HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Սամվել Կարապետյանի բիզնեսը Ռուսաստանում և Հայաստանում

Հրանտ Գալստյան (Hetq.am - Հայաստան), Սվետլանա Ռեյտեր (РБК - Ռուսաստան)

Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խմբին առնչվող ընկերությունները 2015թ-ին Ռուսաստանում ստացել են 52 մլրդ ռուբլի (364 մլրդ դրամ) ընդհանուր արժողության պետական պատվերներ: «Տաշիր»-ը համարվում է կոմերցիոն անշարժ գույքի ռուսական շուկայի ամենամեծ դերակատարներից մեկը, բայց ինչպես պարզել է գործակալությունը՝ Կարապետյանի՝ վերջին երկու տարիների եկամուտների էական մասը գոյացել է պետության, այդ թվում՝ մայրաքաղաքային իշխանությունների համար կատարվող աշխատանքներից:

2014թ-ից ի վեր, РБК-ի հաշվարկով, «Տաշիր»-ին առնչվող ընկերությունները պետական հիմնարկներից ու գերատեսչություններից ընդամենը 116,2 մլրդ ռուբլու պատվերներ են ստացել, որից 52,9 մլրդը՝ միայն 2015-ին:

«Ֆորբս»-ը ռուսաստանաբնակ հայ գործարար Կարապետյանին ներառել է ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում: Նման պորտֆելով Կարապետյանը կարող էր հայտնվել մեկ այլ՝ «Պետգնումների արքաները 2016» ցանկում ևս: Այժմ այդ տեղը զբաղեցնում է «Գազպրոմ»-ի համար խողովակներ արտադրող «Խողովակների նորարարական տեխնոլոգիաներ» ընկերության սեփականատեր Իվան Շաբալովը, ում վստահված պետպատվերները գնահատվում են 38,1 մլրդ ռուբլի:

Ե՛վ էներգետիկա, ե՛ւ շինարարություն, ե՛ւ ամեն-ամեն ինչ

Ինչպես է կառուցված «Տաշիր»-ը

«Տաշիր»-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում (девелопмент), ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն. ցանկը, սակայն, չի հրապարակվում: Հոլդինգի կառավարման միասնական համակարգ չկա, «Տաշիր Մենեջմենթ», «Տաշիր Կապիտալ», «Տաշիր Ֆոնդ» ընկերությունները միայն մասամբ են կատարում այս գործառույթը:

Ընկերությունների մեծ մասը ղեկավարում են միևնույն մարդիկ, ովքեր, ըստ գրանցման հասցեների, աշխատում են հարևան աշխատասենյակներում ու շինություններում: Կարապետյանի ներկայացուցիչը հաստատել է, որ խմբի շինարարական ընկերություններին միավորում է անդամակցությունը ««Տաշիր»-ի շինարարական ընկերությունների միություն» ինքնակարգավորվող կազմակերպությանը (ԻԿ):

СПАРК-ի (շուկաների և ընկերությունների մասնագիտական վերլուծության համակարգ) և պետգնումների պորտալի տվյալների օգնությամբ РБК-ն ուսումնասիրել է ԻԿ-ի կազմի 181 ընկերություններ: Պարզվել է, որ դրանցից առնվազն 18-ը փոխկապակցված են «Տաշիր»-ի հետ և ստացել են խոշոր պետական պատվերներ1:

Ըստ այդ հաշվարկի՝ «Տաշիր»-ին առնչվող ընկերությունները 2014թ-ին կարող են ստացած լինել շուրջ 42,5, 2015թ-ին՝ 52,9, իսկ 2016թ-ի առաջին եռամսյակում՝ 20,8 մլրդ ռուբլու պետական պատվերներ: Ընդհանուր գումարը կազմում է մոտ 116,2 մլրդ ռուբլի (813 մլրդ դրամ):

Եկամտի 40%-ը

«Տաշիր»-ի կայքի համաձայն՝ 2015թ-ին «խմբի գործունեության հիմնական ուղղություններից» ստացած եկամուտը կազմել է 140 մլրդ ռուբլի (980 մլրդ դրամ): «Ֆորբս»-ի հաշվարկով՝ նույն տարում «Տաշիր»-ը վարձակալներից ստացել է 610 մլն դոլար (292 մլրդ դրամ): Ստացվում է, որ պետպատվերները կարող են կազմել խմբի ընդհանուր եկամտի շուրջ 40%-ը, ինչը, հնարավոր է, գերազանցում է նույնիսկ վարձակալներից ստացած եկամուտը:

2015թ-ի վերջին «Տաշիր»-ի ենթակայության տակ են եղել կոմերցիոն անշարժ գույքի 51 օբյեկտներ՝ ավելի քան 2,5 մլն քառ.մ. ընդհանուր մակերեսով: Շինարարության ծավալը կազմել է շուրջ 1,5 մլն քառ.մ.: Հիմնական բրենդը «Ռիո»-ն է, որով Կարապետյանը զարգացնում է առևտրի կենտրոնների ցանցը, որի կազմում այժմ 21 համալիր է գործում 17 քաղաքներում: «Ֆորբս»-ը գործարարի կարողությունը գնահատում է 3,1 մլրդ դոլար (28-րդ տեղը՝ ամենահարուստ ռուսների ցանկում):

«Սամվելին հիմնական շրջանառությունը, ենթադրում եմ, տալիս է անշարժ գույքի զարգացումը»,- ասում է Ռուսաստանի հայերի միության նախագահ և Կարապետյանի հին գործընկեր Արա Աբրահամյանը: Կարապետյանի ծանոթները Կալուգայում, որտեղ նա սկսել է բիզնեսը, բնութագրում են «Տաշիր»-ը որպես «փակ շրջանի» կառույց. «Տաշիր»-ն ինքն է արտադրում նյութերը, կառուցում է շինությունները, ապահովում դրանք էլեկտրաէներգիայով, իսկ հետո վարձույթով տալիս է տարածքը իր իսկ կինոթատրոններին ու սրճարաններին: «Եթե գնաս նրանց մոտ ինչ-որ գաղափարով, գնահատականներով ու հաշվարկներով, վաղը իրենք կանեն դա: Այնտեղ կարելի է հայտնվել միայն կորպորացիայի մաս կազմելով»,- դժգոհել է Կալուգայի շինարարական ընկերություններից մեկի սեփականատերը:

«Ինչո՞վ է սա լավ,- ասում է Արա Աբրահամյանը,- Սամվելը ինքնաբավ է, նա ունի ե՛ւ էներգետիկա, ե՛ւ շինարարություն, ե՛ւ ամեն-ամեն ինչ: Նա կիրառում է փաթեթային մոտեցում և ոչ մեկից կախում չունի, ամեն ինչ կարող է անել ինքնուրույն»:

Կարապետյանը Կալուգա է տեղափոխվել 1992թ-ին, իսկ 1999-ին ստեղծել է «Տաշիր» խումբը:

Ընկերները Կալուգայից

РБК-ին տված հարցազրույցում Կարապետյանը պատմել է. «Ռուսաստանում իմ առաջին հանգրվանը Լիպեցկն էր: Ընտրեցի այդ քաղաքը, որովհետև շրջանն ու մարդիկ ինձ լավ ծանոթ էին: Լիպեցկից տեղափոխվեցի Մոսկվա, իսկ ավելի ուշ հաստատվեցի Կալուգայում, որտեղ արդեն քիչ ընկերներ չունեի: Բացի այդ, այնտեղ էին ապրում իմ զարմիկները»:

РБК-ի կալուգացի երեք զրուցակից գործարարներ պատմել են, որ սկզբնական շրջանում Կարապետյանին աջակցություն է ցուցաբերել տեղական չափանիշներով խոշոր շինարար Ռուբեն Գալստյանը՝ «Կալուժսկոե» շինարարական ընկերության ղեկավարը: Վերջինս, ինչպես նշում են գործակալության զրուցակիցները, Կարապետյանին խորհուրդ է տվել գնել երկու շինություններ՝ երկաթբետոնե արտադրանքի գործարանն ու «Կալուգագլավսնաբ» ընկերությունը: 1997թ-ին ձեռք բերած երկրորդ ձեռնարկության հարցում Կարապետյանը հատկապես շահել է, քանի որ դրա շնորհիվ «Տաշիր»-ի ղեկավարը ընկերային հարաբերություններ է հաստատել «Գազպրոմ»-ի հետ: «Այս ձեռնարկությունը միշտ զբաղվել է պետական ընկերությունների նյութատեխնիկական մատակարարմամբ:- ասում է «Գործարար Ռուսաստան»-ի տեղական բաժնի ղեկավար Դենիս Շաուլինը,- «Կալուգագլավսնաբ»-ի գնումը, միանգամայն հնարավոր է, Սամվել Կարապետյանին հնարավորություն տվեց ստանալ հասանելիություն պատվերներին»:

Գալստյանը հրաժարվել է  РБК-ի թղթակիցների հետ հանդիպումից: Ինքը՝ Կարապետյանը, չի քննարկել «Կալուգագլավսնաբ»-ի գործարքի մանրամասները:

«Երբ ես նրան դիմում եմ նախագծի մասին, որն անհրաժեշտ է մարզի համար, նա միշտ արձագանքում է: Եվ եթե ասի «այո», հետո կարելի է չվերստուգել»,- ասում է Կալուգայի մարզի կառավարիչ Անատոլի Արտամոնովը:

Վարչակազմի հետ համագործակցության դիմաց, ինչպես բացատրում է մարզի կառավարիչը, Կարապետյանը առատորեն վարձատրվում է. «Երբ նրան, ինչպես և ուրիշ ներդրողների, պետք են ինչ-որ որոշումներ մեր կողմից, որոնք իշխանությունը կարող է ընդունել, բայց կարող է և ձգձգել, ընդառաջ ենք գնում նրան: Մենք անօրինական ոչինչ չենք անում, պարզապես օպերատիվ կերպով անում ենք այն աշխատանքը, որը պետք է անել»:

«Տաշիր»-ը Կալուգայում կառուցել է հյուրանոցներ, մոլեր և նույնիսկ Արբիտրաժային դատարանի շենքը, որը գտնվում է առևտրի և զվարճանքի՝ «XXI դար» կոչվող շքեղ կենտրոնի դիմաց և նույնպես կառուցվել է Կարապետյանի կողմից:

РБК-ի կալուգացի զրուցակից գործարարները Կարապետյանին անվանել են Արտամոնովի «քսակը», ինչը ինքը՝ մարզպետը, համարում է բամբասանք: Արտամոնովի խոսքով՝ Կարապետյանը նրան երբեք անձնական ֆինանսական օգնություն չի ցուցաբերել, «փոխարենը միշտ արձագանքել է բարեգործական աշխատանքներին մասնակցելու խնդրանքներին»:

2003թ-ին Կարապետյանը փոխել է առաջնահերթությունները. Կալուգայի մարզում մի քանի տասնյակ շինություններ կառուցելուց հետո նա սկսել է հետաքրքրվել անշարժ գույքի մոսկովյան շուկայով և այժմ չգործող «Միկոմս-բանկ»-ի համասեփականատեր Արթուր Առաքելյանից ձեռք է բերել հողակտոր Մեծ Չերեմուշկինսկայա փողոցում: Երկու տարի անց այստեղ կառուցվել է մայրաքաղաքում առաջին «Ռիո» առևտրի կենտրոնը:

Ընկերները «Գազպրոմից»

Պետական գնումների մեծ մասը (52,9 մլրդ ռուբլուց 38,8 մլրդը 2015թ-ին) «Տաշիր»-ին կապվող ընկերությունները ստացել են «Գազպրոմից»:

Համեմատության համար РБК-ն նշում է, որ մոնոպոլիայի նախկին կապալառու «Ստրոյգազկոնսալտինգ»-ը 2015թ-ին շահել է «Գազպրոմի»՝ ընդամենը 20,2 մլրդ արժողության տենդերները, իսկ Գենադի Տիմչենկոյի «Ստրոյտրանսգազ»-ը մի փոքր է առաջ անցել Կարապետյանից՝ կնքելով մոտ 56 մլրդ ռուբլու պայմանագրեր (չհաշված «Սիլա Սիբիրի» խողովակաշարի 200 կմ-անոց հատվածի կառուցումը, որի արժեքը չի հրապարակվել. առաջատարը մնում է Արկադի Ռոտենբերգի «Ստրոյգազմոնտաժ»-ը):

РБК-ի երեք աղբյուրները, այդ թվում՝ Կարապետյանին ծանոթ երկու գործարարներ ու պետական ընկերության նախկին աշխատակիցը, հաստատում են, որ մոնոպոլիայի հետ ընկերանալու հարցում «Տաշիրի» ղեկավարին օգնել է «Գազպրոմ»-ի խորհրդի անդամ Նիկոլայ Գուսլիստին: Արտամոնովը РБК-ին պատմել է, որ 1990-ականների կեսերին «Տաշիր»-ը ենթապայմանագրով կառուցել է Կալուգայի շրջանի Մալոյարոսլավեցի մերձակայքում գտնվող քոթեջային բնակավայրի մի մասը, որի կոկիկ տնակներում բնակություն են հաստատել նավթագործները իրենց ընտանիքներով. ինքը՝ Գուլիստին, վերահսկել է նախագիծը:

«Գազպրոմ»-ի ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ չի կարող հաստատել կամ հերքել իրադարձությունները, որ տեղի են ունեցել 1990-ականների սկզբներին:

«Կարապետյանը ակտիվորեն ներդնում է իր մարդկանց այն մոնոպոլիաների կառուցվածում, որտեղ ինքը հետաքրքրություն ունի»,- ասել է «Գազպրոմ»-ի աղբյուրը: Օրինակ, Կալուգայում գազի բաշխման ծրագրի ղեկավարի համար պայքարում հաղթող եղավ Վյաչեսլավ Դմիտրիևը, ով նախկինում ղեկավարել էր Կարապետյանին պատկանող Ֆորա-բանկի մասնաճյուղերից մեկը: Վերջինս հաստատել է, որ աշխատել է Ֆորա-բանկում երեք տարի, որից հետո զբաղեցրել է պաշտոններ Կալուգայի շրջանի քաղաքային և պետական իշխանություններում: ««Գազպրոմ»-ում ընդամենը երկու տարի է, ինչ աշխատում եմ: Բիզնեսը, որն այժմ ղեկավարում եմ շրջանում, չի հատվում Սամվել Սարգիսովիչի բիզնեսի հետ: Մեր ծավալները շատ փոքր են նրա համար»,- վստահեցնում է Դմիտրիևը:

«Գազպրոմ»-ի աղբյուրը հաստատում է, որ «Տաշիր»-ը մասնակցել է Կալուգայի մարզի գազաֆիկացման «Գազպրոմ Մեժռեգիոնգազա» ծրագրին՝ ուղղված միջգյուղային և միջքաղաքային խողովակաշարերի կառուցմանը։ «Տաշիր»-ում  РБК-ի զրուցակիցը հավելում է, որ գազաֆիկացմամբ զբաղվել է «Գազստրոյ» ընկերությունը։ Մինչդեռ մոնոպոլիայի մամուլի ծառայությունը նշել է, որ շրջանային գազաֆիկացման շրջանակներում «Գազպրոմ»-ի օբյեկտների շինարարությանը «Տաշիր»-ի ընկերությունները չեն մասնակցել։

Կարապետյանի մեկ այլ վաղեմի ծանոթ, Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Պավել Զավալնին 1996-2012թթ․ ղեկավարել է «Գազպրոմ Տրանսգազ Յուգորսկ»-ը։ Արտամոնովի խոսքով՝ Կարապետյանն օգնել է Զավալնիին վերականգնել համայնքային տնտեսությունը Կալուգայի մարզի Դումինիչսկի շրջանում, որը 29 տարի ղեկավարել է պատգամավորի հայրը։ СПАРК-ի տվյալների համաձայն՝ «Խոտկովո» ընկերությունը, որը կառավարում է ավտոմատացված ֆերման Դումինիչսկիում, պատկանում է Տատյանա Պետրենկոյին, սակայն Կալուգայի տեղեկատվամիջոցները որպես հիմնական ներդրող են նշում նրա հարազատ եղբորը՝ Պավել Զավալնիին։

2009թ-ին Պետրենկոն դարձավ Կարապետյանի բիզնես-գործընկերը և ստացավ բաժնեմասեր «Տաշիր»-ի կազմի՝ անշարժ գույքի վաճառքով զբաղվող մի շարք ընկերություններում:

Ինչ է անում Կարապետյանը «Գազպրոմ»-ի համար

«Գազպրոմ»-ի ամենամեծ պայմանագրերը կնքվել են «Տաշիր»-ի հետ կապված «Գազստրոյ» (23,2 մլրդ ռուբլի 2015թ-ին), «Նեվտեգազստրոյ» (8,5 մլրդ ռուբլի), «Սպեցգազստրոյ» (4,3 մլրդ ռուբլի) և «Սիթի Ստրոյ Գրուպ» (2,7 մլրդ ռուբլի) ընկերությունների հետ: Բոլոր չորս ընկերությունները «Գազպրոմ»-ի «դուստր» ընկերություններին մատուցում են ամենատարբեր ծառայություններ՝ շինությունների կապիտալ վերանորոգումից, ջեռուցումից ու ջրամաքրման կայաններից մինչև մեծ տրամագծերի գազատարների կառուցում:

2016թ-ի սկզբից «Նեվտեգազստրոյ»-ը ստացել է ևս 11,4 մլրդ ռուբլու պատվերներ. ընկերությունը կկառուցի «Սիլա Սիբիրի» գազատարի՝ «Ամգինսկայա» և «Նիմնիրսկայա» կոմպրեսորային կայանների միջև եղած 60,7 կմ հատվածը: Նախագծի վերաբերյալ հետաքրքրության մասին մեկ տարի առաջ РБК-ին ասել էր Կարապետյանը՝ մանրամասներ չհայտնելով:

Ընկերության ներկայացուցիչը հերքել է «Նեվտեգազստրոյ»-ի կապը «Տաշիր»-ի հետ՝ նշելով, որ ընկերության՝ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում (ЕГРЮЛ) գրանցված սեփականատերերը՝ Նորիկ Պետրոսյանը (50%), Արմեն Գրիգորյանը (25%) և Վաղինակ Ղազարյանը (25%) պարզապես Կարապետյանի «ընկերներն են»: «Նեվտեգազստրոյ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մխոյանը հայտնել է, որ այն ինքնուրույն ընկերություն է, սակայն չի կարողացել բացատրել, թե ինչու են նրա հասցեներն ու հեռախոսահամարները համընկնում «Տաշիր»-ի կառույցների տվյալների հետ:

«Սամվել Կարապետյանը շահել է տենդեր, դա նորմալ է մշտապես զարգացող և ընդլայնվող շինարարական ընկերության համար, որի գործունեությունը միայն օգուտ է բերում երկրին»,- գործընկերոջը աջակցել է Աբրահամյանը:

«Գազպրոմ»-ի ներկայացուցիչը հրաժարվել է քննարկել կապալառուներին:

«Տաշիր»-ի կազմում է նաև ՊՄԿ-98 ընկերությունը, որը զբաղվում է գազատարների և նավթատարների պատրաստման ժամանակ խողովակների երեսակմամբ: Ընկերության ներկայացուցիչը РБК-ին ասել է, որ Տաշիրը ձեռք է բերել այն 2012թ-ին: Նրա խոսքով՝ ՊՄԿ-98-ը «Գազպրոմ»-ի հետ նախագծեր չունի, սակայն ընկերությունն աշխատում է Վանկորսկի հանքավայրում, մասնակցում է «Ռոսնեվտ»-ի Ռոսպան նախագծին և «Յամալ ՀԲԳ»-ին (հեղուկացված բնական գազ), որը վերահսկվում է «Նովատեկ»-ի կողմից:

Ընկերները Մոսկվայից

Կարապետյանը կառավարության հետ աշխատանքի մասին խոսում է դժկամությամբ, բայց խոստովանում է․ «Տաշիր»-ը ճգնաժամի հետ սկսեց ավելացնել պետպատվերի բաժինը։ Թե հատկապես ինչ է անում խումբը կառավարության համար, գործարարը չի ասում՝ հաստատելով միայն, որ խմբի կազմում գտնվող «Կասկադ» հոլդինգը զբաղվում է մոսկովյան փողոցների բարեկարգմամբ։

«Կասկադ»-ի կայքում նշված է, որ այն բազմապրոֆիլ խումբ է, զբաղվում է քաղաքային ենթակառուցվածքների շինությունների, փողոցների ու կամուրջների կառուցմամբ, ջեռուցման և էլեկտրացանցերի շահագործմամբ, կապիտալ նորոգմամբ, ինժեներական ցանցերով և նույնիսկ էներգաաուդիտով։ Ընկերության նախագծերի և ֆինանսական ցուցանիշների մասին բաց տեղեկություն չկա, կայքում միայն գրված է, որ «Կասկադ»-ը ղեկավարում է Իգոր Բուլատովը՝ «Տաշիր»-ի առաջին փոխնախագահն ու Սամվել Կարապետյանի փեսան։

Բուլատովը չի պատասխանել РБК-ի թղթակցի զանգերին, իսկ «Տաշիր»-ի մամուլի ծառայությունը չի մեկնաբանել տեղեկությունը։

Իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում նման անունով և ղեկավարով ընկերություն գրանցված չէ, բայց կան «Կասկադ-էներգո», «Կասկադ-էներգոսետ», «Կասկադ-ինտեգրացիա», «Կասկադ-ինժինիրինգ» և այլ ընկերություններ, որոնք փոխկապակցված են համընկնող հասցեներով ու հեռախոսահամարներով, սեփականատերերով, իսկ առաջին երկուսի կայքերում առկա է «Տաշիր»-ի ապրանքանիշը։

2015թ-ին հենց «Կասկադ-էներգո»-ն է շահել մոսկովյան գերատեսչությունների ու կառույցների 60 տենդերներ՝ 2,6 մլրդ ռուբլի (18,2 մլրդ դրամ) արժողությամբ՝ համաձայն СПАРК-ի և պետգնումների հարթակի տվյալների․ ընկերությունը վերակառուցել է մոսկովյան ստորգետնյա անցումներ, տեղադրել ջեռուցման կայաններ, վերանորոգել է «Դրուժբա» այգու լճակները և այլն։

«Տաշիր»-ին փոխկապակցված այլ ընկերություններ շահել են նաև Մոսկվայի լուսավորության՝ 800 մլն ռուբլի (5,6 մլրդ դրամ) արժողության տենդերը և մոսկովյան 7 պոլիկլինիկաների կապիտալ նորոգման՝ ընդամենը 2,5 մլրդ ռուբլի (17,5 մլրդ դր.) արժեքով պայմանագրերը, քաղաքի՝ հիմնականում բարեկարգման ու ճանապարհների նորոգման՝ 4,9 մլրդ ռուբլու (34,3 մլրդ դր.) տենդերը: Վերջին աշխատանքներն իրականացնող ընկերության՝ «Սպեցստրոյմոնտաժ»-ի հետ կապը Կարապետյանը հերքել է՝ միաժամանակ նշելով, որ ստանդարտ պրակտիկա է այն, որ «Տաշիր»-ը այդ ընկերությունով հետաքրքրված է և հնարավոր է՝ շուտով գնի այն:

РБК-ի՝ Կարապետյանին ծանոթ երկու զրուցակիցներ հաստատել են, որ գործարարին աջակցություն է ցուցաբերել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, ով մեղվանոցներ ունի Կալուգայի մարզում՝ Մալոյարոսլավեց քաղաքից ոչ հեռու: Ինքը Լուժկովը գործակալությանը հայտնել է, որ Կարապետյանի հետ ծանոթ չէ և «Տաշիր»-ի մասին շատ քիչ բան գիտի: Մոսկովյան իշխանությունների նախկին ներկայացուցիչ Վլադիմիր Ռեսինը պատմել է, որ ծանոթացել է Կարապետյանի հետ «Մոսկվա-սիթի» երկնաքերերի շինարարության ժամանակ, երբ ինքը վերահսկում էր աշխատանքը, իսկ Կարապետյանը կառուցում էր շինություններից մեկը: Նրա խոսքով՝ Կարապետյանը մյուսներից տարբերվում էր նրանով, որ ժամանակին էր հանձնում իր օբյեկտներն ու դրա դիմաց «Ստրոյկոմպլեքս»-ից ստանում էր վստահության կրեդիտներ:

Օգտակար կապեր

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդու՝ Արտեմի հետ «Տաշիր»-ը առևտրի կենտրոն է կառուցում Միտիշիում: Չայկային են պատկանում «Գեոռեսուրս» և «Տաշիր Կապտալ» ընկերությունների 25-ական տոկոսները, մնացածը գրանցված է «Տաշիրին» մոտ օֆշորային ընկերություններում: Կարապետյանի խոսքով՝ Չայկան նախագծին մասնակցում է հողատարածքով:

«Արտեմ Չայկային ես հարգանքով եմ վերաբերվում, նրան համարում եմ արժանի գործարար, անձամբ ծանոթացել եմ գործարքի կնքումից հետո»,- РБК-ին ասել է Կարապետյանը:

Ընկերները Հայաստանից

Արա Աբրահամյանն ասում է, որ խորհրդատվություն է տվել Կարապետյանին բիզնեսի վերաբերյալ դեռ 1990-ականներին, երբ վերջինս դեռ նոր էր սկսում աշխատել Ռուսաստանում: Աբրահամյանը ոչ միայն ղեկավարում է հայերի միությունն ու ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի հանձնաժողովներից մեկը, նրան է պատկանում նաև բազմապրոֆիլ «Սոգլասիե» (թարգմանաբար՝ համաձայնություն) ընկերությունը: Համաձայն СПАРК-ի տվյալների՝ վերջինիս 57,6%-ը «Նազարևո» մերձմոսկովյան ագրոբիզնեսի միավորման կազմում է, որը գործում է ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության ներքո: 1998թ-ին «Սոգլասիե»-ն ձեռք է բերել 12 մլրդ դոլարի պաշար ունեցող Լոմոնոսովյան ալմաստի հանքավայրի վերահսկողությունը՝ գնելով «Սեվերալմազ»-ի բաժնետոմսերի 53%-ը՝ հարավամերիկյան De Beers-ի հետ համատեղ: 2002-ին «Սեվերալմազ»-ում «Սոգլասիե»-ի փաթեթը գնեց АЛРОСА ընկերությունը, իսկ Աբրահամյանը ոչ միայն չդադարեց աշխատել նախագահի գործերի կառավարչության հետ, այլև այդ կառույցի հետ համագործակցությանը ներգրավեց նաև Կարապետյանին:

Աբրահամյանի և Կարապետյանի առաջին նախագիծը, որի մասին նրանք հայտարարեցին, «Սոգլասիե»-ի կողմից «Մոսկվա-Սիթի»-ում գրասենյակային և հյուրանոցային համալիրի նախագծի կեսի վաճառքն էր «Տաշիր»-ին 2009թ-ի ճգնաժամի ժամանակ:

2011-ին «Տաշիր»-ին վստահվեց վերակառուցումը մի խումբ շինությունների, որոնք այն ժամանակ զբաղեցնում էր «Իզվեստիա» թերթի խմբագրությունը: «Իզվեստիա հրատարակչություն»-ի 100% բաժնեմասը պատկանում է նախագահի գործերի կառավարչությանը: Կարապետյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսում է 120 հազար քմ տարածքի վերակառուցում, որից 90 հազարը զբաղեցնում են բնակելի տներ, գրասենյակներ, հյուրանոց և առևտրային մաս: Նախագծի ծախսերը կարող են հասնել 500 մլն դոլարի (240 մլրդ դր.): Աբրահամյանը հաստատել է, որ Կարապետյանի գործընկերն է այս նախագծում, բայց մանրասմաներ չի հայտնել: Նախագահի գործերի կառավարչությունից РБК-ի հարցմանը չեն պատասխանել:

«Սամվելը շատ մեծ գործ է իմ վրայից հանում, նրան հատուկ համալիր մոտեցումը թույլ է տալիս խնայել և՛ միջոցներ, և՛ գումար, ինչի շնորհիվ կարող եմ ինձ թույլ տալ զբաղվել ուրիշ նախագծերով»,- ասում է Աբրահամյանը:

Կարապետյանը բիզնես ունի շատ այլ հայրենակիցների հետ նույնպես: Դեվելոփերական «Ստինկոմ գրուպ» ընկերության սեփականատեր Գենադի Ստեփանյանի հետ նա 2000-ականներին Մոսկվայում կառուցել է «Երևան պլազա» առևտրի կենտրոնը: «Վեդոմոստի»-ն գրել է, որ շինարարությանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը. համալիրը պետք է դառնար «հարազատ անկյուն» Մոսկվայում հայ համայնքի համար: Այժմ գործընկերները դեռ «Երևան պլազա»-ի համասեփականատերերն են: Ստեփանյանի որդին՝ «Ստինկոմ գրուպ»-ի նախագահ Դավիթը, մի շարք դեվելոփերային նախագծեր է իրականացնում Ալեքսանդր Կոլոկոլցևի՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարի որդու հետ:

Այս տարի «Սկոլկովո» բիզնես-դպրոցի ղեկավար Գոռ Նահապետյանն ու «Տաշիր» խումբը Մոսկվայում բացել են «Արագվի» ռեստորանը: «Տաշիր»-ի կայքում նշվում է, որ նախագծի ներդրումները կազմել են 260 մլն ռուբլուց ավելի: 

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեքբերումը

2015 սեպտեմբերի 30-ին «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը Հայաստանում առավել հայտնի էր իր բարեգործական ծրագրերով, եւ նա կարծես իր գործունեությամբ բիզնես շահեր չէր հետապնդում Հայաստանում։ Նա ունի դրական իմիջ, Հայաստանում քրեական պատմությունների մեջ ներքաշված չի եղել, ինչպես հայաստանյան շատ օլիգարխներ։ Նրա եղբյարը՝ Ազգային ժողովի պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը եւ նրա մերձավորները ունեն զանազան բիզնեսներ Հայաստանում։

Նշենք, որ գործարքից մեկ շաբաթ առաջ՝ 2015 թ․ սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Սամվել Կարապետյանը պարգեւատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Հայաստանում շրջանառվում են տեսակետներ, որ Ռուսաստանում ապրող հայ գործարարները իրականում Հայաստանում կարող են քաղաքական հացրեր լուծել։ Ամիսներ առաջ Հայաստանում ակտիվացել էր նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, իսկ մինչ այդ՝ Ռուբեն Վարդանյանը։ Սամվել Կարապետյանի դեպքում, խոսվում է, որ նա ուզում է եղբորը՝ Կարեն Կարապետյանին նշանակել Հայաստանի վարչապետ։ Սրանք խոսակցություններ են, որ շրջանառվում են կուլիսներում, երբեմն նաեւ՝ լրատվամիջոցներում։

Ինչպես Սամվել Կարապետյանը հայտնվեց Հայաստանում

2015 թ հունվարին լրագրողների հետ հանդիպմանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հայտարարեց, որ ռուսական ընկերության վատ կառավարման, ինչպես նաև դրամի կտրուկ արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում: Նախարարը ասել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարից ավելի պարտք, ինչը գործող սակագնի պայմաններում չի կարող մարել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագինը վերանայելու հայտ ներկայացրեց 2015թ-ի մայիսի սկզբին: Ընկերությունն առաջարկում էր էլեկտրաէներգիան թանկացնել 17 դրամով, ըստ որի՝ 1կվտ/ժ էներգիայի ցերեկային սակագինը կդառնար 58,93, իսկ գիշերայինը՝ 48,93 դրամ: Թանկացման նպատակը բանկերի նկատմամբ ունեցած ավելի քան 220 մլն ԱՄՆ դոլարի պարտավորությունները բավարարելն էր: Որպես ֆինանսական խնդիրների աղբյուր՝ նշվում էր ատոմակայանի չնախատեսված կանգառը (88 օր), ինչպես նաև ջրի սակավությունը, ինչի պատճառով ՀԷՑ-ը ստիպված էր եղել էլեկտրաէներգիան գնել ոչ թե հէկերից և ատոմակայանից, այլ ավելի թանկ էլեկտրաէներգիա արտադրող ջերմային կայաններից՝ այդպիսով կրելով 27,6 մլրդ դրամի վնաս:

Էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու ՀԷՑ-ի ներկայացրած հայտի դեռ ուսումնասիրության փուլում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, որ ռուսական ընկերության կուտակած 109 միլիարդ դրամի պարտքի մի մասը՝ մոտ 37 մլրդ դրամը, պետք է վճարեն սպառողները, քանի որ այն գոյացել է ատոմակայանի 88-օրյա դադարի ու սակավաջրության հետևանքով․ - «Այդ 37 միլիարդ դրամը այս սակագնի մեջ ներառել և փոխհատուցել մեկ տարվա ընթացքում, որպեսզի նա իր ֆինանսական պարտավորությունները կարողանա ամբողջությամբ կատարել: Ես կարծում եմ՝ վերջին հարցերն էլ որ ավարտենք, մոտավորապես 7 դրամից ցածր կլինի»:

Աստիճանաբար պարզ դարձավ, որ ընկերության պարտքերի պատճառը ոչ միայն վնասն է, այլև սխալ մենեջմենթը: ՀԷՑ-ը բազմաթիվ անհիմն ծախսեր է կատարել, որոնք այնուհետև ներառել է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտում: Ընկերության՝ 2009-2014թթ. պայմանագրերի համաձայն՝ ՀԷՑ-ը Երևանի կենտրոնում ամիսներ շարունակ վարձակալել է բնակարաններ՝ ամսական 1-1,5 մլն դրամ վարձավճարով, ավտոմեքենաներ՝ տարեկան 2,9-3,5 մլն դրամով, մեկ տարում պատվիրակներին նվերներով ապահովելու համար ծախսել է 6 մլն, իսկ հեռախոսակապի ծառայությունների համար՝ 272 մլն դրամ:

ՀԷՑ-ի առաջարկին ի պատասխան՝ սկիզբ առան բողոքի ակցիաներ: «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպվեցին հանրային քննարկումներ, իրազեկման ակցիաներ, առաջարկվեց 2 ժամով անջատել լույսը՝ որպես բողոքի նշան: Մայիսի 27-ին տեղի ունեցան առաջին ցույցը և երթը, որին մասնակցեցին հազարավոր քաղաքացիներ: Բողոքի ակցիաներ եղան Հայաստանի այլ քաղաքներում ևս:

ՀԷՑ-ի հայտն ստանալուց մեկ ամիս անց Ռոբերտ Նազարյանն ասաց, որ ՀԷՑ-ի հայտը չափազանցված է, հետևաբար էլեկտրաէներգիան կթանկանա ոչ թե 17, այլ 7 դրամով:

Հաջորդ մեծ բողոքի ցույցը տեղի ունեցավ հունիսի 19-ին՝ Ազատության հրապարակում: Նույն օրը սկսվեց նստացույց, որը տևեց մինչև հունիսի 22-ը: Երեկոյան ցուցարարները հայտարարեցին, որ շարժվում են դեպի նախագահական նստավայր, բայց Բաղրամյան պողոտայում հանդիպեցին ոստիկանական ուժերի դիմադրությանը, ինչին ի պատասխան՝ ցուցարարները նստեցին ճանապարհին: Ժամեր անց Սերժ Սարգսյանը հայտնեց, որ պատրաստ է ընդունել 3-4 հոգանոց պատվիրակության, սակայն առաջարկը մերժվեց: Լուսադեմին ոստիկանությունը կիրառեց ջրցան մեքենա և բռնի ուժով հեռացրեց հավաքի մասնակիցներին՝ բերման ենթարկելով 237 քաղաքացու:

Հունիսի 23-ի երեկոյան բողոքի ցույցը վերսկսվեց՝ կրկին փակելով Բաղրամյան պողոտան. մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցեց նախորդ օրվա թվին: Հաջորդող օրերին ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ չեղան: Ցուցարարների մի մասը կրկին վերադարձավ Ազատության հրապարակ: Թեև ցուցարարների մեծ մասը մնաց Բաղրամյան պողոտայում, հաջորդող օրերի ընթացքում նրանց թիվը նվազեց, և օրեր անց՝ հուլիսի 6-ին, ոստիկանությունը առանց մեծ դժվարության հեռացրեց պողոտան փակած քաղաքացիներին:

Եւ ահա այս իրադարձությունների ֆոնին լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկություններ, որ ՀԷՑ-ը գնելու մտադրություն ունի Սամվել Կարապետյանը։ Դեռեւս գարնանը «Տաշիր գրուպ»-ի մոսկովյան մի խումբ ֆինանսիստներ, որոնց թվում էին «Տաշիր գրուպ»-ի փոխնախագահ եւ ընկերության ֆինանսական մասի ղեկավար Վարուժան Արթենյանը եւ «Տաշիր գրուպ»-ի մյուս  փոխնախագահ, АКБ «ФОРА-БАНК»-ի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Իգնատյանը (Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինն է) այցելել են Հայաստան եւ ուսումնասիրել ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը: Նրանց զարմացրել է ձեռնարկության ֆինանսական բարդ կացությունը, հսկայական պարտքերը, մասնավորապես՝ ներգրավված մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային միջոցների մարման դժվարությունները եւ, իհարկե, փնթի մենեջմենտը: Այս ամենն իմանալուց հետո Սամվել Կարապետյանը, կարծես թե, հակված չէր իր վրա վերցնելու ՀԷՑ-ի այսչափ մեծ բեռը: Բայց նա, ինչպես պարզվեց, այլընտրանք չուներ: Ըստ երևույթին՝ ռուսական կողմը նաեւ ուզում էր, որ Սամվել Կարապետյանը ձեռք բերի ՀԷՑ-ը: Թե կուլիսային ինչ պայմանավորվածություններ են եղել, առայժմ հայտնի չէ: Սամվել Կարապետյանի շրջապատից ինչ-որ բաներ մեզ հաջողվել է պարզել. այն, որ Ս. Կարապետյանը որոշել է իր վրա վերցնել պարտքերի միայն մի մասը: Խոսքը 30 միլիոն դոլարի մասին է, ինչպես նաեւ սոցիալապես անապահով խավի սուբսիդավորումը: Թե ինչ ճակատագիր է ունենալու հիմնական պարտքը, դժվար է ասել։

Արդեն սեպտեմբերին որոշ հստակություն է մտնում: ՀՀ կառավարությունը որոշում է ընդունում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի օտարման վերաբերյալ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության հայտի մասին:

«Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել էր կառավարությանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության մասին:

Գարնանը  բրիտանական խորհդրատվական մի ընկերություն եվրոպական բանկերից մեկի պատվերով ուսումնասիրում էր Սամվել Կարապետյանի հայաստանյան բիզնես գործունեությունը:

Ընկերության ներկայացուցիչը, ով նաեւ հանդիպել է մեզ հետ հունիսի սկզբին, հետաքրքրված էր «Տաշիր գրուպի» հայաստանյան գործունեությամբ: Այդ հետաքրքրությունը, ինչպես պարզվեց, կապված էր «Տաշիր գրուպի» կողմից այդ բանկի հետ վարկավորման ծրագրի շուրջ սկսած բանակցություններին: Այսինքն՝ ՀԷՑ-ը գնելու բանակցություններին զուգահեռ Սամվել Կարապետյանը վարկավորման աղբյուրներ էր փնտրում ՀԷՑ-ում ներդրումներ կատարելու համար:

Կա մի հանգամանք, որն արժե ընդգծել. երբ սեպտեմբերի 17-ին կառավարությունը հայտնեց “Лиорманд Холдингз Лимитед”-ի մասին, Կիպրոսում գրանված ընկերության սեփականատերերը օֆշորում գրանցված ընկերությունների մի ցանց էր։ Այն այսպիսի տեսք ուներ

1. «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ» (Liormand Holdings Limited)

«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը հիմնադրվել է 2010թ․ նոյեմբերի 30-ին: Ընկերությունը գրանցված է Կիպրոսում: Ընկերությունն ունի 1000 բաժնետոմս, մեկ բաժնետոմսի արժեքը մեկ եվրո է:  Ընկերության բաժնետոմսերի 100%-ը 2014 թ. դեկտեմբերի 1-ից պատկանում է «Տուրվա մենեջմենտ լիմիթեդ» ընկերությանը: Մինչեւ 2014 թ.-ը ընկերության բաժնետոմսերի 50%-ը պատկանում էր բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Գիորգիո ԼԹԴ»-ին (Giorgio LTD), մյուս 50%-ը՝ «Տուրվա Մենեջմենտ Լիմիթեդ» -ինն էր:

2. «Տուրվա Մենեջմենտ Լիմիթեդ» (Turva Managment Limited)

«Տուրվա Մենեջմենտ Լիմիթեդը» ստեղծվել է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին: Գրանցված է Կիպրոսում:  2015-ի հուլիսի 7-ին ընկերության տնօրեն է դարձել Անաստասիոս Նիչոլասը (Anastasios Nicholas)։

«Տուրվա Մենեջմենտ Լիմիթեդի» -ի 100% բաժնետերն է «Մարքուարդ թրաստ (Կիպրոս) լիմիթեդ» ընկերությունը:

3. «Մարքուարդ թրաստ (Կիպրոս) լիմիթեդ» (Marcuard  Trust (Cyprus) Limited)

Ընկերությունը հիմնադրվել է 2010 թ ապրիլի 22-ին: Գրանցված է Կիպրոսում: Տնօրենն է Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ալեքսիս Քսենոֆոնտոսը (Alexis Xenofontos):  Բաժնետոմսերը կազմում են 1100 հատ:

«Մարքուարդ թրաստ (Կիպրոս) լիմիթեդի» 1000 բաժնետոմսը պատկանում է «Մարքուարդ (Կիպրոս) լիմիթեդ» ընկերությանը: 100 բաժնետոմսը պատկանում է Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Չաթզիմիչայլին (Andreas Chatzimichail):

4. «Մարքուարդ Կիպրոս Լիմիթեդ» (Marcuard  Cyprus Limited)

Հիմնադրվել է 2010թ․ հուլիսի 8-ին, գրանցված է Կիպրոսում:  Տնօրենը Կիպրոսի քաղաքացի Գաբրիել Պիտերն է (Gabriel Peter)։ Դրանից առաջ եղել է Սինան Ռոբերտ Բոդմերը (Sinan Robert Bodmer):

Ընկերությունն ունի 611,111 բաժնետոմս (մեկ բաժնետոմսը մեկ եվրո է):

«Մարքուարդ Կիպրոս Լիմիթեդ»-ի բաժնետերերն են.

  1. «Մարքուարդ հերիթիջ հոլդինգ ԼԹԴ» (Marcuard Heritage Holdinge LTD)՝ 550,000 բաժնետոմս:
  2. Ալեքսիս Քսենոֆոնտոս՝ 61,111 բաժնետոմս։ Նա «Մարքուարդ Տրաստ (Կիպրոս) Լիմիթեդի» տնօրենն է։

Հիմնադրման ժամանակ ընկերության միակ բաժնետերը եղել է Marcuard Heritage Participations LTD-ն, որը գրանված էր Վիրջինյան կղզիներում:

Այնուհետեւ խոշոր բաժնետերերից մեկը դարձել է Սինան Ռոբերտ Բոդմերը, նա ունեցել է 154,000 բաժնետոմս:

5. «Մարքուարդ Հերիթաջ Հոլդինգ ԼԹԴ» (Marcuard Heritage Holdinge LTD)

Ընկերությունը հիմնադրվել է 2011թ. դեկտեմբերի 30-ին-ին: Գրանցված է Կիպրոսում: 2013-ի սեպտեմբերի 11-ից ընկերության տնօրեններն են Շվեյցարիայի քաղաքացիներ Կայ Փիթեր Հոֆմանը (Kay Peter Hofmann) եւ Հանս-Ջորջ Թիլլ Ռուդլոֆը (Hans-Georg Till L Rudloff): Իսկ մինչ այդ եղել է Սինան Ռոբերտ Բոդմերը (Sinan Robert Bodmer): Սինան Ռոբերտ Բոդմերը շվեյցարացի է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։

Ընկերության բաժնետոմսերի թիվը 27 հազար է (մեկ բաժնետոմսը՝ մեկ եվրո):   

«Մարքուարդ Հերիթաջ Հոլդինգ ԼԹԴ»-ի բաժնետերերն են.

  1. Սինան Ռոբերտ Բոդմեր - 15,554 բաժնետոմս։
  2. «Սայրոն ֆայնընս քորփորեյշն» (Cyron Finance Corp.) - 1,805 բաժնետոմս: Ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում:
  3. «Հայնեսվորթ հոլդինգս լիմիթեդ» (Haynesworth Holding Limited) - 3,975 բաժնետոմս: Գրանցված է Կիպրոսում: 
  4. «Մարքուարդ հոլդինգ լիմիթեդ» (Marcuard Holdinng Limited), 5,666 բաժնետոմս: Գրանցված է Բերմուդայում:

6. «Հայնեսվորթ հոլդինգս լիմիթեդ» (Haynesworth Holding Limited) 

Հիմնադրվել է2010-ի սեպտեմբերի 14-ին: Գրանցված է Կիպրոսում:

Տնօրենը Կիպրոսի քաղաքացի Անդրեաս Չատցիմիչալն է (Andreas Chatzimichail)։  Ընկերությունը ունի 2 000 բաժնետոմս: Միակ բաժնետերը Կայ Փիթեր Հոֆմանն է (Kay Peter Hofmann):

Այս օֆշորային ընկերություններից գրեթե բոլորի հետ առնչություն է ունեցել Սինան Ռոբերտ Բոդմերը։ Նա կա՛մ հիմնադրել է, կա՛մ եղել տնօրեն, կա՛մ` բաժնետեր։ Հենց Սինան Ռոբերտ Բոդմերն է Սամվել Կարապետյանին հետ առնչվող անձը։ Նա աշխատում է Սամվել Կարապետյանին պատկանող բանկում՝ АКБ «ФОРА-БАНК»-ի տնօրենների խորհրդի անդամ է։ Եւ հաստատապես կարելի է ասել, որ Սինան Ռոբերտ Բոդմերն է հանդես գալիս Սամվել Կարապետյանի անունից։

Իսկ երբ սեպտեմբերի 30-ին արդեն հայտնի դարձավ, որ գործարքը իրականացվել է, պարզվեց, որ «Լիորմանդ հոլդինգզ լիմիթեդ»-ի (Liormand Holdings Limited) սեփականատերը եւ տնօրենը փոխվել են։ Սեփականատերը փոխվել է սեպտեմբերի 24-ին՝ գործարքից 6 օր առաջ։ Ընկերության սեփականատերն է դարձել Վիրջինյան կղզիներում գրանցված ROOT HOLDINGS & INVESTMENTS LTD-ն (հասցեն՝ , Road Town, Tortola, TRIDENT CHAMBERS, P.O.Box146, British Virgin Islands): Նույն օրը փոխվել է նաեւ ընկերության տնօրենը, այն դարձել է նորից Վիրջինյան կղզիներում գրանցված մի ընկերություն՝ STABLO ADVISORS LTD-ն(հասցեն՝ Road Town, Tortola,  Waterfront Drive, P.O. Box 3469 Geneva Place, British Virgin Islands)։

Այս երկու ընկերությունները անհայտ են, նրանց մասին որեւէ տեղ հիշատակում չկա։ Նրանց գործունեությունները անհայտ են։ Պատմություն չունեցող ընկերություններ են երկուսն էլ, անհայտն են նաեւ նրանց սեփականատերերը։ Թե ինչու է հայտնի գործարարը իր բիզնեսը իրականացնում օֆշորայաին ընկերությունների միջոցով, միայն կարելի ենթադրել. թաքցնելու բաներ կան։ Ինչ է թաքցնում Սամվել Կարապետյանը օֆշորներում, դեռեւս հայտնի չէ։

Հոկտեմբերի 7-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ անձամբ ինքն է խնդրել Սամվել Կարապետյանին ռուսներից գնել ՀԷՑ-ը։ «ՀԷՑ-ի գործարքը ես ինքս, իշխանություններով հանդերձ, խնդրել ենք մեր հայրենակից Սամվել Կարապետյանին, և ես վստահ եմ՝ այդ ընկերությունը շատ կարճ ժամկետում լինելու է առողջ և լավ ընկերություն, համոզված եմ, որ կորուստները կհասցվեն նվազագույնի, վերանայվելու են բոլոր ոչ ճիշտ, ինչպես դուք ասում եք, թալան և այլն, եթե եղել են այդպիսիք․․․ Եվ դա աջակցություն է մեր հասարակությանը, ես կարծում եմ՝ ինչ-որ տեղ սոցիալական որոշ խնդիրներ կմեղմենք, համարում եմ գործարքը շատ ճիշտ ժամանակին և համոզված եմ, որ ինքը որպես սեփականատեր՝ ունի այդ ոլորտում նման փորձ, ամեն ինչ կանի, որ դառնա թափանցիկ, մեր հանրության համար հասանելի ընկերություն և աշխատի արդյունավետ ու շահավետ»:

Հոկտեմբերի 10-ին ՀԷՑ-ը տարածեց Սամվել Կարապետյանի հայատարարությունը։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ասել է, որ ՀԷՑ-ում ներդնելու է հակաճգնաժամային ծրագիր, կրճատելու է ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:

Հոկտեմբերի 16-ին նշանակվեց ՀԷՑ-ի նոր տնօրենը։ Նա 2012 թ-ին համակարգից հեռացված Կարեն Հարությունյանն է։ Վերջինս 2002-2012 թթ․ զբաղեցրել է ՀԷՑ-ի ֆինանսների գծով փոխտնօրենի եւ գլխավոր հաշվապահի պաշտոնը։

ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Եվգենի Բիբինը: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2011 թվականին։ Նրան նշանակելով՝ «РАО ЕЭС»-ն այդ ժամանակ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր իրականացարեց, որի շրջանակում հեռացվել էր նաեւ այն ժամանակվա գլխավոր հաշվապահ Կարեն Հարությունյանը՝ այսօրվա տնօրենը։ Այդ ժամանակ հեռացվեց նաեւ ՀԷՑ-ի տեխնիկական տնօրենը՝ Կարեն Դարբինյանը։ Նրան նույնպես Սամվել Կարապետյանը հետ բերեց համակարգ, նա Տաշիր գրուպի ակտիվների կառավարիչն է։ Մեր աղբյուրների փոխանցամամբ՝ ՀԷՑ-ի նոր տնօրենի համար Սամվել Կարապետյանին միջնորդել է նրա ընկերը՝ Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Այս մարդկանց նշանակումը արդեն իսկ թույլ է տալիս եզարակացնել, որ համակարգում կոռուպցիան ավելի է խորանալու։ Հոկտեմբերի 30-ին ՀԷՑ-ը հայտարարել է, որ կորուստները նվազել է 2 տոկոսով։ Իսկ մինչ այդ կորուստները եղել են 14 տոկոս։ Ընդհանրապես, կորուստների համար կա ընդունված թույլատրելի նորմ, որը կազում է 11,2%: Ոչ ոք չի բացատրում, թե ինչպես է հնարավոր 15 օրվա ընթացքում այդչափ կրճատել կորուստները, ինչպես հնարավոր եղավ հասնել դրան։ 

Ընկերությունները Հայաստանում

Տաշիրում ծնված Սամվել Կարապետյանը 1986թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության ֆակուլտետը: Նույն թվականից կառավարել է Տաշիրի (այն ժամանակ՝ Կալինինո) արծնապատ ամանեղենի գործարանը: Սկզբում եղել է ավագ տեխնոլոգ, այնուհետև՝ տնօրեն: 1989 թվականին գնել է գործարանը, որի հիմքի վրա ստեղծել է «Զենիթ» ավտոպահեստամասերի արտադրության կոոպերատիվը: 1992թ-ին տեղափոխվել է Ռուսաստան:

Նրա եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, 2008-2011թթ. զբաղեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: 1999-2007թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր: Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է: Հենց Կարեն Կարապետյանն է կառավարում Կարապետյանների բիզնեսն ու բարեգործական ծրագրերը Հայաստանում:

Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինը ԱԺ պատգամավոր Սուրիկ Պողոսյանն է, ով նույնպես ծնունդով Տաշիրից է եւ պատգամավոր է ընտրվել այդ ընտրատարածքից: Կարեն Կարապետյանը եւ Սուրիկ Պողոսյանը նախկինում տնօրինել են «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ի համապատասխանաբար 14,85 եւ 9,9 տոկոս բաժնեմասերը: Ընկերության ներկայիս բաժնետերերը իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրում գրանցված չեն, սակայն տնօրենը Սուրիկ Պողոսյանն է: Նրանք նաեւ եղել են Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն եւ նույնանուն ԲԲԸ-ի նախագահ: Սուրիկ Պողոսյանը ղեկավարել է նաեւ Կարեն Կարապետյանին առնչվող մեկ այլ ընկերություն` Տաշիրի կարի ֆաբրիկան:

Հայաստանի էլեկտրոնային ռեգիստրում Սամվել Կարապետյանի անունով գրանցված ընկերություններ չկան: Կարեն Կարապետյանին են առնչվում շուրջ 2 տասնյակ ընկերություններ, և միայն երկուսի դեպքում է հանդիպում Սամվել Կարապետյանի անունը: Դրանցից մեկը «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ն է, որին պատկանում է Երևանում ամենամեծ առևտրի կենտրոնը՝ «Դալմա գարդեն մոլ»-ը: Այստեղ տեղակայված են 116 բրենդային խանութներ, 1 հիպերմարկետ, 18 ռեստորաններ ու սրճարաններ, 6 կինոթատրոններ: Վերջիններս պատկանում են Սամվել Կարապետյանի դստեր «Սինեմա Սթար» ռուսական կինոթատրոնների ցանցին, որը եւս «Տաշիր» ընկերությունների խմբին է պատկանում (Տաթեւիկ Կարապետյանը խմբի փոխնախագահ է):

2006թ-ին հիմնված «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետերերը սկզբում եղել են Ալեքսանդր Հարությունյանը (1%) և «Գրովեր Հոլդինգ & Ինվեստ» ընկերությունը (99%), որը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիներում, իսկ տնօրենը եղել է Սամվել Կարապետյանը: 2007թ-ին այս ընկերության փոխարեն բաժնետեր է դարձել մեկ այլ ընկերություն՝ «Հոլթ Հոլդինգ ընդ. Ֆայնենս» անունով, որը գրանցվել է նախորդից մեկ տարի անց՝ Վիրջինյան կղզիների միևնույն հասցեում: Այս ընկերության տնօրենը Հայկ Իգնատյանն է: 

Իսկ Ալեքսանդր Հարությունյանի 1% բաժնեմասը 2011թ-ին անցավ Տիգրան Կարապետյանին՝ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդուն: Նմանատիպ պատմություն ունի նաեւ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ն, որի կառուցած համանուն բիզնես կենտրոնը գտնվում է մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում՝ կառավարական շենքերի հարեւանությամբ: 500,050,000 դր. կանոնադրական կապիտալով այս ընկերության 0,0001 տոկոս բաժնետոմսերը պատկանել են Ալեքսանդր Հարությունյանին, ով 2011թ-ին դուրս է եկել այս ընկերությունից եւս՝ բաժնետոմսերը փոխանցելով Տիգրան Կարապետյանին: Ընկերության մնացած 99,9999 տոկոսը պատկանում է կրկին նույն հասցեում գտնվող օֆշորային երրորդ՝ «Քլիֆֆ Թրեյդ էնդ Ինվեսթմենտ Ինկ. ընկերությանը»:

Մյուս խոշոր ընկերությունը «Պիցցա Տաշիր»-ն է՝ պիցցերիաների ցանցը շահագործող ընկերությունը, որի 100% բաժնետերը Կարեն Կարապետյանի ավագ որդին է՝ Վահե Կարապետյանը, որը նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահն է:

«Տաշիր Պիցցա» ցանցի առաջին պիցցերիան բացվել է 1999 թ-ին՝ ՌԴ Կալուգա քաղաքում: Այժմ Ռուսաստանում և ԱՊՀ մի շարք այլ երկրներում գործում են 220-ից ավելի պիցցերիաներ: Հայաստանում ցանցի առաջին պիցցերիան բացվել է 2004թ-ին. այժմ դրանց թիվը հասնում է 23-ի:

Կարեն Կարապետյանի ավագ որդու՝ Վահե Կարապետյանի անունով են գրանցված նաեւ «Տաշիր Գոլդ», «Տաշիր Ֆուդ», «Տաշիր Ինթերտեյմենթ Հոլդինգ», «Աութլեթ», «Ֆրանկներ Դաբլյու Սի», «Տաշիր Ֆարմ» ընկերությունները, որոնցում, բացառությամբ վերջինի, նա տնօրինում է 100% բաժնեմասերը: Մեկ այլ ընկերություն՝ «Տաշիր կաթ»-ը, գրանցված է պատգամավորի մյուս որդու՝ Նարեկ Կարապետյանի անունով: Տարբեր տարիների այս ընկերության, ինչպես նաեւ «Պիցցա Տաշիր»-ի 100 տոկոս բաժնետերը եղել է Աշոտ Վարոսյանը, ով այժմ տնօրինում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնող «Տաշիր մեդիա» ընկերությունը, որը Ռուսաստանում գովազդային եւ մարքեթինգային ծառայություններ է մատուցում առեւտրի կենտրոններին: Նշված գրեթե բոլոր ընկերությունները գրանցված են Տաշիր քաղաքի մեկ հասցեում՝ Ջահուկյան 10:

Գծերը, որոնց վրա բաժնեմասի տոկոսը գրված չէ, ցույց են տալիս նշված մարդկանց և ընկերությունների միջև նախկին կապը / vis.occrp.org
 
 

Սամվել Կարապետյանն այժմ մի քանի շինարարական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: Երեւանի բանուկ թաղամասերից մեկում` Արաբկիրում, կառուցվում է «Ռիո» առեւտրի եւ զվարճանքի կենտրոն: Ռուսաստանի 17 քաղաքներում այժմ գործում են ցանցի 21 կենտրոններ: Երեւանյան մոլի տարածքը կզբաղեցնի ավելի քան 22 քառակուսի կմ տարածք: Տաղավարներ կհատկացվեն 100-ից ավելի վարձակալների, կգործեն «Տաշիր Պիցցա» եւ «Սինեմա Սթար» ցանցերի հերթական կենտրոնները, սուպերմարկետ, բանկ եւ այլ ծառայություններ: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Ռիո» կենտրոնի կառուցումը կարժենա 40 մլն դոլար:

«Ռիո»-ի կառուցման պատվիրատուն նույնանուն ՓԲԸ-ն է, նախկինում` Արաբկիրի կահույքի ֆաբրիկան, որի 36,9 տոկոս բաժնեմասը պատկանել է Տրանսպորտի եւ կապի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Նույնչափ բաժնեմասեր պատկանել են Գոռ Բարոյանին, ով Սամվել Կարապետյանին առնչվող մի շարք ընկերությունների սեփականատեր կամ տնօրեն է:

Հայաստանի կառավարությունը 2015թ-ի հուլիսի 2-ին հավանություն է տվել «Արմհոլդինգ» ՓԲԸ-ի արտահանման 2015-2017թթ. ծրագրին՝ «հնարավորություն տալով օգտվել «Շահութահարկի մասին» եւ «Եկամտային հարկի մասին» բարեփոխված օրենքներով սահմանված արտոնություններից»: Այս խմբի մեջ մտնող մեկ տասնյակից ավելի շինարարական, վարկային եւ խորհրդատվական ընկերությունները ստեղծվել են 2015թ-ին` նշված օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելուց ամիսներ անց: Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով արտահանողներին հարկային արտոնություններ են տրամադրվում` շահութահարկի գումարը հաշվարկելով 5 տոկոս (առնվազն 40 մլրդ դրամ արտահանման ծավալի դեպքում) եւ 2 տոկոս (50 մլրդ-ից ավելի ծավալի դեպքում) դրույքաչափերով: «Արմհոլդինգ»-ը կառավարությանը ներկայացրած ծրագրով նախատեսում է 2015թ-ին ապահովել 51, 2016-ին` 56, իսկ 2017-ին` 66 մլրդ դրամ արտահանման ծավալներ:

«Արմհոլդինգ» ՓԲԸ-ի տնօրենը Գոռ Բարոյանն է: Խմբի ընկերությունների մեծ մասը գրանցված է «Տաշիր գրուպ»-ի երեւանյան գրասենյակի շենքում` Տերյան 69 հասցեում: Այստեղ է գտնվում նաեւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, որի նախագահը Սամվել Կարապետյանն է: 

Երևանում Սամվել Կարապետյանի կառուցած մեկ այլ մոլ բացվեց մեկ ամիս առաջ: «Տաշիր սթրիթ» անունով առեւտրահասարակական գոտին, ըստ Երևանի քաղաքապետարանի, զբաղեցնում է 12 հազար քմ ընդհանուր մակերես, որից 5 հազարը վարձակալության ենթակա տարածքն է: Այն գտնվում է Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում: Նախագծային փաստաթղթերը մշակվել են Աշոտ Ալեքսանյանի եւ Նարեկ Սարգսյանի ճարտարապետական արվեստանոցների կողմից, որոնք նաեւ Հյուսիսային պողոտայի հեղինակներից են: Կառուցապատողը «Հանքաշար» ՍՊԸ-ն է, որը մինչեւ առեւտրի կենտրոնի կառուցումը՝ 2014թ-ին, հիմնանորոգեց պողոտան: Ընդհանուր ներդրումային ծրագիրը կազմել է 14 մլն դոլար:

«Հանքաշար» ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում է Գոռ Բարոյանին: Մյուս 50 տոկոսի սեփականատերը Գագիկ Բեգլարյանի թիկնապահ Համիկ Մկոյանն է, ում Տրանսպորտի եւ կապի նախարարը ներկայացնում է որպես իր օգնական: Նշենք, որ ինչպես «Տաշիր սթրիթ»-ի, այնպես էլ «Ռիո»-ի շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2015թ-ի տարեվերջին:

Գագիկ Բեգլարյանի եւ Սամվել Կարապետյանի միջնորդավորված համագործակցությամբ իրագործվում է եւս մեկ նախագիծ՝ Մաշտոցի պողոտայի եւ Սարյան փողոցի միջեւ ընկած այգու վերանորոգումը: Աշխատանքներն իրականացնող «Նոր Երեւան» ՍՊԸ-ի 30 տոկոսը պատկանում է Համիկ Մկոյանին, Գոռ Բարոյանը տնօրենն է, բաժնեմասերի 51 տոկոսը պատկանում է օֆշորային նույն «Գրովեր Հոլդինգ & Ինվեստ» ընկերությանը:

1«Տաշիր»-ի պետական պայմանագրերի ընդհանուր գումարն ստանալու համար РБК-ն հաշվել է բոլոր այն մրցույթների արդյունքները, որոնցում այս ընկերությունների դիմաց նշվել է «Հաղթող» և «Կնքվել է պայմանագիր»: Իրական գումարը կարող է փոքր-ինչ տարբերվել, քանի որ պետգնումների պորտալում «Հաղթող» կարգավիճակի համար նշված է պայմանագրի միայն նախնական գինը՝ չհաշվարկելով զեղչը, որն ընկերությունը կարող էր առաջարկել: 

Մեկնաբանություններ (3)

Աննա
Գաղութատիրության տիպիկ, դասագրքային օրինակ, եթե գաղուտատերը ցանկանում է տիրանալ գաղութին, ապա պետք է նախ տիրանա գաղութը վերահսկողներին, եթե միջին դարերում դա առաքելական եկեղեցին էր, ապա հիմա՝ կապիտալիստները։ Սամվելն իրոք քաղաքական հարցեր է լուծում հայաստանում, քանի որ ատկատների արատավոր շղթայում որևէ այլ իմաստալից ծառայություն չի կարող մատուցել իր ՏԵՐԵՐԻՆ կամ հենց իրեն՝ ՑԱՐ ՊՈՒՏԻՆԻՆ․․․
Լյովա
Հալալ է մարդուն, օրինակ պետք է վերցնել
մաղաք
Ըստ բոլոր նշանների, Սամվել Տաշիրեցին գրագետ աշխատել գիտե, որով էլ դրականորեն տարբերվում է զանազան պոմիդոր արտադրողներից ու առնող-ծախողներից: Կառաջարկեի լինել ՀՀ վարչապետ (նույնիսկ նախագահ) .... եթե մեղքս չգար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter