HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման 2019-ի աղյուսակում Հայաստանը բարելավել է իր դիրքը

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնը երեկ՝ հունվարի 22-ին, հրապարակել է 2019-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը։

Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքը հավասար է 42-ի, նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 7 միավորով։

180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2019-ի աղյուսակում Հայաստանը 77-րդ հորիզոնականում է։

«Թրանսփերենսի ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը գնահատում և դասակարգում է պետությունները՝ ըստ փորձագետների և գործարար ոլորտի ղեկավարների կողմից հանրային ոլորտի կոռումպացվածության ընկալման։

«Դժբախտաբար, աշխարհի մի շարք երկրներում կոռուպցիան շարունակում է աճել, իրավիճակը գնալով ավելի է վատանում, երկու երրորդից ավել երկրներում կոռուպցիայի մակարդակը 50-ից պակաս է։ Այդպիսի համաթվերի դեպքում կոռուպցիան համարվում է լուրջ հիմնախնդիր»,- ասում է «Թրանսփերենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ որոշ երկրներ բավականին մեծ առաջընթաց են ապրել, առավել մեծ արդյունք գրանցած երկրներից են Հարավային Կորեան և Կոտ դ՛Իվուարը։

Արդյունքներից ելնելով՝ հիմնական հանձնարարականները քաղաքական ֆինանսավորումների վերահսկումն է, որպեսզի փողի ազդեցությունը քաղաքականության վրա նվազագույնի հասցվի։

Անդրադառնալով 2003 թվականից մինչ օրս Հայաստանի գրանցած արդյունքներին՝ Վարուժան Հոկտանյանը նշեց, որ նախորդ տարվա ցուցանիշն ամենաբարձրն է։ Չնայած դրական զարգացումներին, հանրային ոլորտի թափանցիկության, շահերի բախման հարցերը դեռ մնում են որպես հիմնախնդիր։

«Եթե 50-ը ընկալենք որպես ԿԸՀ գնահատման սահման, ապա մեր գրանցած արդյունքը՝ 42-ը, այդքան էլ փայլուն չէ, մենք անելիք դեռ շատ ունենք, Հայաստանի գրանցած առաջընթացը նկատելի է նույնիսկ գլոբալ մասշտաբով, բայց արդյունքից ոգևորվել պետք չէ, այլ պետք է առաջ շարժվել»,- ասում է Հոկտանյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր չէ ասել, որ որևէ երկիր երբևիցե կարող է զերծ մնալ կոռուպցիայից, անգամ եթե դիտարկենք համաշխարհային մասշտաբով լավագույն երկրները, բայց պետք է ցուցանիշը հասցնենք նվազագույնի։

«Որևէ հետազոտություն գոյություն չունի, որը միանշանակ կարող է ասել, թե կոռուպցիայի ընկալման համաթվի դեպքում կա համակարգային կոռուպցիա։ Կա ռիսկի խնդիր, այսինքն՝ որքան ցածր է համաթիվը, այնքան մեծ է հավանականությունը, որ կա կոռուպցիա, մենք պետք է ստեղծենք այնպիսի իրավիճակ, որ համակարգային կոռուպցիա ասվածի մասին մոռանանք »,-նշում է Վարուժան Հոկտանյանը։

Ըստ նրա, չկա որևէ հիմք՝ մտածելու, որ  Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, բայց նաև հիմքեր չկան մտածելու, որ հեղափոխությունից հետո կոռուպցիան վերացել է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter