HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2019 թվականին Հայաստանի պետական պարտքը 5.8%-վ աճել է

2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 7 մլրդ 324 մլն դոլար։ Սա ներառում է մեր երկրի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։ Տարվա ընթացքում այն աճել է մոտ 402 մլն դոլարով կամ 5.8 %-ով։ Այս մասին են վկայում Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները։

Պետական պարտքի գերակշիռ մասը Կառավարության պարտքն է, որը 2019 թվականի վերջի դրությամբ կազմել 6 մլրդ 835 մլն դոլար։ Տարվա ընթացքում այն աճել է 462.4 մլն դոլարով կամ 7.2 %-ով։ Սրա կազմում ինչպես ներքին պարտքն է, այնպես էլ արտաքին։ Կառավարության արտաքին պարտքը 5 մլրդ 300 մլն դոլար է (աճը՝ 314.1 մլն դոլար կամ 6.3%)։ Իսկ ներքին պարտքը 1 մլրդ 534 մլն դոլար է, որը տարվա ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով կամ 10.7 %-ով։ Այսինքն՝ ներքին պարտքն ավելի արագ է աճել, քան արտաքինը։

Իսկ Կենտրոնական բանկի պարտքը (արտաքին պարտք է) 489.3 մլն դոլար է, որը տարվա ընթացքում նվազել է 60.7 մլն դոլարով։

Դրամով հաշվարկած ընդհանուր պետական պարտքը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրլն 513 մլրդ դրամ, որից մոտ 3 տրլն 279 մլրդ դրամը Կառավարության պարտքն է, իսկ 234.7 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի պարտքը։

Վերջին տարիներին՝ մինչև 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճել է։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկել է։ Սակայն 2019-ին, պարտքը կրկին էական ծավալներով ավելացել է։

2019 թվականի ընթացքում պետական պարտքին առնչվող ամենանշանակալի գործարքը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի թողարկումն էր։ Սեպտեմբերին Կառավարությունը որոշեց 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել և այդ գումարով մարել 2020 թվականին նախատեսված պարտքերը։ 2020 թվականին լրանալու էր 7 տարով թողարկված եվրապարտատոմսերի ժամկետը։ 2013 թվականին Հայաստանն առաջին անգամ թողարկել է եվրապարտատոմսեր (կամ եվրաբոնդեր) 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 7 տարի ժամկետով։ Իսկ եկամտաբերությունը 6.25 % է: Եվ 2020-ին մեր երկիրը պարտավոր էր հետ գնել այդ պարտատոմսերը, սակայն ոչ թե 700 դոլարի, այլ՝ 500 դոլարի, քանի որ մնացած 200 մլն դոլարը մարել է 2015 թվականին, երբ երկրորդ անգամ թողարկվեցին արտարժութային պարտատոմսեր (500 մլն դոլարի, 10 տարի ժամկետով)։ Ու երբ նախորդ տարվա սեպտեմբերին թողարկվեցին 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր, որի գերակշիռ մասով փակվել է 2020-ին նախանշված պարտավորությունները։ Այսինքն՝ նոր պարտքով փակվել է ավելի վաղ վերցված պարտքը։

Ինչպես ավելի վաղ ևս գրել ենք, այս նոր 500 մլն դոլարը թողարկվել է ավելի ցածր եկամտաբերությամբ՝ 4.2 %-ով, ինչը նշանակում է, որ այս պարտքի բեռը Հայաստանի համար ավելի ցածր է լինելու, քան նախկինն էր։ Նոր եվրապարտատոմսերը թողարկվել են 10 տարի ժամկետով։ Հետևաբար, Կառավարության պարտքի մարման ժամանակացույցը փոփոխվել է։ Նոր 500 մլն դոլարը Հայաստանը պարտավորվել է փակել 2029 թվականին։ Բայց մինչ այդ, մեր երկիրը պարտավոր է մարել նաև 2015 թվականին թողարկված 500 մլն դոլարը։ Այն հարկավոր է մարել 2025 թվականին։

Ինֆոգրաֆիկայում ներկայացված արտաքին պարտքի ցուցանիշը ցույց է տալիս Կառավարության և Կենտրոնական բանկի արտաքին պարտքի հանրագումարը։

157.5 մլրդ դրամ՝ պարտքի տոկոսներին

2019 թվականի ընթացքում կառավարության պարտքի գծով Հայաստանի պետական բյուջեից 157.5 մլրդ դրամ է ծախսվել տոկոսավճարները մարելու համար։ Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տեղեկագրերից, այս գումարից 69.7 մլրդ դրամը ներքին պարտքի տոկոսավճարներն են, իսկ 87.8 մլրդ դրամը՝ արտաքին վարկերի։

Պարտքի աճին զուգահեռ՝ Հայաստանն ամեն տարի ավելացնում է բյուջեից պարտքի տոկոսներին տրամադրվող գումարները։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին այդ գումարները կազմել են 139 մլրդ դրամ, 2017-ին ՝ 122.1 մլրդ դրամ։ Իսկ արդեն 2020-ի համար նախատեսված է վճարել շուրջ 170 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, պետպարտքի տոկոսավճարներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվում, քան կրթությանն ու առողջապահությանը։

Բացի տոկոսավճարները՝ Կառավարության պարտքի մայր գումարների մարմանը (այդ թվում՝ եվրապարտատոմսերի հետգնմանը) 2019 թվականինտրամադրվել է 386.7 մլրդ դրամ։ Այդ գումարը հատկացվել է տարվա ընթացքում ներգրավված պարտքի հաշվին։ Այդ գումարից մոտ 190 մլրդ դրամն ուղղվել է եվրապարտատոմսերի հետգնմանը։ Սա եվրապարտատոմսերի այն նույն գործարքն է, որի մասին վերևում գրել ենք։

Պարտքը կառավարելի մակարդակում է

Պետական պարտքի բեռը չափելու հիմնական մեթոդը այն երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հետ համեմատելն է։ Գնահատվում է, թե պարտքը ՀՆԱ-ի քանի տոկոսն է։ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 % է: Այսինքն՝ պարտքը կարելի է համարել կառավարելի մակարդակում, եթե Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 60 %-ից ցածր է։

Թեև Վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշները դեռևս չի հրապարակել, սակայն Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ 2019 թվականի արդյունքներով Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 49.6%, իսկ այս տարի այն ավելի կնվազի։

Պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2020 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի կառավարության պարտքը կկազմի (չհաշված ԿԲ-ի պարտքը) 7 մլրդ 177 մլն ԱՄՆ դոլար և 2019 թվականի տարեվերջի համեմատությամբ կաճի 162 մլրդ դրամով:

Կանխատեսվում է, որ Կառավարության պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի ցուցանիշը կնվազի 1.4 տոկոսային կետով և կկազմի 48.2 %:

Կառավարության վարկերի 41.3 %-ը Համաշխարհային բանկից է

Հայաստանի կառավարության արտաքին պարտքերի 81 %-ը վարկերն են, որոնք տրամադրում են միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետություններն ու առևտրային բանկերը։ Վերջին տարիներին Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է (ՀԲ)՝ ի դեմս Զարգացման միջազգային ընկերակցության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։ 2019 թվականի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին վարկերի կազմում ՀԲ-ի տեսակարար կշիռը 41.3 % է, որից 23.5 %-ը Զարգացման միջազգային ընկերակցությանն (IDA) է բաժին ընկնում, իսկ 17.8 %-ը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին (IBRD)։

Հայաստանի մյուս խոշոր վարկատուներն են Ասիական զարգացման բանկը (ADB), որին բաժին է ընկնում Կառավարության վարկերի 17.8 %-ը, Եվրասիական զարգացման բանկը (7.2 %), ինչպես նաև Ռուսաստանը (9.3 %):

Հայաստանին վարկ են տալիս նաև Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան և այլ պետություններ ու միջազգային կազմակերպություններ։ Այդ գումարները Հայաստանը վերցնում է բյուջեի դեֆիցիտը փակելու համար և հիմնականում ուղղում է կապիտալ ծախսերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter