HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունն առաջարկում է դեկտեմբերի 1-ից մարտի 31-ը պարտադիր դարձնել ձմեռային անվադողերով երթևեկելը

Կառավարության այսօրվա նիստին ի թիվս այլ չզեկուցվող հարցերի՝ հավանության արժանացան նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի առաջարկությունները:

Այդ փոփոխություններով Կառավարություն առաջարկում է, որ դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր երթևեկեն ձմեռային անվադողերով:

Նախագծով սահմանվում է նաև վարչական պատասխանատվություն այն վարորդների նկատմամբ, որը խախտել է նախագծով սահմանված պարտադիր դրույթները: Մասնավորապես` դեկտեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում եթե վարորդը երթևեկի ոչ ձմեռային անվադողերով, ապա կտուգանվի 20 հազար դրամով, ինչպես նաև տրանսպորտային միջոցը կտեղափոխվի հատուկ պահպանվող տարածք:

Հարկ է նշել, որ նշված ժամանակահատվածում կտուգանվեն նաև այն վարորդները, որոնք երթևեկում են բոլոր սեզոնների համար նախատեսված անվադողերով:

Ձմեռային դողերի հասկացությունը սահմանված է Կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1558-Ն որոշմամբ, համաձայն որի՝ ձմեռային դողեր են համարվում այն դողերը, որոնց պահպանաշերտի նկարը և կառուցվածքը, սովորական (ճանապարհային) դողերի հետ համեմատ, հատուկ նախատեսված են ցեխի, թարմ և թաց ձյան վրայով բարձր անցունակությունն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ Կառավարության ներկայացրած առաջարկությունը ուղարկվելու է Ազգային ժողով և միայն օրենսդիր մարմնի կողմից ընդունվելուց հետո փոփոխությունները կմտնեն ուժի մեջ: Օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը Կառավարությունը սահմանել է 2020 թվականի դեկտեմբերի 1-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter