համար։ Դրանք բոլորը կազմված են միջազգային փորձագետների հետազոտությունների հիման վրա, որոնց տվյալները արժանահավատ չեն համարվում առանց նոր հետազոտությունների՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter