HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արտակ Մանուկյանն ու Բաբկեն Թունյանն առաջարկում են բացահայտել էներգետիկայի ոլորտի իրական սեփականատերերին, Կառավարությունը դեմ է

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով վերջիններս առաջարկում են բացահայտել ոլորտի իրական սեփականատերերին:

Նախագծի հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանի խոսքով` փոփոխությունների համար հիմք է դարձել խորհրդարանի կողմից վերջերս ընդունված հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերին բացահայտելու նախագիծը:

«Երբ փորձեցինք հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերին բացահայտել, քննարկեցինք, թե ինչու նույն մոտեցումները չկիրառենք հանրային ռեսուրսներ տնօրինող և այդ առումով սակագնի ձևավորման վրա ազդող օբյեկտների նկատմամբ: Տրամաբանությունն այն է, որ օրինակ՝ ՀԷՑ-ի, ԶԷԿ-երի, հէկերի, որոնց գործունեության արդյունքում ձևավորվում է սակագին, պետք է իրական սեփականատերերը լինեն թափանցիկ: Այդ տրամաբանությամբ, երբ հանքարդյունաբերության ոլորտում օրենքով դրված էր 10 տոկոսանոց շեմ, նույն կարգավորումները առաջարկել ենք Էներգետիկայի մասին օրենքում` առաջարկելով այդ սուբյեկտներին ևս հաշվետու դարձնել»,- ասաց Մանուկյանը:

Պատգամավորն ընդգծեց` դրանք այն բնագավառներն են, որոնց նկատմամբ հանրությունը պարբերաբար անվստահություն է ունեցել:

Տեղեկացնենք, որ այս փոփոխություններով առաջարկվում է էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի արտադրության, էլեկտրական ու ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց տվյալները հանրայնացնել` նպատակ ունենալով էներգետիկայի բնագավառում թափանցիկություն ապահովել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, դիմելով նախագծի հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանին, հետաքրքրվեց, թե ինչու է ընտրվել 10 տոկոսանոց շեմը:

«Ինչն է խնդիրը, որ ամբողջը չենք բացում, պարզ է, որ այս փոխոխություններից հետո ցանկացած 10 տոկոս ունեցող բաժնետեր կարող է կիսել իր բաժնեմասը և ունենալ երկու հինգ տոկոսանոց բաժնեմաս, ինչու ամբողջ տեղեկությունը չենք հրապարակում»,-հետաքրքրվեց Բագրատյանը:

Արտաշես Պետրոսյանն արձագանքեց` նախագիծը հանքարդյունաբերության ոլորտի տրամաբանական շարունակությունն է, այդ պատճառով էլ 10 տոկոսի նշաձողն է դրված: Պետրոսյանի խոսքով` որքան տոկոսները ներքև լինեն, այնքան վարչական ծախսերը շատ կլինեն, այդ  պատճառով նպատակահարմար է եղել տաս տոկոսանոց շեմը:

Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես եկավ նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, ում խոսքով` ոլորտի կարգավորման տեսանկյունից նախաձեռնությունն ընդունելի է, սակայն որոշակի մտահոգություններ ունի Արդարադատության նախարարությունը:

«Քանի որ հանքարդյունաբերության ոլորտում այս ինստիտուտի ներդրումը առաջացրել է որոշակի խնդիրներ հայտարարագրերի ձևավորման և այլ օրենսդրական օրենքների փոփոխության իմաստով: Լավ կլինի հետաձգել այս նախաձեռնության քննարկումը մինչև հանքարդյունաբերության ոլորտում կատարված փոփոխություններն ամբողջովին կներդվեն, օրենքը կաշխատի: Կառավարությունն այս փուլում առաջարկում է ձեռնպահ մնալ նման նախաձեռնությունից, սպասել որոշակի ժամանակ` մեկ-երկու տարի, մինչ Կառավարությունը հանդես կգա նախաձեռնությամբ` համալիր ամբողջական փոխոխություններ իրականացնել բոլոր ոլորտներում: Այս ինստիտուտը ներդնել և բոլոր ոլորտներում հատվածական լուծումներ չունենանք»,- ասաց փոխնախարարը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հակադարձեց` հետաձգման անհրաժեշտություն չկա, օրենքի ընդունումը խիստ անհրաժեշտ է:

«Եթե մի օրենք ենք ընդունում, պետք է արդյունք ունենանք, և արդյունքը գեներացվի: Ինչ վերաբերում է տաս տոկոսին, պետք չի սիմետրիայի օրենք սարքել հանքարդյունաբերության օրենքի վերաբերյալ: Մենք հետագայում ընդունեցինք օրենք, որ ամբողջական բացենք հանքերի իրական սեփականատետերի ցանկը, պետք է այս տոկոսի շեմն էլ հանել»,- ասաց նա:

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանն իր ելույթում ընդգծեց` էներգետիկ ոլորտի իրական սեփականատերերը պետք է հայտնի լինեն հանրությանը:

Թունյանի խոսքով` հանձնաժողովում քննարկմանը որոշել են նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում ընդունել, եթե երկրորդ ընթերցմամբ քննարկմանը Կառավարության հակափաստարկները համոզիչ լինեն, նախագիծը կհանեն շրջանառությունից: Այս պահին Կառավարության հակափաստարկները համոզիչ չեն: Թունյանը հիշեցրեց, որ հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման նախագծի գործունեության վերջնաժամկետը հունվարի 30-ն է, ուստի մի քանի օր անց հանրությունը պետք է իմանա այդ ոլորտի իրական սեփականատերերի անունները: Պատգամավորը, դիմելով փոխնախարին, հետաքրքրվեց, թե արդյոք այդ տեղեկությունը հասանելի լինելու է մի քանի օր անց:

Փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ սահմանված ժամկետում արդեն իսկ կլինեն ներդրված մեխանիզմներ, սակայն Կառավարության առաջարկն այն է, որ մեխանիզմն աշխատի, ոլորտի բացերը հայտնաբերվեն և այնուհետև անդրադարձ լինի ոլորտին:

Այսպիսով՝ նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter