
Ամրամ Մակինյան. «ՀՔԾ-ն չի տրամադրում Հրայր Թովմասյանի բնակարանը խուզարկելու վերաբերյալ դատարանի որոշումը»
Այսօր՝ վաղ առավոտից, ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում են՝ այն խուզարկելու նպատակով, սակայն մինչև այս պահը խուզարկությունը չի սկսվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը: Վերջինս հայտնեց, որ Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու միջնորդությունը բավարարելու մասին որոշման պատճենն իրենց չի տրամադրվում, քննիչը միայն ընթերցել է այն, մինչդեռ իրենք ունեն դատարանի որոշումը բողոքարկելու իրավունք:
Մակինյանը նշեց նաև, որ խուզարկությունն իրականացվում է այն գործի շրջանակներում, որով Հրայր Թովմասյանը մեղադրյալ է, իրավապահները ՍԴ նախագահի բնակարանում փաստաթղթեր են փնտրում:
Նշենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու միջնորդությամբ դիմել էր դատարան, սակայն միջնորդությունը մերժվել էր: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, արդյունքում առաջին ատյանի դատական ակտը բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության: Այս անգամ միջնորդությունը քննել է դատավոր Արտուշ Գաբրիելյանն ու բավարարել այն, ինչի հիման վրա էլ, ենթադրվում է, կատարվում է խուզարկությունը:
Մեկնաբանել