
Սամվել Կարապետյանը՝ ռուսական անշարժ գույքի արքաների եռյակում
Ամերիկյան հայտնի «Ֆորբս» (Forbes) ամսագրի ռուսաստանյան խմբագրության հրապարակած 2019 թվականի «Ռուսական անշարժ գույքի արքաների» վարկանշային աղյուսակի առաջին եռյակում տեղ է գտել հայազգի գործարար Սամվել Կարապետյանը։
Աղյուսակում հայտնվել են Ռուսաստանում գործող 30 ընկերություններ, որոնց սեփականատերերն իրենց անշարժ գույքից ամենամեծ ծավալի վարձակալական եկամուտն են ստանում։ Վարկանիշը հրապարակվել է այսօր։
Արդեն մի քանի տարի անընդմեջ ռուսական անշարժ գույքի արքաների վարկանշային աղյուսակում առաջատարը գործարարներ Գոդ Նիսանովին և Զախար Իլիևին պատկանող «Կիևսկայա պլոշչադ» (Киевская площадь) ընկերությունների խումբն է։ Ըստ «Ֆորբսի»՝ նրանց վարձակալած եկամուտը 2019 թվականին կազմել է 1.6 մլրդ դոլար։
«Ռուսական անշարժ գույքի արքաների» վարկանիշի երկրորդ հորիզոնականում է հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը։ Նրանց վարձակալական եկամուտը 2019 թվականին կազմել է 655 մլն դոլար:
«Տաշիր»-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում (девелопмент), ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն. ցանկը, սակայն, չի հրապարակվում:
Վարկանշային աղյուսակի երրորդ տեղում է հայտնվել գործարարներ Միխայիլ և Սաիթ-Սալամ Գուցերիևներին «Սաֆմար» խումբը։ Նրանց տարեկան եկամուտը վարձակալությունից կազմել է 580 մլն դոլար։ «Սաֆմար» խմբին է պատկանում հայտնի Moscow Marriott Grand հյուրանոցը։
Չորրորդ տեղում է ռուսաստանյան 44 առևտրային կենտրոններ կառավարող Ingka Centres ընկերությունը, որի եկամուտները անշարժ գույքի վարձակալությունից նախորդ տարի կազմել է 510 մլն դոլար։
Հնգյակը եզրափակում է Gleden Invest ընկերությունը, որի սեփականատերն է Ալեքսանդր Կլյաչինը։ Վարձակալական տարեկան եկամուտը՝ 380 մլն դոլար։ Ռուսաստանում հայտնի «Կրասնայա ռոզա» բիզնես թաղամասը պատկանում է այս ընկերությանը։
Լուսանկարները՝ Forbes-ի
Մեկնաբանել